HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ-ի աջակցությամբ նոր գիտական ուղղություններ կզարգանան Արցախում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն Արցախում հանդիպումներ է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ:

ԳԱԱ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Արցախի գիտական կենտրոնի զարգացման և ուժեղացման հարցերը, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

«Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությամբ: Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ   էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի  աջակցությամբ ստեղծվել են առաջին գիտական լաբորատորիաներն Արցախում:

«Կենսաբանական և քիմիական ուղղություններով լաբորատորիաների հիմնական աշխատանքներն ուղղված են կենսատեխնոլոգիական հետազոտություններին: Լաբորատորիաները գործում են նաև ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրերի շնորհիվ:

Համագործակցության շրջանակներում արդեն ութ գիտությունների թեկնածու են պատրաստել, ովքեր այսօր կենտրոնում աշխատում են»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը: Նա կարևորեց, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներն աստիճանաբար ուղղվում են դեպի ապրանքայնացում, ինչը շատ կարևոր է Արցախի տնտեսության զարգացման և նոր տեխնոլոգիաների ներդրման համար: «Մինչև այս տարվա վերջ կենտրոնը կտա իր առաջին արտադրանքը՝ «Նարնե պլյուս» կաթնաթթվային մթերքը՝ արտադրված հենց Արցախի բնական աղբյուրներից անջատված կաթնաթթվային շտամների հիմքի վրա:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ կկազմակերպվի փոքրածավալ արտադրություն, որը լիարժեք կբավարարի ամբողջ Արցախի պահանջարկը»,- ասաց  Աշոտ Սաղյանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների աջակցությամբ  Արցախի գիտական կենտրոնում նոր գիտական ուղղություններով լաբորատորիաների ստեղծման հնարավորությունները: Նախատեսվում է   ստեղծել  երկրաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, աստղաբանության ուղղություններով նոր գիտական  խմբեր կամ լաբորատորիաներ:

«Այն գիտական ուղղությունները, որոնք ընտրվում են Արցախի գիտական կենտրոնի համար, բխում են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարներից՝ գյուղատնտեսության, ռազմական պաշտպանության համակարգի ամրապնդման և այլ հարցերի հետ կապված»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: 

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցեր կազմակերպել ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ և Արցախի գիտական կենտրոն հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման համար»,- ասված է ԳԱԱ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter