Ուզում եմ ասել բարի լույս և չեմ կարողանում
Այսօր 2021 թվականի օգոստոսի 21-ն է։ Իմ ծննդյան օրը։ Իսկ ծնվել եմ 1950-ին։ Ուրեմն 71 տարեկան եմ։ Յոթանասունն անց տարիքն իր առավելություններն ունի։ Օրինակ՝ առավոտյան շուտ ես արթնանում։ Արթնացել եմ։ Մութ է։ Ուզում եմ ասել՝ բարի լույս և չեմ կարողանում։ Եվ պատճառը մութը չէ։ Լույսը կբացվի։ Բայց նա բարի՞ կլինի։ Հույս չկա։ Թե՞ կա։ Չեմ ուզում բացել աչքերս։ Վեր կենալ։ Նոր օր սկսել։ Զբաղվել առօրյա գործերով։ Լսել հերթական լուրը սահմանից։ Չեմ ուզում։ Չեմ ուզում նոր օր սկսվի։ Չեմ ուզում վեր կենալ։ Պառկեմ։
Սեպտեմբերին ինստիտուտում ատեստավորում են անցկացնելու։ Երեկ սկսեցի լրացնել ձև երեքը։ Հաշվեցի, որ արդեն 44 տարվա ստաժ ունեմ ինստիտուտում։ Թեկնածուականը պաշտպանեցի 88-ին։ Ի՜նչ տարի էր։ Շարժում, միացում, զարթոնք։ Հետո մութ ու ցուրտ տարիներ։ Հետո հաղթանակ։ Ի՜նչ հույսեր։ Սպասելիքնե՜ր։ Սպասում էինք՝ մի քիչ էլ, և լավ կլինի։ Երկիրը կզարգանա։ Այս տեխնոլոգիական դարում կկանգնենք առաջատար երկրների շարքում։ Չէ՞ որ մենք խելոք ենք։ Կզարգացնենք տեխնոլոգիաներ, զարկ կտանք կրթությանը, գիտությանը։ Դրանք են հիմքը ուժեղ պետության։ Կզարգացնե՛նք։
Չիրականացավ։ Զարգացման փոխարեն եկավ օպտիմալացումը։ Փոխվում էին նախարարները, վարչապետները, նախագահները, սակայն չէր փոխվում օպտիմալացման եռանդը։ Օպտիմալացնել, տնտեսել, կրճատել։ Տնտեսել, օպտիմալացնել, կրճատել։ Կրճատել, օպտիմալացնել, տնտեսել։ Ի՞նչ օգուտ գիտնականից։ Մեզ համար ասֆալտ փռելն է կարևոր։ Հասանք այսօրվան։ Այս վիճակին։
Չեմ ուզում։ Չեմ ուզում վեր կենալ։ Չեմ ուզում նոր օր սկսվի։ Նոր օր և հին խնդիրներ։ Խնդիրներ, որոնց լուծումն ակնհայտ է։ Ապագա ունեն հզոր երկրները։ Հզոր երկիր ունենալու համար անհրաժեշտ է հզոր գիտություն։ Մեր այսօրվա գիտությունը մահամերձ է, վերակենդանացման կարիք ունի։ Տևական թերֆինանսավորումը հանգեցրել է ինստիտուտներում ժամանակակից հետազոտական սարքավորումների բացակայությանը, գիտնականների թվի կրճատմանը և գիտության ծերացմանը։ Այսօր գիտնականների միջին տարիքը համեմատական է թոշակի անցնելու տարիքին։
Խնդիր համար մեկ՝ գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար։ Խնդրի լուծման հիմնական բաղադրիչը կհանդիսանա գիտնականների վարձատրության կտրուկ ավելացումը։ Ինչ-որ բան այդ ուղղությամբ ոնց որ նախատեսվում է։ Համոզված եմ՝ նախատեսվածը բավարար չէ։ «Ինչքանը բավարար կլինի» հարցին խնդրեցի պատասխանել մեկ ամսից մեր լաբորատորիան լքող միակ երիտասարդ գիտաշխատողին։ Նա հաղթել է Կալիֆորնիայի համալսարանի գիտական աստիճան ունեցող երիտասարդների համար հայտարարված մրցույթում և մեկ տարի այդ համալսարանում աշխատելու հրավեր ստացել։ Նրա պատասխանից պարզ դարձավ, որ հասարակ թվաբանական հավասարումը կտա խնդրի լուծումը։ Նա, ունենալով տասնմեկ տարվա գիտական ստաժ և լինելով ֆիզմաթ գիտությունների թեկնածու, հանդիսանում է կրտսեր գիտաշխատողի պաշտոնակատար և ստանում մոտ 150 ԱՄՆ դոլարին համապատասխան աշխատավարձ։ Կալիֆորնիայի համալսարանում նա ստանալու է 4500 դոլար։ Այսինքն՝ 30 անգամ ավելի։ Ուրեմն այդքան անգամ պետք է բարձրացնել գիտնականների վարձատրությունը, որ գիտությունը դառնա գրավիչ երիտասարդների համար։ Որ նրանք չլքեն հայրենիքը։ Որ մնան գիտության մեջ։ Բայց նա գնում է։ Լաբորատորիայում մնում է 8 աշխատակից, որոնց տարիքը բարձր է 60-ից։
Չեմ ուզում։ Չեմ ուզում վեր կենալ։ Չեմ ուզում նոր օր սկսվի։ Հասկանում եմ։ Գիտնականների վարձատրությունը միակ պրոբլեմը չէ։ Գիտության վերակենդանացման համար անհրաժեշտ է համալիր ծրագրի անհապաղ մշակում և կատարում։ Անհապաղ վերակենդանացնող քայլեր։ Հենց այսօրվանից։ Վաղը ուշ կլինի։
Հավատում եմ, կարվի։ Այլըտրանք չկա։ Եվ կկարողանամ։ Կասեմ բարի լույս։
Արմեն Կուզանյան
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական Հետոզոտությունների ինստիտուտ
Մեկնաբանել