HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 5.8%-ով

2021 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.8%-ով: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ):

Տնտեսական ակտիվության 12-ամսյա ցուցանիշը (տվյալ ամսվա աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ) շարունակում է թուլանալ։ Այս տարի ամենաբարձր աճը գրանցվել է ապրիլին, սակայն այդ տեմպը չի պահպանվում։

Ապրիլին գրանցվել է 23.2% աճ՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Սա առավելապես բազային էֆեկտով էր պայմանավորված, քանի որ նախորդ տարվա ապրիլին տնտեսությունը  «լոքդաունի» մեջ էր։

Այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, առավել բարձր աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում։ Տնտեսության մնացած հատվածները ավելի համեստ տեմպով են առաջ գնում։

Մասնավորապես՝

  • արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով, 
  • շինարարությունը՝ 2.2%-ով,
  • առևտրի շրջանառությունը՝ 5.2%-ով, 
  • ծառայությունների ծավալը՝ 14.4%-ով։ 

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ։

5.2% աճ՝ յոթ ամիսների կտրվածքով

Տարվա յոթ ամիսների կտրվածքով՝ 2021թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 5.2%-ով։ 

Հարկ է շեշտել, որ գրեթե բոլոր ոլորտներում գրանցվող աճերի վրա էական ազդեցություն ունի բազային էֆեկտը։

2020 թվականին տարածված համավարակի արդյունքում տնտեսությունը անկում ապրեց և այս տարի, երբ համեմատության բազա ենք ընդունում նախորդ տարին, որոշակի դրական միտումներ են նկատվում։ Այսինքն՝ համեմատում ենք ցածր բազա ունեցող ժամանակաշրջանի հետ։

Այս կտրվածքով առավել բարձր աճ է նկատվում շինարարության ու առևտրի ոլորտներում։

Արտաքին առևտուրն աճել է 15.1%-ով

2021 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում (հունվար-հուլիս) Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է  4.306 մլրդ ԱՄՆ դոլար։ 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 15.1%-ով։

Մասնավորապես, արտահանումը կազմել է 1.641 մլրդ դոլար՝ աճելով 23.2%-ով։

Ներմուծումը կազմել է 2.665 մլրդ դոլար՝ աճելով 10.6%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter