HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվեց

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվեց։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ նշելով որ կալանավորման միջնորդությունը քննած դատավոր Մնացական Մարտիրոսյանից այլ սպասելիք չուներ։ Պաշտպանը նշեց, որ Մենուա Հովսեփյանը 4 անչափահաս երեխա ունի։

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը, Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանը, համայնքապետարանի աշխատակիցներ Սուսաննա Մկրտչյանն ու Արմինե Սարգսյանը ձերբակալվել են համայքապետարանից առանձնապես խոշոր չափի յուրացում և վատնում կատարելու գործի շրջանակներում, ապա նրանց մեղադրանք է առաջադրվել։

Ըստ քրեական գործին՝ փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը և «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի անդամները քաղաքացիների՝ սոցիալական աջակցություն ստանալու վերաբերյալ համայնքապետարան ներկայացված 115 դիմում չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման, այլ առաջնորդվելով Գորիսի համայնքապետի հորդորով՝ սոցիալական աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձանց դիմումներն ամեն կերպ բավարարելու և գումար վճարելու շահադիտական դրդումներով, կամայական ձևով և խմբային շահերից ելնելով՝ 2021թ. հունիսի 9-ին կազմել են սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրություն, որով դիմումներին տրվել է դրական եզրակացություն, մինչդեռ 61 բնակչի կողմից ներկայացված դիմումներն ակնհայտ ենթակա չեն եղել բավարարման:

Բացի դրանից՝ Հովսեփյանն, ըստ մեղադրանքին, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին 2021թ. հունիսի 7-ին հարկադրել է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը՝  2021թ. հունիսի 8-ին, Գորիս համայնքում դաշինքի կողմից հրավիրված հանրահավաքին, ապահովել 80 անձի մասնակցություն:

Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter