HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հոկտեմբերից ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը կամ կպատվաստվեն, կամ ամսական 2 անգամ ՊՇՌ թեստի պատասխան կներկայացնեն

«Այն, որ թվերը օրեցօր ավելանում են, ակնհայտ է, և վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։ Նրա խոսքով՝ հիվանդանոցային հավելյալ մահճակալների ծավալման գործընթացներում են գտնվում։ Նախարարը, ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը, նշեց, որ նկատվում է հիվանդության երիտասարդացում և իրավիճակի վատթարացում, ինչը նշանակում է, որ կլինեն ավելի երկար հոսպիտալացման օրեր։

Նախարարի խոսքով՝ այս պահին 1000-ից ավելի բուժառու օգտվում է հիվանդանոցային պայմաններից, եթե նախկինում վատթարացման օրերը ի հայտ էին գալիս 5-րդ օրից հետո, ապա այս պահին 3-րդ, 4-րդ օրը արդեն նկատվում է վատթարացում։ Խոսեց 20 և 29 տարեկան 2 հիվանդի մասին՝ նշելով, որ թեև երիտասարդ են և չունեն ուղեկցող հիվանդություններ՝ գտնվում են հիվանդանոցում՝ արհեստական շնչառության ապարատին միացված։

Ավանեսյանի խոսքով՝ հիվանդության դեմ պայքարի միակ տարբերակը կանխարգելումն է։ Խոսելով սեպտեմբերին ուսումնական գործընթացի մեկնարկի մասին, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ շատ կարևոր է մինչև դասերի սկիզբը, ուսուցիչների, դասախոսների, ուսանողների պատվաստվելը, ինչը կօգնի կանխելու հիվանդության տարածումը։

ԱՆ նախարարը տեղեկացրեց, որ մոտ 250 հազար պատվաստում են իրականացրել, պատվաստանյութերի պաշարները բավարար են, միայն ունեն «Սպուտնիկ v» պատվաստանյութի մատակարարման ուշացում, և առաջիկայում կստանան նոր խմբաքանակ։

Խոսելով դասերի մասին՝ Ավանեսյանն ասաց, որ որոշում ունեն դասերը սկսել առկա ձևաչափով, սակայն կառաջնորդվեն մարդկանց առողջության պահպանմամբ․ «Այս պահին մենք կսկենք դասապրոցեսը՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, դրանք վերաբերում են դիմակներին։ Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական կազմի համար 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ, կլինեն հղի կամ կունենան այլ հակացուցումներ»,- նշեց Ավանեսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter