HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Գագիկ Խանդանյանի կարգապահական գործով նիստը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհրդում այսօր նշանակված էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի քննությունը։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին էր դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կարգապահական վարույթի հիմքում այն հանգամանքն է, որ դատավորն, ըստ  Հանձնաժողովի, խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

Մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

«Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի»-ի 5-րդ հոդվածն էլ սահմանում է, որ Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ դատավորը ՍՊԸ-ում բաժնեմաս է ձեռք բերել։ Ինքը՝ դատավորն այդ հանգամանքը չի ընդունում, պնդում է, որ դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջներին առնչվող օրենքը չի խախտել։

Այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը դիմում էր ներկայացրել՝ նիստը հետաձգելու վերաբերյալ։ Գագիկ Խանդանյանը չառարկեց, որպեսզի նիստը հետաձգվի, նշեց, որ ինքը ևս կողմ է նիստի հետաձգմանն ու ժամանակ խնդրեց, որպեսզի գործի նյութերին ծանոթանա։ ԲԴԽ-ն որոշեց նիստը հետաձգել մինչև սեպտեմբերի 6-ը։

Նշենք, որ Գագիկ Խանդանյանը դատավոր է 2000 թվականից։ 2014-2018 թվականներին նա եղել է Արդարադատության խորհրդի անդամ։ Այժմ Արդարադատության խորհրդի փոխարեն գործում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Խանդանյանը չցանկացավ մեկնաբանել իրեն վերագրվող արարքն, ինչի համար կարգապահական վարույթ է հարուցվել։ Նրա ներկայացուցիչն էլ նշեց, որ իրենց դիրքորոշումը նիստի ընթացքում կներկայացնեն։

Լուսանկարում՝ ձախից՝ Գագիկ Խանդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter