HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայկ Քոչարյան. «Առաջիկայում Աֆղանստանի սահմաններից դուրս «Թալիբան» շարժման գործողություններին ականատես չենք լինի»

Աֆղանստանում ընթացող վերջին զարգացումների և տարածաշրջանի վրա դրա հնարավոր ազդեցության մասին զրուցել ենք ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ։ 

Оգոստոսի 15-ին, առանց մարտերի, թալիբները կարողացան գրավել Քաբուլը՝ փաստացի իրենց իշխանությունը տարածելով Աֆղանստանի տարածքի մեծ մասի վրա։ Ո՞րն էր պատճառը, որ թալիբներն այդքան արագ կարողացան գալ իշխանության։

Այո՛, տարածքն ամբողջությամբ թալիբները չեն վերահսկում, կան տարածքներ, որոնք նրանց վերահսկողությունից դուրս են։ Այն ամենն, ինչ տեղի ունեցավ, մեկ ամսում չի եղել։ Մասնագիտական շրջանակներում տարբեր մասնագետներ, որոնք հետևում են Աֆղանստանում ընթացող իրադարձություններին կամ միջազգային մարդասիրական կազմակերպությունները, որոնք հումանիտար օգնություն էին տրամադրում այդ երկրին, վաղուցվանից ահազանգում էին, որ գյուղերում կամ փոքր քաղաքներում միշտ կա խնդիր՝ թալիբների հետ համաձայնեցնելու իրենց գործողությունները։ Այսինքն, երբևիցե «Թալիբան» շարժումը չէր վերացել, այլ անցել էր ընդհատակ և պատրաստվում էր այս գործողություններին։ 

Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում մենք տեսանք, այդ գործընթացների կուլմինացիոն փուլն էր։ Այն զարգացավ բավականին արագ, ինչից կարելի է ենթադրել, որ թալիբներն ու ամերիկացիները որոշակի պայմանավորվածություններ են ունեցել։ Բայց, կարծես թե, այդ պայմանավորվածությունները խախտվեցին, և նոր իրավիճակ ստեղծվեց Աֆղանստանում։ 

Պետք է ևս մեկ բան նկատի ունենալ, որ 1996 թվականին ևս, երբ թալիբները եկան իշխանության, Քաբուլը դարձյալ վերցրել էին առանց կռիվների։ Պարզ էր, որ եթե գործը հասել է մայրաքաղաքին, ապա Աֆղանստանում սովորաբար չեն դիմադրում։ Ըստ երևույթին, Միացյալ Նահանգները, երբ Դոհայում համաձայնագիր էր կնքում թալիբների հետ, հավանաբար, զարգացումների այլ սցենար էր տեսնում, ըստ որի թալիբներին չէր անցնելու ամբողջական իշխանությունը, այլ լինելու էր մասնակցային, կոալիցիոն իշխող ուժ, որտեղ կլինեին նաև ամերիկյան կողմին լոյալ ուժերը։ Բայց դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ թալիբները կարողացան առաջ ընկնել և իրավիճակը վերցնել իրենց ձեռքը: 

Պետք է նշել նաև մեկ կարևոր հանգամանք։ Այս ամենից ամենաշատն օգուտ քաղողը չինացիներն են։ Ես այն կարծիքին եմ, որ միգուցե թալիբների այսքան արագ առաջընթացը պայմանավորված է նաև չինական կողմի աջակցությամբ, որովհետև այդ ընթացքում թալիբներն ակտիվ հանդիպումներ ու հարաբերություններ են ունեցել նաև Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Չինաստանի արձագանքը, որ պատրաստ են ճանաչել Աֆղանստանի նոր իշխանություններին, ձևավորում է այն կարծիքը, որ Չինաստանն է այս ամենի հիմնական շահագրգիռ կողմը։

Թալիբների իշխանության գալն ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ այդ տարածաշրջանի վրա։ Արդյոք շարժումը նկրտումներ ունի՞ հարևան երկրների նկատմամբ, հատկապես Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների։

Նշեմ, որ այն շարժումը, որին այսօր մենք ականատես ենք լինում, նույն շարժումը չէ, որի ականատեսն էինք 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին։ Սա արդեն ներաֆղանական շարժում է, որը, ըստ իրենց հայտարարության, միտված է ներառական պետություն ստեղծելուն։ Գործողությունները, որոնք այս ընթացքում մենք տեսնում ենք, դարձյալ ներաֆղանական բնույթ ունեն, և դեռևս չկա որևէ գործընթաց, որը կվկայի դեպի հարևան երկրներ այդ գործողությունների հնարավոր արտահանման վերաբերյալ։ Առաջիկայում նրանք լուծելու մեծ խնդիր ունեն. միջազգային հանրության համար լեգիտիմացնել իրենց իշխանությունը: Հետևաբար, առաջիկայում Աֆղանստանի սահմաններից դուրս «Թալիբան» շարժման կամ դրանց առանձին խմբերի գործողություններին ականատես չենք լինի։ 

Այդուհանդերձ, գաղափարախոսական ֆոնի վրա կարող են լինել տարբեր զարգացումներ, այդ թվում՝ հարևան երկրներում, ինչը պետք չէ բացառել։ Բայց բուն այս շարժումը ու գործընթացը, որի ականատեսն ենք վերջին շաբաթներին, ներաֆղանական է, և թալիբների կողմից փորձ է արվում կառուցել աֆղանական պետություն։ 

Իրանն անտարբեր չէ Աֆղանստանում ընթացող գործընթացների հանդեպ։ Նախ՝ նրան գոհացնում է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվում իր արևելյան հարևանի տարածքից։ Բացի այդ, Աֆղանստանում կա շիաական փոքրամասնություն, ինչը Իրանի հետաքրքրությունների տիրույթում է։ Եվ վերջապես, Աֆղանստանում քիչ չեն այն ժողովուրդները, որոնք իրանախոս են։ Իրանում ներկայումս տարածված է այն կարծիքը, որ սա նոր հնարավորություն է՝ կառուցելու նոր հարաբերություններ։ Ու, կարծես թե, թալիբները ևս դեմ չեն դրան։ Քաբուլի գրավումից հետո մենք ականատեսը եղանք շիաական երթերի, որոնք չխոչընդոտվեցին թալիբների կողմից։ Իրանն ու թալիբները փորձելու են իրար հետ աշխատել, որովհետև վերջիններս միջազգային ճանաչման խնդիր ունեն։

Թալիբների իշխանության գալն ի՞նչ ազդեցություն ունի մեր տարածաշրջանի վրա։ Ի՞նչ հնարավոր սցենարներ կարող են լինել Հայաստանի համար։

Թալիբներին աջակցում են բավականին ազդեցիկ երկրներ, ինչպես՝ Պակիստանը, Չինաստանը, Պարսից ծոցի երկրները, հատկապես Քաթարը։ Անդրադառնալով մեր տարածաշրջանին՝ աֆղանական իրադարձությունների վրա մեծ ազդեցություն է փորձում ունենալ մեր հարևան Թուրքիան։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդ երկիրը փորձում է ուղիղ երկխոսել թալիբների հետ՝ իր սեփական շահերը առաջ մղելու նպատակով։ Թուրքիան ձգտում է լինել Արևելքը Արևմուտքին կապող հնարավոր բոլոր հաղորդակցություններն ապահովողը կամ վերահսկողը։ Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան կարող է լուրջ ձեռքբերումներ ունենալ այդ ճակատում, ինչը կամրապնդի նրա դիրքը նաև մեր տարածաշրջանում։ 

Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ կարող է փոխվել այն բալանսը, որը կապված է այդ երկրների տարածքներով անցնող տնտեսական նշանակություն ունեցող ճանապարհների հետ։ Դրանք անմիջականորեն գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ։ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում կարող է փոխել ուժերի դասավորվածությունը, ինչից ենթադրվում է, որ հնարավոր է ճնշումներ նաև ավելանան Հայաստանի վրա։ Այդ տեսանկյունից ես այստեղ վտանգ եմ տեսնում։ Բացի այդ, քանի որ առաջիկայում հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի հավանականությունը մեծ չէ, աֆղան մոջահեդների այս տարածաշրջան ներթափանցման վտանգը քիչ է։ 

Այս ամենին դիմակայելու համար պետք է ուժեղացնել Հայաստանի պաշտպանունակությունը, ինչի ուղղությամբ այդքան էլ լավ չենք զբաղվում վերջին շրջանում, և հետևել իրադարձություններին, որովհետև պետք չէ առաջ ընկնել՝ ճանաչելու կամ չճանաչելու Աֆղանստանի նոր իշխանություններին։

Արդյոք թալիբների իշխանության գալով Աֆղանստանը կարող է դարձյալ վերածվել ահաբեկչական խմբավորումների օջախի, չնայած այն հանգամանքին, որ խոստացել են պայքարել «Ալ Քաիդայի» կամ մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ։

Իմ կարծիքով, այդ հայտարարության մեջ թալիբներն անկեղծ են, որովհետև ունեն այդ դառը փորձը, երբ իրենց հռչակեցին համաշխարհային ջիհադականության կենտրոն։ Դրա արդյունքում տեղի ունեցավ այն, ինչը 20 տարի ստիպեց Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերին պայքարել ահաբեկչության դեմ։ Ներկայումս թալիբներն ունեն հստակ գաղափարախոսություն. Աֆղանստանում ստեղծել ներառական, ավանդական պետություն։ Դրա համար կան մի քանի նախադրյալներ։ Նախևառաջ, գաղափարախոսություն և էթնիկ մեծամասնություն, որը կրում է այդ գաղափարախոսությունը։ Մնում է կառուցել ուղղահայացները։ Կառավարման համակարգի վերաբերյալ թալիբների պատկերացումը ժողովրդավարությունը չէ, այլ շարիաթի վրա հիմնված պետությունը, որի պարագայում չկան ընտրովի մարմիններ, այլ նշանակումներ հոգևոր ղեկավար կազմի կողմից։ Վերջինս նաև կառավարում է երկիրը։ 

Սա թալիբների պատկերացումն ու ցանկալի սցենարն է։ Միջազգային հանրության, ՄԱԿ-ի համար «Թալիբան»-ը ահաբեկչական շարժում է և այս վերջին գործընթացների տակից դուրս գալը հստակ գին ունի. թալիբները, եթե ցանկանում են պետություն ստեղծել, ապա պետք է վճարեն։ Թե դա կլինի որոշակի պարտավորությունների ստանձնում, թե ինչ, պարզ կլինի առաջիկայում։

Կոնկրետ Ռուսաստանը «Թալիբան» շարժմանը ահաբեկչական խմբավորում է դիտարկում միայն մեկ կետով. նրանց մասնակցությունը չեչենական պատերազմներին։ Խնդիրն այլևս չկա, և իրավաբանորեն այն հնարավոր է արագ վերաձևակերպել։ Ամեն ինչ իր գինն ունի, և դրա համար թալիբները պետք է վճարեն։

Լուսանկարը՝ Civilnet-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter