HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լորուտ գյուղի մոտ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրանք է առաջադրվել 7 անձի, 4-ը կալանավորվել է

2021թ. օգոստոսի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի 3 ոստիկան փարոսիկներով կահավորված ծառայողական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով: Ժամը 21:00-ի սահմաններում Մարց գյուղի հարակից անտառային ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի՝ առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որն անտառից ընթացել է դեպի գյուղ: Այս մասին հայնում է գլխավոր դատախազությունը։

Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, շարունակել է ընթացքը, Լորուտ գյուղի մոտակայքում շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել է ձորը: Դրա հետևանքով մահացել են «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված՝ Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ, 1986թ. ծնված՝ Հովհաննես Ղազարյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված՝ Վահրամ Դանիելյանը: 

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության ծառայողները իջել են ավտոմեքենայից և փորձել օգնություն ցուցաբերել, միաժամանակ կապվել են ոստիկանության Թումանյանի բաժին՝ հավելյալ ուժեր և շտապ բուժօգնություն  կանչելու նպատակով: Նույն ժամանակ դեպքի վայրին են մոտեցել նաև հարակից գյուղերի դեռևս ինքնությունները չպարզված բազմաթիվ անձինք, ովքեր սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության վերը նշված ծառայողներին, կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև հրկիզման եղանակով այրել են օգնության ժամանած ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան: 

Դեպքի առթիվ 2021թ. օգոստոսի 15-ին քննչական կոմիտեի Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ։

Ինչպես հայտնում է դատախազությունը, օգոստոսի 17-ին ԱԲ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  Վ Վ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով  և 316-րդ հոդվածի 1-ին կետով, Վ Ք-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին կետով և ՄՍ․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 

Բացի այդ, հիշյալ քրեական գործով Ս Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, Ա Ս․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՄՍ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։  Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 

Այսպիսով, հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձանց։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ, ինչպես նաև բոլոր մասնակիցների ինքնությունը և առնչությունը պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter