Արարատի ոսկու գործարանն ընդլայնման նախագիծ է ներկայացրել․ կբարձրացվի՞ գործող պոչամբարի պատնեշը, թե՞ նոր պոչամբար կկառուցվի
Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի գնահատման և փորձաքննության է ներկայացրել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ընդլայնման նախագիծը։
Ներկայում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան մշակում է տարեկան 1 մլն տ հանքաքար: Նոր նախագծով նախատեսվում է ֆաբրիկայի որոշ տեղամասերի վերակառուցման հաշվին արտադրողականությունը հասցնել մինչև 1.750 մլն տոննայի:
Ֆաբրիկայից 5,8 կմ հեռավորության վրա պոչամբարն է, որը զբաղեցնում է 165 հա տարածք։ Պոչամբարի համար նախապես երկու նիշ է սահմանվել՝ 808,4 մ և 811 մ։
2012թ.-ին «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի պատվերով «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն մշակել է նախագիծ, որի համաձայն՝ իրականացված միջոցառումները թույլ են տալիս գոյություն ունեցող պոչամբարի ծավալը ավելացնել մոտ 11 մլն մ3-ով, այսինքն՝ 821 մ նիշի հասցնել։ Նշված նախագիծը փորձաքննություն է անցել սանկտպետերբուգյան ընկերության՝ «Մեխանոբր ինժեներինգ» ՓԲԸ-ի կողմից:
Պոչամբարն այժմ լցված է մինչև 814.5 մ նիշը, որի ծավալը կազմում է 3.82 մլն մ3։ Պոչամբարի մնացորդային ծավալի նիշը 814.5 մ-ից մինչև 821 մ նիշ կազմում է 7.63 մլն մ3 կամ 10.22 մլն տոննա։ 1.75 մլն տ/տարի հանքաքարի վերամշակման հզորությամբ ֆաբրիկայի աշխատելու դեպքում պոչամբարը կծառայի 5.8 տարի:
Հյուսիս-արևելյան կողմում կցակառույց պոչամբար կա, որը զբաղեցնում է 32 հա տարածք։ Այն լցված է մինչև 809.5 մ նիշը, նախագծային ծավալը մինչև 812,5 մ նիշն է։ Մնացորդային ծավալը մինչև 812.5 մ նիշը կազմում է 0.69 մլն մ3 կամ 0.93 մլն տոննա:
Մինչ պոչամբարի ծավալի սպառումը, նախատեսվում է իրականացնել գործող պոչամբարի պատնեշի կայունության հաշվարկ, որը թույլ կտա ընդունել վերջնական որոշում` ավելացնե՞լ գործող պոչամբարի ծավալը պատնեշի բարձրացման հաշվին, թե՞ կառուցել նոր պոչամբար հարակից տարածքում:
Նախագծի իրականացման դեպքում ֆաբրիկայում կբացվի 55 նոր աշխատատեղ:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել