
Թագուհի Թովմասյանը կարծում է, որ Չարչյանին կալանավորելու որոշումը «վեր է բոլոր երևակայական թռիչքներից»
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դատապարտելի է որակում ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշումը: Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ։
Խորհրդարանական հանձնաժողովում Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրվել է քննարկում` մարդու իրավունքների պաշտպանության նախկինում զբաղված հանրային, քաղաքական գործիչների մասնակցությամբ, այդ թվում` հանձնաժողովի նախկին նախագահների:
Թովմասյանն իր խոսքում ընդգծեց` պաշտոնը ստանձնելուց հետո ցանկացել է լսել այն պաշտոնյաներին, որոնք զբաղեցրել են այդ պաշտոնը և զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նրա վստահեցմամբ` ուզում է շարունակել նախկինների աշխատանքը, այլ ոչ թե զրոյից սկսել ու մնալ նույն տեղում:
Թովմասյանի խոսքով`առավոտյան իրեն է զանգահարել գործընկեր Էլինար Վարդանյանը և հայտնել, որ դատարանը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել:
«Պատգամավորին կալանավորել՝ առանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման, սա վեր է բոլոր երևակայական թռիչքներից: Այս դատապարտելի գործելաոճը խորհրդարանը պետք է քննարկի: Գլխավոր դատախազը պարտավոր է ստանալ խորհրդարանի համաձայնությունը և լսել այն մարդուն, ում նկատմամբ ընտրվում է կալանքը՝ որպես խափանման միջոց»,- ասաց Թովմասյանը:
Պատգամավորի խոսքով` նույն իրավիճակում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, որոնք մեկուսարանում են: Թովմասյանը հայտնեց, որ այս շաբաթ այցելելու են մեկուսարան:
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2րդ կետով։ Այդ հոդվածի համաձայն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում պատգամավորի թեկնածուն փորձել է երկու կամ ավելի անձի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել:
Մեկնաբանել