Ցուցադրության ժամանակային ահռելի ընդգրկում՝ «Գրի հավերժություն» ցուցահանդեսում
Ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Գրի հավերժություն» խորագրով ցուցահանդեսը: Հայաստանյան 4 խոշոր թանգարան՝ Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանն, առաջին անգամ հանդես են գալիս մեկ միասնական ցուցադրությամբ՝ ներկայացնելով հայ գրավոր մշակույթի հարուստ կենսագրությունը:
Հայատառ տպագրության 500-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը եզակի հնարավորություն է՝ մեկ ցուցադրական տարածքում ներկայացնելու տարբեր թանգարանային կենտրոնների լավագույն ու ամենաարժեքավոր ցուցանմուշները:
Հայերեն առաջին գիրքը լույս է տեսել Գուտենբերգի գյուտից 60 տարի անց: Սակայն Հակոբ Մեղապարտի վենետիկյան տպագիր շարքին ՝ Ուրբաթագրքին, Պատարագատետրին, Աղթարքին, Պարզատումարին ու Տաղարանին նախորդել են հայ ձեռագիր մատյաններն ու նախամաշտոցյան գրերը:
Մատենադարանի և ազգային գրադարանի հավաքածուներից այստեղ տեղ են գտել հազվագյուտ ձեռագրեր ու մատյաններ: Մեծադիր ու փոքրադիր հայերեն ձեռագիր մատյանները տարբեր տվյալներով հաշվվում են մինչև 30.000 միավոր ամբողջ աշխարհում, իսկ հնատիպ գրքերն աշխարհում հաշվվում են 1000-ից ավելի: Հայաստանի ազգային գրադարանում կա 500-ից ավելի անուն հնատիպ գիրք, որոնք պահվում են գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության բաժնում:
Մեկտեղելով թանգարանային հարուստ ցուցանմուշները՝ 17 արժեքավոր նմուշ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարաններից, 15-ը՝ Հայաստանի պատմության թանգարանից, 37 ձեռագրեր՝ Մատենադարանից և 34 հնատիպ գիրք՝ Ազգային գրադարանից, ցուցահանդեսի կազմակերպիչները եզակի ցուցադրական նյութի հիման վրա համակողմանիորեն ներկայացնում են ազգային գրավոր մշակույթի բազմաթիվ շերտերն ու դրանց առանձնահատկությունները:
«Գրի հավերժություն» ցուցահանդեսը ներկայացնում է հայկական գրավոր ժառանգության համապատկերը՝ սկսած ժայռապատկերներից մինչև վիրտուալ գրադարան. սա ցուցադրության ժամանակային ահռելի ընդգրկումն է: Ցուցահանդեսում հնագիտական, մատենագրական, վիմագրական և վավերագրական նմուշներով կներկայացվի հայ գրքի պատմությունը.
1. Հայաստանում հայերեն գրին նախորդած ուրարտերեն, արամեերեն, հունարեն և լատիներեն գրի՝ բացառապես Հայաստանի տարածքից գտնված նմուշներ (Քա. IX դարից մինչև Քհ. 405թ.) - արձանագիր սալիկներ, վիմագիր արձանագրություններ,
2. Մեսրոպ Մաշտոցի՝ 405թ. հայ գրերի գյուտից ի վեր ստեղծված վիմագիր և ձեռագրական արվեստի նմուշներ, վաղագույն վիմագիր և ձեռագիր նմուշներ (V- VIIդդ.), խաչքարեր (X –XIIIդդ.),
3. Հայկական տպագրության սկիզբը՝ 1512-1850 թթ. - հայերեն 1-ին տպագիր գրքերը՝ Ուրբաթագիրք, Պարզատումար, Տաղարան, տպագիր Աստվածաշունչը - առաջին հարյուրամյակներում հայկական տպագրության արտասահմանում գործած կենտրոններում (Իտալիա, Հոլանդիա, Նոր Ջուղա, Կ.Պոլիս, Զմյուռնիա XVIII դար, Հնդկաստան, Ֆրանսիա, Ռուսաստան) տպագրված գրքերի նմուշներ՝ կրոնական, գիտական, գրական, փիլիսոփայական, և տպագիր պարբերականների նմուշներ,
4. Հայկական տպագրությունը հենց Հայաստանի տարածքում սկզբից առ այսօր, երբ 1771 թ. Սիմոն Երևանցի կաթողիկոսը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հիմնեց տպարան, և հայկական տպագրությունը իր սկզբնավորումից 260 տարի անց հաստատվեց բուն հայրենիքում:
Ցուցադրության 103 նմուշները ներկայացնում են գրի ակունքները (նախագրային շրջան - Ք.ա. 3-րդ հազարամյակից 9-րդ դար), ուրարտական գիրը (ուրարտական շրջան - Ք.ա. 9-րդ դարից 6-րդ դար), նախամաշտոցյան գիրը՝ շրջանառված գրատեսակներ - Ք.ա. 6-րդ դար - 301 թիվ՝ քրիստոնեության ընդունումը, գրերի գյուտը՝ 405 թ. - 8-րդ դար՝ վաղ հայերեն գրի նմուշներ, գրչության տեսակները՝ վաղագույն գրի նմուշներ, ձեռագիր մատյաններ և մանրանկարչություն՝ ձեռագիր մատյաններ 9-15-րդ դդ, գրատպության սկիզբը՝ հայ տպագրության սկիզբ, առաջին տպագիր գրքեր, համաժամանակյա ձեռագրեր և գրքերի մետաղական կրկնակազմեր 1512-1699-ական թթ., հայերեն հնատիպ գրքեր՝ գրքերի մետաղական կրկնակազմեր, 1700- 1799 թթ. և 1800-1899 թթ., ձեռագրից մինչ վիրտուալ գրադարան՝ Հեթումի ճաշոցի ձեռագիր ու դրա թվայնացրած տարբերակի ցուցադրում:
Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսում ներկայացված քաղաքակրթության զարգացման պատմությունը կամբողջանա Հայ տպագրության վիրտուալ թանգարանի շնորհանդեսով։ Թանգարանի այցելուն հպումով աշխատող (touch screen) համակարգի միջոցով ինտերակտիվ քարտեզի օգնությամբ կայցելի հայկական գրատպության կենտրոնները, կծանոթանա այնտեղ տպագրված գրքերին, տեղեկություններ կստանա հայ տպագրիչների մասին, ինչպես նաև ժամանակագրական սանդղակով կկարողանա դիտել հայ տպագրավայրերի պատմությունը՝ սկսած 1512 թվականից մինչ մեր օրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել