Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ և սառը զենքեր
Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Անձնակազմին հրահանգավորել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց։
Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշեր։ Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է ապօրինի ինքնաձիգի և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։
Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։ Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել