HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քաղաքացին ընդդեմ ՀԷՑ-ի․ պետական ծրագրի շահառուի ինտենսիվ այգին մնացել է առանց ոռոգման

Երևանի բնակիչ Արամ Պետրոսյանն Ապարան համայնքի ծայրամասում գտնվող իր 1,4779 հա հողակտորում 2019 թվականին հիմնել է ինտենսիվ այգի, որը 2020-ի մարտին ընդգրկվել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրում: Ըստ ծրագրի՝ այն պետք է ունենա համապատասխանաբար՝ հակակարկտային համակարգ, կաթիլային ոռոգման համակարգ և ցանկապատ, սակայն ՀԷՑ-ը տարածքում էլեկտրաէներգիա չի ապահովում: Համայնքապետարանը թույլտվություն չի տալիս, աշխատանքը ձգձգվել է նաև կորոնավիրուսի և 2020-ի Արցախյան պատերազմի պատճառով։

2019-ի դեկտեմբերին Արամ Պետրոսյանը մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» դասընթացին, ապա գնել հողամասը և սկսել նախապատրաստական աշխատանքները։ Պտղատու այգին պետք է հիմներ «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում, ըստ որի՝ նախատեսվում է աշխատանքների ավարտից հետո կատարված աշխատանքի 40%-ի փոխհատուցում կամ մեկ այլ տարբերակով սուբսիդավորում։

Արամը պատրաստվում էր հողատարածքում 6000 տանձենիներից բաղկացած ինտենսիվ այգի հիմնել։ «Ես ծառերը լրիվ չեմ բերել, 200 հատ Գերմանիայից բերեցի, փորձնական, հասկանալու՝ կլիմային կհամապատասխանի, թե՞ չէ։ Պայմանագիր ունեմ, բայց ջուր չկա։ 200 հատը ձեռով եմ ջրում»,- ասում է Արամ Պետրոսյանը։

Կաթիլային ոռոգման համակարգ անցկացնելու համար հողամասը պետք է ապահովվի էլեկտրաէներգիայով։ Արամ Պետրոսյանը հողատարածքը էլեկտրաէներգիա անցկացնելու համար դիմել է ՀԷՑ, կնքել պայմանագիր, ըստ որի՝ նախահաշիվ և շինարարական աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 01․10․2020թ․-ը, սակայն մինչ օրս որևէ աշխատանք չի կատարվել։ Այս տարի այգին ոռոգել է դույլերով։ 

ՀԷՑ-ից Արամ Պետրոսյանին հայտնել են, որ Ապարանի համայնքապետարանը մերժել է տարածքում շինաշխատանքների կատարումը, ուստի չեն կարող ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգով։ Ապարանի համայնքապետարանից Արամ Պետրոսյանին 2020թ․-ի հուլիսին պատասխան գրություն են ուղարկել, որ Ապարան քաղաքի վարչական տարածքի վերջնամասում, բնակավայրից դուրս գտնվող տարածքում էլեկտրամատակարարման համակարգի ուղեգծի կառուցման համար անհրաժեշտ է ունենալ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը, քանի որ նշված ուղեգիծը հատում է Մ-3 միջպետական ճանապարհը։ 

Արամ Պետրոսյանը գրություն է ուղարկել նաև ՏԿԵ նախարարություն՝ համաձայնեցնելու համար: 2021-ի հունվարի 12-ի գրությամբ նախարարությունը հայտնել է, որ Կառավարության 2008 թ. սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշման համաձայն՝ ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնություն ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ճանապարհը տնօրինողին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու իրավասություն ունեցող մարմինը` համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքում` մարզպետը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը (այսուհետ` դիմող): 

Արամ Պետրոսյանի խոսքով՝ հանդիպել է ծրագրի ղեկավարներին, նրանք էլ ասել են, որ ջրով ու հոսանքով ապահովելու հետ իրենք որեւէ առնչություն չունեն: Արամի խոսքով՝ նախքան ծրագրի իրագործումը չի մտածել, որ էլեկտրամատակարարման հարցը լուծելն այդքան դժվար կլինի։ Նա այցելել է ՀԷՑ, որտեղ ևս մեկ անգամ ասել են, որ թույլտվություն է պետք, սակայն ո՛չ համայանքապետարանը և ո՛չ էլ նախարարությունը չեն պարզաբանում՝ ով պետք է տա այդ թույլտվությունը։ 

Արամի նպատակը մեկն է՝ ստանալ թույլտվություն և կարողանալ էլեկտրաէներգիա հասցնել այգի։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մեկ այլ համաձայն՝ Արամ Պետրոսյանի և ՀԷՑ-ի միջև կնքված պայմանագրով նախագծային և շինմոնտաժման աշխատանքներ են նախատեսված, սակայն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների իրականացման համար նախատեսված շինարարական տեխնիկայի զգալի մասը ՀԷՑ-ը տրամադրել է ՀՀ ԶՈւ-ին, ինչպես նաև` անձնակազմի մեծ մասը գտնվել է ռազմաճակատում։ 2021-ի հունիսին Արամ Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀԷՑ-ի, պահանջելով կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները և որպես տույժ բռնագանձել 261 հազար դրամ։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ, սակայն նիստի օր դեռ չի նշանակվել։ ՀԷՑ-ի` կորոնավիրուսային հիվանդության և պատերազմի վերաբերյալ պատճառաբանությունների առնչությամբ Պետրոսյանի փաստաբան Հայկ Հարությունյանն ասում է, որ այս պահին համեմատաբար խաղաղ է և այլևս որևէ խոչընդոտ չկա աշխատանքներ իրականացնելու համար։ «Պատասխանը եղել է այն ժամանակ, երբ ընթանում էին մարտական գործողություններ, աշխատակիցների մի մասը կամավորագրվել էր, և առկա էր ֆորսմաժորային իրավիճակ, սակայն 4-5 ամիս է անցել։ Մեկը մյուսի վրա գցելով՝ ձգձգում են պրոցեսը»,- նշում է փաստաբանը։  

«Հետքը» կապ հաստատեց նաև Ապարանի փոխքաղաքապետ Արկադի Կարապետյանի հետ, սակայն նա ասաց, որ հարցին կպատասխանի միայն ՏԿԵ նախարարությունից ստացած գրությունը տեսնելուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter