Սևանի լողափերն այցելուներին կընդունեն հունիսի 15-ից հետո
ՀՀ փոխվարչապետ, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Սեւանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի կահավորման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլ. Մովսիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանը, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանը:
Բնապահպանության նախարարը զեկուցեց, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետներում՝ հունիսի 15-ից հետո, լողափերը կարող են ընդունել այցելուներին: Ծրագրի իրականացմանը մասնակցում են նաեւ մասնավոր ընկերություններ: Փոխվարչապետը ողջունելի համարեց մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը: Նա նաեւ հորդորեց, որ հատկացվող միջոցներն օգտագործվեն արդյունավետ ու նպատակային:
Ա. Հարությունյանն անդրադարձավ նաեւ քաղաքացի Ա. Թարխանյանի բաց նամակին' նշելով, որ նամակում բերված փաստերն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա' «Սեւան ազգային պարկ» -ի կողմից լողափերի կազմակերպման համար ընտրվել է պետական սեփականություն հանդիսացող տարածք, որի վերաբերյալ իրավունքների նոտարական վավերացում եւ կադաստրային գրանցում ունեցող պայմանագրեր չկան, հողօգտագործումն ապօրինի է իրականացվել, հետեւաբար կառավարության որոշումը միանգամայն օրինական է:
Փոխվարչապետին ներկայացվեց նաեւ 1900.25 բացարձակ նիշից ներքեւ իրականացվող մաքրման աշխատանքների ընթացքը: Բնապահպանության նախարարը տեղեկացրեց, որ աշխատանքներն իրականացվում են համաձայն ժամանակացույցի, ընթացքում լինում են նաեւ տեխնիկայի շահագործման հետ կապված խնդիրներ, որոնք օպերատիվ կերպով լուծվում են:
Տեղում քննարկվեցին նաեւ 1900.25մ բացարձակ նիշից ներքեւ գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման ընթացքի հետ կապված հարցեր: Տեղեկացվեց, որ կան մոտ 150 շինություններ, որոնց սեփականատերերը կամ վարձակալները թեեւ տեղեկացվել են ապամոնտաժման պահանջի մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել:
Փոխվարչապետը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը հանձնարարեց մայիսի 15-ի դրությամբ գույքագրել նմանատիպ դեպքերը եւ տվյալները ներկայացնել ՊՈԱԿ-ի խորհրդին:
Անդրադարձ եղավ նաեւ Սոթքում հանքաքարի մանրացման գործընթացին, որի վերաբերյալ վերջերս մտահոգություն էին հայտնել բնապահպանական ՀԿ-ները: Փորձագետների պարզաբանմամբ, այն հանքանյութի մշակման արտադրական գործընթաց չէ եւ չի հակասում «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Սակայն նպատակահարմար է գտնվել առաջարկել հանքավայրը շահագործող ընկերությանը համապատասխան փաստաղթղթեր ներկայացնել իրավասու մարմիններին:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկություններ ներկայացրեց ՊՈԱԿ-ի ընթացիկ ֆինանսատնտեսական իրավիճակի մասին:
Քննարկվեցին նաեւ ճանապարհաշինական խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց դրանք պահել ուշադրության կենտրոնում, իսկ Լճաշենի հատվածում 2 կմ ճանապարհի վերանորոգման հարցում համագործակցել Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ:
Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել