HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դիվիզիաները կկազմալուծվեն, ԳՇ կազմում կավելանան ԱԹՍ-ների, պահեստային ուժերի հրամանատարության ստորաբաժանումներ

Կառավարությունն օգոստոսի 19-ին գրավոր ընթացակարգով 4 որոշում է ընդունել, որոնք վերաբերում են պաշտպանական գերատեսչությանը։ Չորս հարցերից, սակայն, միայն երկուսի նախագծերն են առկա, մյուս երկուսը գաղտնի են։

Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում կավելանան տարածքային պաշտպանության, պահեստային ուժերի հրամանատարություն ու անօդաչու թռչող սարքերի կառուցվածքային ստորաբաժանումները, իսկ անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունը կանվանափոխվի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության:

Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վարչությունը ստեղծվելու է ավիացիայի վարչության բաժանման միջոցով:

Նոր կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծմամբ Զինված ուժերի թվակազմի ավելացում չի նախատեսվել, այն իրականացվելու է այլ ստորաբաժանումների հաստիքների կրճատման և պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների հաշվին: 

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Զինված ուժերի բարեփոխումների և կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմում ունենալ հրամանատարությունների օղակ՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի, զորատեսակների կենտրոնացված ղեկավարման նպատակով, որը կիրականացնի տարածքային պաշտպանության կազմակերպման պլանավորումը, պետական ռազմական համակարգի մարմինների հետ համագործակցությունը, կցագրված պահեստազորային ռեսուրսների կառավարման, աշխարհազորային ստորաբաժանումների պատրաստության և ներդաշնակման կազմակերպման հարցերի համակարգման գործընթացը: 

«Ռազմական տեխնիկայի ներկա զարգացման, ինչպես նաև 2020 թվականի ռազմական գործողությունների վարման ընթացքն ակնհայտ ցույց տվեց, որ անհրաժեշտություն է առաջացել առավել մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի համակարգերի զարգացման ու դրանց կառավարման գործընթացին, որի կապակցությամբ ներկայումս ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ԶՈՒ ավիացիայի վարչությունում գործող համապատասխան բաժինը նախատեսվում է վերակազմավորել ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման: Բացի այդ, ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության գործունեության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վարչության անվանման մեջ ապահովել նրա գործունեության հիմնական խնդիր հանդիսացող՝ զորահավաքային ռեսուրսների հաշվառման, պլանավորման և կիրառման գործընթացի կազմակերպման գործառույթի ամրագրումը, որի կապակցությամբ առաջարկվում է իրականացնել գլխավոր վարչության անվանափոխություն»,- նշված է հիմնավորման մեջ։

Մինչև դեկտեմբերի 31-ը դիվիզիաները կկազմալուծվեն

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը դիվիզիաները կկազմալուծվեն։ Կրճատվելու են նաև դիվիզաների հրամանատարների պաշտոնները:

Որոշման նախագծի համաձայն՝ զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական 4-րդ խմբի հիմնական պաշտոն սահմանված դիվիզիայի հրամանատարի փոխարեն նախատեսվում է պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը, որը հանդիսանում էր այդ հիմնական պաշտոնին հավասարեցված պաշտոն, ինչպես նաև նախատեսվում է, որ որոշումից բխող հաստիքային փոփոխություններն իրականացվելու են Զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների հետ համատեղ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։

Դիվիզիաների հրամանատարների պաշտոնները կկրճատվեն աստիճանաբար՝ յուրաքանչյուր դիվիզիայի կազմալուծման հետ միաժամանակ, արդյունքում կատարվող փոփոխությունը փաստացի կգործի վերջին դիվիզիայի կազմալուծման և դրա հրամանատարի պաշտոնի կրճատման հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter