
«Ծիրանի ծառ» կինոփառատոնի բացումը (լուսանկարներ)
Օգոստոսի 22-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կայացավ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնի բացման արարողությունը։
Փառատոնը տևելու է մինչև օգոստոսի 29-ը, ներկայացվելու է 29 վավերագրական ֆիլմ 22 երկրից՝ Հայաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Բելառուսից, Ճապոնիայից, Իրանից և այլն։
Ֆիլմերը կցուցադրվեն բացօթյա, ամեն օր երեկոյան 7-ն անց կեսից՝ Ուջանի ազատամարտիկների հուշահամալիրում, իսկ օգոստոսի 23-ին, 24-ին, 25-ին, 27-ին և 28-ին նաև Ուջանի Մշակույթի տանը՝ երեկոյան 5-ն անց կեսին։
Ավտոբուսն անվճար կմեկնի Հանրապետության հրապարակից ամեն օր 17:00-ին, իսկ օգոստոսի 26-ին և 29-ին՝ 19:00-ին: Ֆիլմերի ամբողջական ցանկին և ժամացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հատկանշական է ֆրանսիացի ականավոր ռեժիսոր Քրիս Մարկերի 100-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ ցուցադրությունը. ամսի 26-ին կցուցադրվեն «Դիտահարթակը», «Առանց արև»-ը և «Անդրեյ Արսենևիչի մեկ օրը» ֆիլմերը:
Փառատոնի փակման օրը՝ օգոստոսի 29-ին, կցուցադրվի Կարեն Գևորգյանի «Երկընտրանքը» ֆիլմը (2000 թ.), որը պարունակում է բացառիկ կադրեր Արցախյան առաջին պատերազմի ռազմաճակատից և հեղինակի խոհերն այդ հաղթանակին արժանի շարունակություն տալու վերաբերյալ:
Տեքստը՝ Նարե Նավասարդյանի
Մեկնաբանել