
Թալիբներն ԱՄՆ-ից պահանջել են զորքերը դուրսբերել մինչև օգոստոսի 31-ը. հակառակ դեպքում կլինեն «լուրջ հետևանքներ»
Միացյալ Նահանգները պետք է կատարի իր խոստումը և մինչև օգոստոսի 31-ը դուրս բերի իր զորքերն Աֆղանստանից։ Եթե ժամկետը խախտվի, ապա ամերիկացիներին և նրանց դաշնակիցներին սպասվում են «լուրջ հետևանքներ»։ Այդ մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Սուհայլ Շահինը։
«Եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան տարհանման շարունակման համար խնդրեին հավելյալ ժամանակ, ապա պատասխանը բացասական կլիներ»,- ընդգծել է թալիբների ներկայացուցիչը։
Շահինի խոսքերով՝ Աֆղանստանի բնակիչները ցանկանում են լքել երկիրը, ոչ թե թալիբներից վախի, այլ լավ կյանքի փնտրտուքների պատճառով։ Նա պնդում է, որ խոսքը գնում է «երկրից տնտեսական միգրացիայի մասին», որտեղ բնակչության 70 %-ի եկամուտները ցածր են աղքատության մակարդակի շեմից։ «Թալիբան»-ի ներկայացուցիչը վստահ է, որ մարդիկ չեն վախենում իրենցից։
Հիշեցնենք, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգընթաց «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը։ Օգոստոսի 15-ին, առանց դիմադրության, նրանք մտել էին մայրաքաղաք Քաբուլ։ Քաբուլի օդանավակայանի միջոցով Աֆղանստանը փորձում է լքել առնվազն 10 000 մարդ։ Այդ երկրի հետ դադարեցված է քաղաքացիական ավիահաղորդակցությունը, իսկ փախստականներին կարող են վերցնել միայն ռազմական ինքնաթիռները։
ԱՄՆ-ն արդեն իսկ հայտարարել է տարհանման գործընթացին քաղաքացիական ավիաընկերությունների ներգրավման մասին, սակայն նրանք փախստականներին կկարողանան տեղափոխել միայն այլ երկրների տարածքներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից, որտեղ նրանց Քաբուլից կտեղափոխի ռազմական ավիացիան։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել