HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». սիրեք Հայաստանը Ռուսաստանից ավելի, ոչ թե Ռուսաստանը` ամեն ինչից ավելի

«Ռուսաստանի հայկական սփյուռքը անհրաժեշտ ջանքեր չի գործադրում, միջոցներ չի հատկացնում թուրք-ադրբեջանական քարոզչությանը հակազդելու համար, որպեսզի Ռուսաստանում ճշմարտությունն իմանան Հայոց ցեղասպանության մասին: Ինձ ուղղակի զարմացնում է Ռուսաստանի հայ հանրության պահվածքը: Մոսկվայի գրախանութներում, և ոչ միայն այնտեղ, պարբերաբար հայտնվում են ադրբեջանական հեղինակների գրքերը, որոնք պնդում են, թե ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, և այդ ամենը հնարովի է: Դուք չեք գտնի որևէ բրոշյուր, որում ներկայացված լինի Հայոց ցեղասպանության ճշմարիտ պատմությունը: Որտե՞ղ է Ռուսաստանի հայկական սփյուռքը, ինչո՞ւ ռուսաստանաբնակ հարուստ հայերը չեն համախմբվում և ձևավորում ֆոնդ` այդ այլանդակությանը պատասխան տալու համար»:

Նախօրեին Մոսկվա-Երևան հեռուստակամուրջի ժամանակ հնչած այս հայտարարության հեղինակը ամենևին էլ ազգությամբ հայ չէ, այլ` ռուս, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, տարածաշրջանային ճանաչված փորձագետ Վլադիմիր Զախարովն է: Նրա պնդմամբ` Մոսկվայում հայկական շրջանակների ջանքերով ձևավորվել է Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ աշխատանքների իրականացման հանձնաժողով, սակայն իրեն մերժել են ընդգրկել այդ կառույցում: «Սա ամոթ է, սրանից հետո ինչպե՞ս պետք է նրանց վերաբերվել: Հիմա մենք որոշել ենք ստեղծել առանձին կազմակերպություն` «Ցեղասպանության ճանաչման ռուսական ընկերություն»: Ռուսաստանաբնակ հայերը պետք է պատասխան տան տարածվող ապատեղեկատվությանը, որ տարածում է ադրբեջանական կողմը, բայց նրանք այդպիսի ցանկություն չունեն: Նրանք պատրաստ են բնակարաններ նվիրել ամեն տեսակ «սոբչակների» և միլիոններ ծախսել այդ շոուի վրա: Պետք է կանգ առնել և մտածել սեփական ժողովրդի մասին: Մի՞թե հիշողությունը սուրբ չէ նրանց համար»:

Տհաճ է, անշուշտ, այսպիսի բարոյական ապտակ ստանալ Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին, բայց այն, ինչ ասել է Վ.Զախարովը, ցավոք, ճշմարտություն է: Ռուսաստանի հայկական համայնքը ամենախոշորն է հայկական սփյուռքի կենտրոններից: Պաշտոնական տվյալով` 1 մլն 100 հազար հայեր Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ տարբեր տվյալներով` երկրում բնակվում է մոտ 2 միլիոն հայություն: Բայց ռուսահայ համայնքը մնում է կազմակերպական առումով ամենաթույլ և ապաքաղաքականացված համայնքներից մեկը, և նրա ներդրումը ազգային հիմնահարցերի պաշտպանության գործում ուղղակի անհամեմատելի է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Կանադայի, Լիբանանի հայկական համայնքների հետ: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը սկզբունքորեն Ռուսաստանի ազդեցության ուղեծրում է, ինչպես առանձին պայմանագրով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմաքաղաքական դաշինքի մեջ է այդ պետության հետ: Թվում է, որ ռուսահայ համայնքը պետք է որևէ պրոբլեմ չունենար իր ազգային խնդիրները ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու առումով, բայց, փաստորեն, հակառակ իրավիճակն է. ադրբեջանցիներն են ավելի ակտիվ ու ձեռներեց իրենց հակահայկական քարոզչության մեջ, և դա արձանագրում է ազգությամբ ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի օբյեկտիվ դիտորդը, որին դժվար է մեղադրել կողմնապահության մեջ:

Անշուշտ Ռուսաստանի հայկական համայնքը վերջին 20 տարում մեծ փոփոխությունների է ենթարկվել, մեծացել` Հայաստանից արտագաղթի հաշվին: Արտագաղթածներից ամենևին էլ ոչ բոլորն են մեծահարուստներ, շատերի հոգսը սեփական ընտանիքի ապրուստը հոգալն է: Չկան համայնքի կազմակերպման տասնամյակներով ձևավորված ավանդույթներ և այլ օբյեկտիվ պատճառներ, որոնք տարբերակում են ԱՊՀ հայկական համայնքներին ավանդական սփյուռքից: Բայց, մյուս կողմից, ԽՍՀՄ փլուզումից անցել է 20 տարի, և ինչ-որ կազմակերպական կառույցներ ձևավորվել են: Սակայն ժամանակի ընթացքում աստիճանաբար ակնհայտ դարձավ, որ նրանք ոչ այնքան հայկական շահերն են պաշտպանում Ռուսաստանում, որքան ծառայում են Մոսկվայի ազդեցությունը Հայաստանում պահպանելու խնդրին: Այլ կերպ ասած, գտնվում են պաշտոնական Կրեմլի հստակ ազդեցության ներքո: Անշուշտ, այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաև Հայաստանի իշխանությունները, որոնք ոչ միայն թույլ են տվել, այլև ըստ էության խրախուսել են դա` թերևս համարելով, որ նման մոտեցումը ամրապնդում է իրենց հեղինակությունն ու դիրքերը Ռուսաստանում, ավելի վստահելի հարաբերություններ ստեղծում պաշտոնական Կրեմլի հետ:

Սակայն արդյունքը, փաստորեն, մեղմ ասած, մխիթարական չէ: Թերևս պատճառն այն է, որ ինչպես Հայաստանի ղեկավարությունը, այնպես էլ ռուսահայ համայնքը առաջնորդող կազմակերպությունները բավարար են համարում միայն Կրեմլի հետ դրական հարաբերությունները և շատ քիչ են աշխատում տարածաշրջանային էլիտաների հետ: Մինչդեռ Ռուսաստանը գերկենտրոնացված պետություն չէ քաղաքական և տնտեսական իմաստով, ինչպես ԽՍՀՄ-ը: Ավելին, այժմ, երբ կրկին անցում է կատարվում նահանգապետների և ինքնավար կազմավորումների ղեկավարների ուղղակի ընտրություններին, տարածաշրջանային էլիտաների ինքնուրույնությունը ավելի է աճելու: Այսինքն` կոնկրետ մարզում հարց լուծող դառնում է տեղի նահանգապետը, թեպետ շատ առումներով այսօր էլ է այդպես: Եվ այդ նույն նահանգապետի հետ աշխատանքի արդյունքում է հնարավոր կոնկրետ մարզում առաջ մղել այն խնդիրները, որ կարևոր են և՛ համայնքի համար, և՛ ընդհանուր հայկական շահերի տեսանկյունից: Այդ իրավիճակը ենթադրում է նաև աշխատանք նահանգային կամ ինքնավար կազմավորումների խորհրդարանների հետ: Մինչդեռ հայկական համայնքը թուրք-ադրբեջանական տանդեմից պարտություն կրեց Ռուսաստանի ամենահայաբնակ Կրասնոդարի երկրամասում, երբ Սոչիում տեղադրված զորավար Անդրանիկի արձանը ապամոնտաժվեց թուրքական հյուպատոսի և Կրասնոդարի ադրբեջանական համայնքի համատեղ ջանքերով: Հազիվ թե արձանի ապամոնտաժման որոշումը կայացված լիներ Կրեմլում: Նման հարցերը անկասկած լուծվում են տեղի բազմամյա նահանգապետ Ա.Տկաչովի հետ, և այդպիսի դեպքում շատ հաճախ պարզվում է, որ Մոսկվա բողոքելն անիմաստ է:

Եվ թեպետ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած պետությունների շարքում է, վերջին տարիներին ռուս-թուրքական մերձեցման միտումները մտահոգիչ են` այս հարցի շուրջ Մոսկվայի դիրքորոշման հնարավոր փոփոխության առումով: Ըստ տարբեր, այդ թվում թուրքական ԶԼՄ-ների` պաշտոնական Անկարան վերջին տարիներին մի քանի անգամ տարբեր առիթներով ակնարկել է ռուսական արտաքին քաղաքականության պատասխանատուներին, որ 1995-ին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման Պետդումայի հայտնի որոշումը լուրջ խոչընդոտ է ռուս-թուրքական բարեկամության հետագա ամրապնդման համար: Նույն ուղղությամբ քիչ ջանքեր չի գործադրում նաև Ռուսաստանում գործող ադրբեջանական լոբբին: Հայկական համայնքի անբավարար կազմակերպվածությունը և Հայաստանի իշխանությունների իներտ պահվածքը միայն մեծացնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության դաշտը Ռուսաստանում, և այսպես շարունակելու դեպքում կգա ժամանակ, երբ հայկական կողմը կբախվի արդեն այնպիսի անցանկալի փաստի, ինչպիսին Հայոց ցեղասպանության ժխտումն է` արդեն Ռուսաստանի պաշտոնական շրջանակներում:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter