HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին պատգամավորի հէկը կվերազինվի, կտեղադրվի ջրաչափ

Նախորդ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հէկը կվերազինվի։ «Արնավար» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «Հեղնաջուր» փոքր հէկի վերազինման աշխատանքների հայտը և ստացել դրական եզրակացություն։

«Արնավար» ՍՊԸ-ի բաժնեմասում 70% մասնակցություն ունի Վարդանուշ Սարգսի Գրիգորյանը, ով «Բարգավաճ Հայաստան» և «Ծառուկյան» դաշինքի ցուցակով 2017 և 2018թթ․ խորհրդարանական ընտրությունների պատգամավոր ընտրված Վարդևան Գրիգորյանի կինն է։ Վարդանուշ Գրիգորյանը, որպես պաշտոնյայի հետ փոխկապակցված անձ, իր ներկայացրած հայտարարագրում արժեթղթեր բաժնում այս բաժնեմասը չի արձանագրել։ Վարդևան Գրիգորյանի որդին՝ Արա Գրիգորյանը, այս մասով մեզ պարզաբանեց, որ հոր՝ հայտարարագիրը ներկայացնելու պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (այդ ժամանակ կոչվում էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) ճշտել են՝ պետք է կնոջ բաժնեմասը լրացնել, պատասխանել են, որ դրա կարիքը չկա, իրենք էլ չեն լրացրել։ Այլապես խուսափելու միտում չեն ունեցել։

Բաժնեմասում մնացած 30 % մասնակիցը Երևանում հաշվառված Նարինե Վոլոդիայի Հարությունյանն է։ Արա Գրիգորյանն ասաց, որ տիկին Հարությունյանը հոր ընկերոջ կինն է, իսկ ընկերը պաշտոնյա չէ, ապրում է արտերկրում։

Ընկերությունը Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքի Գառնառիճ բնակավայրի վարչական տարածքում 2009թ․-ից փոքր հէկ է շահագործում։ Օգտագործում է Արփի ջրամբար թափվող Եղնաջուր վտակի ջուրը։ Չեխական արտադրության հիդրոագրեգատով ներկայում ապահովվում է 1230 կՎտ դրվածքային հզորություն` տարեկան արտադրելով 4,05 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։

Եղնաջուր գետի ջրաքանակի փոփոխությունների և պակասի պատճառով հէկը ներկայում աշխատում է ցածր օգտակար գործողության գործակցով՝ արդյունքում ունենալով էլեկտրաէներգիայի պակաս արտադրություն և ջրային ռեսուրսի ոչ ռացիոնալ օգտագործում։ Հաշվի առնելով վերջին տարիներին Եղնաջուր գետում ջրաքանակի հնարավոր փոփոխությունները՝ «Հեղնաջուր» փոքր հէկի բարձր տնտեսական շահավետություն ապահովելու և ջրային ռեսուրսի արդյունավետ օգտագործման նպատակով ընկերությունը նախատեսել է փոքր հէկի վերազինման աշխատանքներ։ Այդ նպատակով հէկի շենքում նախատեսվում է տեղադրել փոքր հզորության երկրորդ հիդրոուժային սարքավորումը։ Նախկին նախագծով հէկի շենքը կառուցվել է երկրորդ ագրեգատ տեղադրելու հնարավորությամբ։ Տեղադրվող ագրեգատը կմիացվի գործող ճնշումային խողովակաշարին։

Վերազինման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է գոյություն ունեցող ճնշումային խողովակաշարի ներքին մակերևույթի մաքրում և ներկում, գոյություն ունեցող հիդրոագրեգատի վերանորոգում, ինչպես նաև երկրորդ հիդրոագրեգատի տեղադրում՝ խողովակի անցկացումով։

Նոր սարքավորումները, որը ընկերությունը ձեռք կբերի չեխական ընկերությունից, չունեն աշխատանքային բարձր ձայն և արտադրական որևէ տեսակի թափոն։ Վերազինման արդյունքում ընկերությունն օգտվելու է գործող ջրընդունիչից և ճնշումային խողովակաշարից և նախկինում տրված ջրօգտագործման թույլտվության ջրային ծավալներից։

Վերազինման արդյունքում հէկը կունենա 1380 կՎտ դրվածքային հզորություն և տարեկան կարտադրի 4․45 կՎտ էլեկտրաէներգիա։

Վերազինման շինարարության աշխատանքները զգալի չեն լինելու և պայմանավորված են 10 մ երկարությամբ խողովակաշարի անցկացմամբ։ Դրանով պայմանավորված լանդշաֆի ժամանակավոր խախտում կլինի։

Դրական եզրակացություն ընկերությանը տրվել է մի քանի կարևոր փորձաքննական պահանջներով․ մասնավորապես՝ փոքր հէկի ջրօգտագործման պայմանների կատարումը հսկելու և ջրօգտագործման ծավալների հաշվառման համար անհրաժեշտ է ջրառի կետն ապահովել կապարակնքված ջրաչափով, շահագործման փուլում Եղնաջուր գետի ձկնատեսակների, գետային էկոհամակարգի պահպանման և կայուն ջրօգտագործման նպատակով փոքր հէկի ջրընդունիչ հանգույցում անհրաժեշտ է ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարման և առցանց վերահսկման ջրաչափական համակարգ՝ բնապահպանական թողքերի սահմանված չափաքանակները պահպանելու համար։

Մեր հարցին, թե ինչու հէկում մինչ օրս ջրաչափ չի տեղադրվել, Արա Գրիգորյանը պատասխանեց, որ չեխական ընկերությունից ջրաչափը 1,5 տարի է՝ ձեռք են բերել, սակայն չեխերը պետք է գան, որպեսզի տեղադրեն։ Պայմանավորված համավարակով՝ այդ գործընթացը ձգձգվել է, ինչի պատճառով իրենք նույնիսկ տուգանվել են։ Վերազինման արդյունքում այդ հարցը նույնպես լուծվելու է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter