HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները Փանջշերում շրջափակման մեջ են վերցրել դիմադրության ուժերին

«Թալիբան» արմատական շարժումը շրջափակման մեջ է վերցրել դիմադրության ուժերին, որոնք գտնվում են Աֆղանստանի Փանջշեր պրովինցիայում։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։ 

«Թալիբների ուժերը Փանջշերից ոչ շատ հեռու՝ Բադահշան, Թահար և Անդարաբ շրջանների կողմից զբաղեցրել են դիրքերը։ Թշնամին (խմբ. դիմադրության ուժերը) գտնվում են շրջափակման մեջ։ Մենք ձգտում ենք խաղաղ կարգավորման, փորձում ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով»,- գրել է նա։ 

Մուջահիդը նաև նշել է, որ Փանջշերի սահմանների մոտ գտնվող Սալանգ թունելը և դրանով անցնող մայրուղին ազատ են։ Նրա խոսքերով՝ թալիբներն «ամբողջությամբ մաքրել են Բաղլան պրովինցիայի այն շրջանները, որոնք ավելի վաղ կարողացել էին զբաղեցնել դիմադրության ուժերը»։ 

Զուգահեռաբար, Փանջշերում գտնվող դիմադրության ուժերը սոցիալական ցանցերի իրենց էջերով շարունակում են հայտարարել դիմադրության ուժերի շրջանում մարտական բարձր ոգու և արմատականների դեմ պայքարի պատրաստակամության մասին։ Առկա տվյալների համաձայն՝ նրանք ունեն մի քանի հազար մարտիկներ, այդ թվում՝ կառավարական կանոնավոր ուժերի ներկայացուցիչներ և ծանր սպառազինություն։ 

Օգոստոսի 22-ին թալիբները հայտարարել էին իրենց հարյուրավոր գրոհայիններին Փանջշեր պրովինցիան գրավելու մասին։ Ավելի վաղ, լրատվամիջոցները գրել էին, որ Աֆղանստանի տաջիկական համայնքի ազդեցիկ առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը բանակցություններ է սկսել թալիբների հետ՝ ներառական կառավարության ստեղծման և քաղաքական հակասությունների հաղթահարման մասին։ 

«Թալիբան» շարժման գրոհայիններն օգոստոսի 15-ին, առանց մարտերի, մտել էին Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում ամբողջական վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի վրա։ Նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել էր, որ լքում է երկիրը, որպեսզի խուսափի արյունահեղությունից։ Փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել էր, որ երկրի ղեկավարի բացակայության պայմաններում սահմանադրությամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դառնում փոխնախագահը։ Նա բնակչությանը կոչ էր արել զինված դիմակայություն ցույց տալ թալիբներին։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter