
Վարդևանյանը` Փաշինյանին. «Ձեր տրամաբանությամբ` Հիտլերը, եթե վերընտրվեր, ոչ մի բանի համար չպետք է դատվեր»
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը հնարավորություն չի տալիս պետական պահպանության ծառայության աշխատակիցներին քաշքշելու պատգամավորներին: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը` հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Դուք չեք կարող ասել՝ արդյոք «ԱԺ կանոնակարգ» օրենքը ՊՊԾ-ին ինչ լիազորություններ է վերապահում, ես կարող եմ ասել՝ պատգամավորին քաշքշելու պատահական, թե ոչ պատահական վերնաշապիկը ճղելու գործառույթ չի նախատեսում, ու ոչ մի օրենք դա չի նախատեսում»,- ասաց Վարդևանյանը:
Պատգամավորը հիշեցրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Հարությունյանն ասում է, որ տասը օր է հայաստանյան իշխանություններից նոր ուժեր է խնդրում Ստեփանակերտը պահելու համար: Վարդևանյանը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանը տեղյակ էր այդ ձայնագրությունից, և արդյոք այդ դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս կանգնել է նախաքննական մարմնի առաջ: Փաշինյանն ասաց, որ ձայնագրությունից տեղյակ չէ, սակայն պատգամավորի մատնանշած հանգամանքներից տեղյակ է:
«Եւ նաև նոյեմբերի իննի հայտարարությունը ստորագրվել է այդ հանգամանքները հաշվի առնելով....Մեզ համ հող հանձնելու համար են մեղադրում, համ` չհանձնելու: Ինչ վերաբերում է նրան, թե եղել եմ նախաքննության մարմնում, թե ոչ՝ ոչ չեմ եղել, ես եղել եմ ամենամեծ նախաքննության մարմնում, կանգնել եմ ժողովրդի առաջ, և ժողովուրդն իր դատն արել է, իր դատավճիռը կայացրել է: Դուք ստիպված եք էդ դատավճռի հետ հաշվի նստել և համակերպվել»,- ասաց Փաշինյանը:
Վարդևանյանը հակադարձեց` տրամաբանություն չի տեսնում այն հարցում, թե ինչպես է իրավական բնույթի հարցերին պատասխանում Փաշինյանը:
«Ժողովուրդը դատավճիռ չի կարող կայացնել, կարող է գնահատական տալ ընտրությունների միջոցով, բայց դրա համար կա Սահմանադրություն, որ ասում է պետական իշխանությունները բոլորն իրարից անկախ են: Նույն Ձեր տրամաբանությամբ ստացվում է` միջազզային հանցագործություններ գործած Հիտլերը, եթե վերընտրվեր, ոչ մի բանի համար չպետք է դատվեր»,- ասաց նա:
Մեկնաբանել