HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիևը հայտարարել է Քաբուլում իր օդանավի առևանգման մասին, իսկ հետո՝ ինքն իրեն հերքել

Անհայտ անձինք Քաբուլի օդանավակայանում առևանգել են ինքնաթիռ, որով Աֆղանստանից պետք է տարհանվեին Ուկրաինայի քաղաքացիները։ Այդ մասին Ուկրաինայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի փոխնախարար Եվգնի Ենինը։

«Նախորդ կիրակի մեր ինքնաթիռն առևանգել են այլ անձինք։ Երեքշաբթի փաստացի մեզնից առևանգել են ինքնաթիռը։ Ուկրաինացիներին տարհանելու փոխարեն այն մեկնել է Իրան՝ ուղևորների անհայտ խմբով։ Մեր հաջորդ երեք փորձերը, տարհանելու մեր քաղաքացիներին, նույնպես չեն հաջողվել, քանի որ ուղևորները չեն կարողացել ժամանել օդանավակայանի տարածք»,- նշել է Ենինը։

Վերջինիս խոսքերով՝ ողջ նախորդ շաբաթ ուկրաինական դիվանագիտական ծառայությունն աշխատել է «քրաշ-թեստ» ռեժիմով։ Փոխնախարարը այլ մանրամասներ չէր հաղորդել։

Փոխարենը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հերքել է ինքնաթիռի առևանգման մասին լուրը։ «Քաբուլում կամ մեկ այլ վայրում ուկրաինական ինքնաթիռի առևանգում չկա։ «Առևանգված ինքնաթիռի» մասին տեղեկատվությունը, որը տարածում են մի քանի լրատվամիջոցներ, չի համապատասխանում իրականությանը։ Արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինն ընդհանուր առմամբ ներկայացրել է դժվարությունների աննախադեպ մակարդակը, որին բախվել են դիվանագետները՝ այդ երկրից ուկրաինացիներին դուրս բերելու ժամանակ»,- Интерфакс-Украина-ին հայտարարել է Նիկոլենկոն։

Աֆղանստանում թալիբների իշխանության հաստատումից հետո Ուկրաինան տարհանման երեք թռիչք է իրականացրել այդ երկիր։ Դրանցից վերջինը Կիևի Բորիսպոլ օդանավակայանում վայրէջք էր կատարել օգոստոսի 23-ի երեկոյան։ ԱԳՆ տվյալներով՝ մինչ օրս Աֆղանստանում մնում է Ուկրաինայի մոտ 50 քաղաքացի։  

Քաբուլի օդանավակայանը շարունակում է մնալ Աֆղանստանը լքելու միակ ճանապարհը։ Այն պահում են ՆԱՏՕ-ի ուժերը, որտեղից իրենց քաղաքացիներին և իրենց աջակցած աֆղաններին տարհանում են Արևմուտքի երկրները։ Իրավապաշտպանների տվյալներով՝ Քաբուլի օդանավակայանի մոտ հավաքվել է մոտ 10 000 մարդ, որոնք փորձում են լքել Աֆղանստանը։ Թալիբների իշխանության գալուց հետո, վերջին մեկ շաբաթվա ընթացքում, օդանավակայանի մոտ զոհվել է առնվազն 20 մարդ։

Լուսանկարը՝ Anna Zvereva-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter