
ԱԺ նախագահն ընդունեց լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանին, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի տնօրեն Նունե Սարգսյանին եւ «Լրագրողների Ասպարեզ ակումբ»-ի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը:
Ըստ տարածված մամուլի հաղորդագրության` հանդիպումն իրականացավ լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությամբ: Քննարկվեցին հուլիսի 30-ին փոփոխված Ազգային Ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմերը, որոնց համաձայն` պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ: Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակներ տանող միջանցքների մասին է:
Ի պատասխան այն հարցի, որ կանոնակարգումը լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ դրանց բնույթը բացառապես անվտանգության նորմերից է բխում: Նա հավելեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար՝ որպես օրինակ բերելով տեղեկատվական ցանկացած առիթի դեպքում համապատասխան բանախոսների ապահովումը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է յուրաքանչյուր ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին:
Մեկնաբանել