HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը չի վերականգնել Տեսչական մարմնի բաժնի նախկին պետին իր պաշտոնում

Վարչական դատարանը մերժել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի նախկին պետ Արթուր Բեգլարյանի հայցը: Արթուր Բեգլարյանը, հիշեցնենք, Վարչական դատարանում վիճարկում էր Տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանի 2020թ. փետրվարի 28-ի հրամանը, որով վերջինս Արթուր Բեգլարյանի նկատմամբ կարգապահական տույժ էր կիրառել, և որպես հետևանք՝ Արթուր Բեգլարյանի լիազորությունները դադարեցվել էին:

Արթուր Բեգլարյանն էլ ուզում էր դատարանի միջոցով պարտավորեցնել վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնում և հատուցել աշխատավարձի չափով ողջ պարապուրդի ժամանակահատվածի համար` այն է` հեռացման օրվանից մինչև վերականգնման օրը:

Դատավոր Արծրուն Միրզոյանը, սակայն, չի բավարարել Կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի նախկին պետի հայցապահանջները: Իսկ Արթուր Բեգլարյանը բողոքարկել է դատավոր Միրզոյանի որոշումը Վարչական վերաքննիչ դատարանում: Բողոքն արդեն վարույթ է ընդունվել, սակայն դատական նիստի օր դեռևս չի նշանակվել:

Այս ազատմանը նախորդել էին մի շարք դրվագներ․ մասնավորապես՝ Վիգեն Ավետիսյանը ծառայողական քննություն էր նշանակել Արթուր Բեգլարյանի նկատմամբ, որպեսզի պարզեն, թե ինչու «Դիլիջան ազգային պարկ»-ում կատարված հողային աշխատանքները չեն արձանագրվել այդ ժամանակ ստուգումներ իրականացնող տեսչական խմբի կողմից, որը ղեկավարել է Արթուր Բեգլարյանը։ Վերջինս էլ պնդել է, որ իրենց ստուգաթերթում այդ փաստն արձանագրող համապատասխան հարցադրում կամ ձևաչափ չկար։ Ավելին, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Աղաջանյանը Տեսչական մարմնին գրությամբ հայտնել էր, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 11 պահաբաժնում, ելնելով հրդեհային անվտանգության ապահովման կարևորությունից և փայտանյութի իրացման անհրաժեշտությունից, իրականացվել են 4 կմ հակահրդեհային նշանակության ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, որի վերաբերյալ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ստացել Է Շրջակա միջավայրի նախարարության համաձայնությունը։

Ստուգող խմբում ընդգրկված տեսուչները, այդ թվում՝ ավագ պետական տեսուչ Արման Թորոսյանը բացատրություններ են տվել։ Թորոսյանը հայտնել է, որ «Հաղարծին» անտառտնտեսության 11-րդ պահաբաժնում նկատել է կատարված ճանապարհների հողային աշխատանքներ, որի մասին բանավոր զեկուցել է Տեսչական մարմնի ղեկավարին և ստուգող խմբի ղեկավարին։ Ստուգող խմբի ղեկավարը պատասխանել է, որ կա համապատասխան թույլտվություն հողային աշխատանքներ կատարելու համար։

Դատարան ներկայացրած պատասխանում Տեսչական մարմինը հիմնավորել է, որ Բեգլարյանը, հանդիսանալով «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում մասնագիտական ստուգում իրականացնող խմբի ղեկավար, ստուգման աշխատանքները կոորդինացնող պաշտոնատար անձ, ստուգող խմբում ընդգրկված աշխատակիցներին մոլորության մեջ է գցել և համոզել, որ տվյալ հողային աշխատանքների վերաբերյալ կան այդ աշխատանքների օրինականությունը հաստատող փաստաթղթեր, և վերը նշված աշխատակիցների բացատրություններից հետևություն անելով պարզ է դառնում, որ այդ փաստաթղթերն, այնուամենայնիվ, չեն տրամադրվել ստուգող խմբի անդամներին։

Ավելին, Արթուր Բեգլարյանը, օգտագործելով իր ծառայողական դիրքը, խոչընդոտել է հողային աշխատանքների արձանագրմանը և հետագայում համապատասխան ընթացք տալուն։ Ընդ որում, Արթուր Բեգլարյանը չի եղել խնդրահարույց տարածքում, ինչի մասին հայտնել է իր կողմից ներկայացված բացատրությամբ։

«Նման պայմաններում անհասկանալի է նաև այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից խնդիրը բազմաթիվ անգամ բարձրաձայնելուց հետո Բեգլարյանը չի գնացել անձամբ տեսնելու, թե ինչ ծավալի և ինչ տեսակի հողային աշխատանքներ են իրականացվել, ընդ որում՝ Բեգլարյանը հեռակա կարգով, առանց աշխատանքներին ծանոթանալու և տեղում խնդիրը հասկանալու հայտարարել է, որ տվյալ հողային աշխատանքները օրինական են, ավելին՝ հողային աշխատանքներին չանդրադառնալու և ընթացք չտալու հանգամանքը արտացոլվում է նաև ստուգման նյութերում ընդգրկված նշագրումներով ստուգաթերթերում, որոնց միջոցով իրականացվել ստուգումը, որտեղ հողերի հետ կապված հարցադրումների վերաբերյալ նշում է կատարվել «այո» «չի պահանջվում» մասում»,- հակադարձել է Տեսչական մարմնի ներկայացուցիչը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչը նաև նշել է, որ անտառում ճանապարհի կառուցման աշխատանքների համար պարտադիր պայման է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննությունը, որը չի եղել։ Իսկ Հաղարծինի 11-րդ պահաբաժնում փայտանյութի իրացման, դուրս բերման նպատակով տարածքների օգտագործումն իրականացվել է մի շարք բնապահպանական նորմերի խախտումներով։

Փաստաբան Ա. Մեսրոպյանի հարցմանն ի պատասխան «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ Հաղարծին տեղամասի 11-րդ պահաբաժնում 18.06.2018թ. իրականացված հաշվեգնահատման աշխատանքները կատարվել են առանց քառակուսիների, ինչի պատճառով չեն կարող պատասխանել, թե ճանապարհների կառուցման աշխատանքները որ քառակուսիներում են իրականացվել։

Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյանը գործով երրորդ անձ է ներգրավվել։ Դատարան հայցադիմումի պատասխան է ներկայացրել և նշել, որ 2018թ. Հաղարծինի 11-րդ պահաբաժնում ճանապարհների վերանորոգման համար տրվել է 4 կմ ճանապարհների վերանորոգման համաձայնություն, և փայտանյութի դուրս բերման փաստաթղթերը կազմվել են առանց հատակագծային քարտեզների, առանց տվյալ տեղամասի հանութագրման քարտեզի, առանց հետազոտման ակտի։ Ստուգման ընթացքում Հաղարծին տեղամասի 11-րդ պահաբաժնում տեսուչները ֆիքսել են 4 կմ-ից ավելի ճանապարհների հողային աշխատանքներ, մասնավորապես, Պարզ լճին հարող տարածքներում, նկարել են, որի վերաբերյալ զեկուցել են ստուգումն իրականացնող ստուգման խմբի ղեկավարին։ Վերջինս չի ներկայացել տվյալ տարածք, պատշաճ չի ուսումնասիրել տվյալ տարածքի աշխատանքներին առնչվող փաստաթղթերը, պատասխանելով, որ առկա են թույլտվություններ, առանց ճշտելու տեղը, քարտեզներով տարածքի կոորդինատները, կատարված աշխատանքների իրավաչափությունը։
Ավելին, ստուգման ակտում արձանագրել է, որ ստուգման ժամանակահատվածում իրականացվել է ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ընդհանուր առմամբ 14 կմ երկարությամբ, այնինչ, համաձայն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից 03.02.2021թ. տրված գրության՝ 2018թ. և 2019թ. համար իրականացվել են 6 կմ երկարությամբ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ։

Արմեն Արաբյանի ներկայացուցիչն էլ պնդել է, որ հայցվոր Արթուր Բեգլարյանը, օգտագործելով իր ծառայողական դիրքը, խոչընդոտել է հողային աշխատանքների արձանագրմանը և հետագայում համապատասխան ընթացք տալուն։ Բեգլարյանը հեռակա կարգով, առանց աշխատանքներին ծանոթանալու և տեղում խնդիրը հասկանալու հայտարարել է, որ տվյալ հողային աշխատանքներն օրինական են։

Այսպիսով, Արթուր Բեգլարյանի նման գործողությունները հանգեցրել են նրան, որ հողային աշխատանքները չեն արձանագրվել, հետևաբար, չեն հաշվարկվել բնությանը /պետությանը/ պատճառված հնարավոր վնասը և հետագայում չի ներառվել ստուգման ակտում։

Գործում առկա նյութերի հետազոտմամբ դատարանը եզրահանգել է, որ հայցվորը ոչ միայն չի պահանջել ստուգման ընթացքում առաջացած նոր հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ ստուգաթերթը, այլև ամբողջությամբ չի իրականացրել տրված ստուգաթերթերում առկա հարցերի վերաբերյալ ստուգումներ, պատշաճ չի ուսումնասիրել օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը, որի հետևանքով մի շարք բնապահպանական նորմերի խախտման հետևանքով չեն արձանագրվել էկոհամակարգին պատճառված վնասները։ Այդպիսով, դատարանը որոշել է չբավարարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի նախկին պետի հայցապահանջը։

Արթուր Բեգլարյանն ասում է, որ դատարանն առհասարակ չի անդրադարձել անցկացված ծառայողական քննությանը և իրենց փաստարկներին, այլ պատճենել է պատասխանող կողմի փաստարկներն իր հիմնավորումներում։

Հիշեցնենք, որ 2020թ․փետրվարի 28-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանն աշխատանքից ազատել էր Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանին։ Տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը քրեական գործ էր հարուցվել Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու, խմբային շահերից ելնելով` ստուգման որոշման պահանջներն իրականացնելու վերաբերյալ որևէ գործողություն չկատարելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Քրեական գործը հարուցվել էր Արթուր Բեգլարյանի դիմումի հիման վրա, որտեղ վերջինս հայտնել էր, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ստուգումներ են կատարել, հայտնաբերել են ապօրինի հատված 257 ծառ, բուսական աշխարհին պատճառված 28 մլն դրամի չափով վնաս։ Վիգեն Ավետիսյանն այս ակտում նշված իրավախախտումները չի ուղարկել իրավապահներին՝ ընթացք տալու համար։

Արթուր Բեգլարյանը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործը դեռ ընթանում է։ Երեկ ինքն առերեսման է մասնակցել։

Վարչական վերաքննիչ դատարանում Արթուր Բեգլարյանի բողոքը մակագրվել է նախագահող դատավոր Աշոտ Սարգսյանին, կազմում կլինեն նաև դատավորներ Կարինե Բաղդասարյանն ու Կարեն Ավետիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter