HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական ծխախոտի շուկան անկում է ապրում. կրճատվում են բյուջե հոսող հարկերը

2021 թվականի առաջին կիսամյակում  Հայաստանում արտադրվել է 59 մլրդ դրամի ծխախոտ (սիգարետ), որը 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 18.7%-ով։ Կրճատվում է նաև հայկական ծխախոտի արտահանումն ու ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալը:

Ծխախոտի արտադրությունը վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի արդյունաբերության դինամիկ զարգացող եզակի ճյուղերից էր։ Մինչև 2020 թվականի համավարակի տարածումը ծխախոտի արտահանման ծավալները ևս տարեցտարի աճել են՝ դառնալով Հայաստան հոսող արտարժույթի կայուն աղբյուրներից մեկը: Ավելացել է այս ոլորտում աշխատողների թիվը, ոլորտից բյուջե հոսող հարկերի ծավալը։ Սակայն, նախորդ տարվանից ծխախոտագործության ոլորտում սկսված անկումը դեռևս չի դադարում։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ այս տարվա առաջին կիսամյակում (հունվար-հունիս) Հայաստանում արտադրվել է 10.2 մլրդ հատ սիգարետ (սիգարետներ, սիգարներ, ծխագլանակներ և համանման արտադրատեսակներ ծխախոտից կամ դրա փոխարինիչներից): 2020 թվականի նույն կիսամյակի համեմատ այն նվազել է 20.4%-ով։ Ընդ որում՝ 2020-ի առաջին կիսամյակում արտադրված ծխախոտի ծավալները արդեն իսկ նվազել էին 12.4%-ով։

Ծխախոտի արտադրության զգալի անկում է նկատվում 2020 թվականի մարտից, երբ ՔՈՎԻԴ-19 համավարկը սկսեց մեծ տեմպով տարածվել ու վնաս հասցնել նաև տնտեսություն գրեթե բոլոր ոլորտներին: 2020 թվականի տարեկան տվյալներով՝ ծխախոտի արտադրության ֆիզիկական ծավալները կրճատվել են 16.8%-ով:

Այս ինֆոգրաֆիկայում երևում է, թե վերջին տասը տարիներին ինչպես է զարգացել ծխախոտագործությունը, սիգարետի արտադրության քանակը անշեղորեն աճել է մինչև 2020 թվականը: 2020-ին ծավալները կրճատվել են և հասել 2017-ի մակարդակին:  

Ծխախոտի արտադրության կշիռը Հայաստանի մշակող արդյունաբերության կազմում աստիճանաբար աճել է: Եթե 2011 թվականին այն կազմել է ընդամենը 2.5%, ապա 2019-ին հասել է 13.4%-ի, 2020-ին՝ 11%-ի:

Կրճատվում է նաև ծխախոտի արտահանումը

Վերջին տարիներին Հայաստանում արտադրված ծխախոտի մեծ մասը՝ 80-90%-ը, արտահանվում է: Նախորդ տարվանից կրճատվում է նաև արտահանումը:

2020 թվականին արտահանվել է 24.4 մլրդ հատ սիգարետ: Արտահանման ընդհանուր մասքային արժեքը կազմել է 241.1 մլն դոլար: 2019 թվականի համեմատ արտահանման քանակը նվազել է 3.8 մլրդ հատով կամ 13.5%-ով, իսկ արժեքը՝ մոտ 32 մլն դոլարով կամ 11.7%-ով:

Չնայած այս կրճատմանը՝ սիգարետը շարունակում է մնալ Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում: 2019 թվականի տվյալներով սիգարետի կշիռը Հայաստանի արտահանման մեջ կազմել է շուրջ 10%, իսկ 2020-ին՝ 9.5%:

Անկումը շարունակվել է նաև այս տարի: 2021 թվականի առաջին կիսամյակում, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանից արտահանվել է մոտ 101 մլն դոլարի սիգարետ, որը 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է մոտ 10 մլն դոլարով կամ 8.7%-ով:

Տարիների դինամիկան ցույց է տալիս, որ մինչև 2020 թվականն արտադրության աճին զուգահեռ ավելացել է նաև հայկական ծխախոտի արտահանումը:

Հայկական սիգարետը արտահանվում է մեծ մասամբ Իրաք, Սիրիա և ԱՄԷ, ինչպես նաև՝ Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա և այլ երկրներ:

2020 թվականին արտահանված սիգարետի 61%-ը, ըստ քանակի, բաժին է ընկել Իրաքին, 16%-ը՝ Սիրիային, 12%-ը՝ ԱՄԷ-ին:

Հայաստանում լայն պահանջարկ ունեն նաև ներմուծված սիգարետները։  2020 թվականին ներմուծումը ևս կրճատվել է: Մասնավորապես, ներմուծվել է 2.6 մլրդ հատ սիգարետ (մոտ 40 մլն դոլարի)` 2019 թվականի 3.4 մլրդ հատի դիմաց (մոտ 45 մլն դոլարի):

Ծխախոտի արտադրության անկումը բացասաբար է ազդում բյուջեի վրա

Վիճկոմիտեի տվյալներով՝ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվում է հինգ կազմակերպություն: Այդ կազմակերպությունները ներառված են խոշոր հարկատուների ցանկում: Ավելին՝ նրանցից երկուսը վերջին տարիներին առաջին 10 խոշորագույն հարկատուներից են:

Ծխախոտագործության ոլորտում սկսված անկումը բացասաբար է ազդում  պետական բյուջեի եկամուտների վրա: Հատկապես, խոշոր արտադրողների գծով զգալի կրճատվում են բյուջե հոսող գումարները: Հատկապես այս տեսանկյունից, կարևորվում է ծխախոտի շուկայի վերականգնումը, որը ինչպես ցույց տվեց մեր վերլուծությունը, դեռևս իրականություն չի դարձել:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեից ստացվող տվյալների՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն այս տարվա առաջին կիսամյակում չորրորդ խոշորագույն հարկատուն է: Ընկերությունը պետական բյուջե է վճարել 12.9 մլրդ դրամի հարկեր: Որ ծխախոտ արտադրողների գործերը լավ չեն, երևում է նաև նրանց վճարած հարկերի ծավալից: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ «Գրանդ Տոբակո»-ի հարկերը զգալի կրճատվել են՝ 13.3 մլրդ դրամով կամ 50.7%-ով: Դատելով հարկերի ծավալից՝ «Գրանդ Տոբակո»-ն ծխախոտի շուկայի ամենախոշոր արտադրողն ու արտահանողն է:

Խոշոր հարկատուների տասնյակում` 6-րդ տեղում է հայտնվել նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը: Այս տարվա առաջին կիսամյակում վճարած հարկերը կազմել են 10.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճելով 1.1 մլրդ դրամով կամ 12.8%-ով:

Հիշեցնենք, որ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Մասիս Տոբակո» ընկերությունները Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Հոլդինգի» կազմում են:

«Մասիս Տոբակո» ՍՊԸ-ն 2021 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 509-րդ տեղը՝ վճարելով 208.4 մլն դրամի հարկեր: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն նվազել է 67 մլն դրամով կամ 24.4%-ով:

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունը «ՍՊՍ սիգարոն» ՍՊԸ-ն է: Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում 101-րդ տեղում է՝ 1.1 մլրդ դրամի հարկերով: Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ «ՍՊՍ սիգարոն»-ի հարկերը կրճատվել են 161 մլն դրամով կամ 12.7%-ով:

Եվ մյուս արտադրողը՝ «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն, կիսամյակի խոշորների ցանկում 374-րդ տեղում: Վեց ամսում պետական բյուջե է վճարել 291 մլն դրամի հարկեր, որոնք աճել են մոտ 81 մլն դրամով կամ 38.3%-ով:

Ընդհանուր առմամբ, նշված հինգ ընկերությունը 2021 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 24.8 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 37.1 մլրդ դրամի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter