
ԱԺ-ում քննարկվում է Կառավարության հնգամյա ծրագիրը
Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման նիստը: Նիստին ներկա է Կառավարության ամբողջական կազմը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, ի նշան բողոքի, դահլիճը լքելու մասին: Նրա խոսքով` կվերադառնան ժողովրդին հուզող հարցերի պատասխանները ստանալուց հետո:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ իր գործընկեր Արմեն Չարչյանի` դատարանի կայացրած կալանավորման որոշմանը:
Նրա համոզմամբ` դատավորի կայացրած որոշումը հակասում է Սահմանադրությանը, հետևաբար դատավորի վարքագիծը պետք է համարժեք գնահատականի արժանանա: Օհանյանն առաջարկեց բոլոր խմբակցություններին հայտարարություններով հանդես գալ, ինչպես նաև պահանջեց գլխավոր դատախազի ներկայությունը խորհրդարանում:
Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդեց` չնայած վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հողատու է ու դավաճան, սակայն նիստին մասնակցելու են Կառավարության ծրագրում տեղ գտած կեղծիքները բացահայտելու համար: Այս խոսքերից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորները տեղից սկսեցին խոսել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ քաղաքացիները հնչեցված մեղադրանքին վաղուց պատասխանել են:
Ինչից հետո վարչապետ Փաշինյանը սկսեց ներկայացնել Կառավարության ծրագիրը:
Մեկնաբանել