HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքական «Bayraktar»-ի ամերիկյան դետալները. կոնգրեսականները Բայդենի վարչակազմին կոչ են անում քննել փաստերը

44-օրյա պատերազմում Ադրբեջանի գլխավոր հաղթաթղթերից մեկը դարձած թուրքական «Bayraktar TB2» անօդաչուները օգտագործում են գլխավորապես Թուրքիայից դուրս արտադրված դետալներ, որոնց մեջ իրենց քանակով առանձնանում են ամերիկյան մասերը: «Հետքի» ձեռքի տակ եղած տվյալներով՝ թուրքական ԱԹՍ-ի վրա կիրառվում է ամերիկյան ընկերությունների կողմից արտադրված առնվազն 6 կարեւորագույն դետալ:

Մինչ այս «Հետքը» գրել է «Bayraktar TB2»-ի վրա կիրառվող կանադական, ավստրիական, բրիտանական, ֆրանսիական ու գերմանական դետալների մասին: Թռուցիկ հիշեցնենք, որ թուրքական դրոնի վրա օգտագործվում են կանադական արտադրության դիտարկման եւ թիրախավորման համակարգ (մատակարար՝ «L3Harris WESCAM»), ինչպես նաեւ ռադիոհաղորդիչ եւ ուժեղացուցիչ («Microhard Systems Inc.»):

Ավստրիական «BRP-Rotax» ընկերությունը թուրքական այս դրոնի շարժիչի արտադրողն է, բրիտանական «Andair»-ն էլ առաքել է վառելիքի պոմպեր:

Մեկ այլ բրիտանական ընկերություն՝ «EDO MBM Technology Limited»-ը, թուրքական ԱԹՍ-ի համար կախոցներ է մատակարարել, որոնց ամրացվել են գերճշգրիտ ռումբերը: Նկատենք, որ «EDO MBM»-ի սեփականատեր «EDO (UK) Limited»-ը պատկանում է ամերիկյան «L3Harris Technologies»-ին, որը նաեւ կանադական «L3Harris WESCAM»-ի մայր ընկերությունն է:

Ֆրանսիական «BERINGER AERO»-ն թուրքական կողմին մատակարարել է դրոնի արգելակման համակարգի հեղուկի տարաներ (բաքեր), իսկ «ASB»-ն ջերմային մարտկոցներ է վաճառում, որոնք կիրառվում են ԱԹՍ-ի կողմից արձակվող «MAM-L» եւ «MAM-C» տիպի գերճշգրիտ ռումբերի վրա:

Թուրքական դրոնն օգտագործում է գերմանական ռադիոբարձրաչափ (արտադրող՝ «s.m.s., smart microwave sensors») եւ վառելիքի ֆիլտր («Hengst»):

Իրավաբանորեն Շվեյցարիայում գրանցված, սակայն ամերիկյան արմատներ ունեցող «Garmin»-ը «Bayraktar TB2»-ի վրա կիրառվող «GNC 255» նավիգացիոն ռադիոյի (Nav/Comm) արտադրողն է: Այսպիսի ռադիոները ոչ միայն հաղորդակցություն են ապահովում, օրինակ, օդանավի անձնակազմի ու վերգետնյա ծառայությունների միջեւ, այլեւ օգնում տեղորոշել օդանավի դիրքը:  

Հոկտեմբերի 19-ին Արցախի երկնքում խոցված թուրքական դրոնի արտասահմանյան դետալների մասին հայտնի դառնալուց հետո «Garmin»-ը հայտարարություն տարածեց. «Ընկերության ուշադրությունն են հրավիրել այն բանի վրա, որ մեր արտադրանքներից մեկն օգտագործվել է «Bayraktar» դրոնների վրա, որոնք կիրառվել են՝ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) անմեղ քաղաքացիական բնակիչներին սպանելու համար: Մենք ամենախստիվ ձեւով դատապարտում ենք այս բռնությունը եւ ցավակցում սպանվածների հարազատներին»: Ընկերությունը շեշտել էր, որ դրոնների վրա կիրառվող արտադրանքը ռազմական բնույթի չէ եւ լայնորեն հասանելի է ձեռքբերման համար: «Այն մշակված կամ նախատեսված չէ ռազմական կիրառման համար եւ նույնիսկ մշակված կամ նախատեսված չէ դրոնների վրա օգտագործելու համար»,- հայտարարել էր «Garmin»-ը՝ հավելելով, որ հետաքննելու է, թե ինչպես է իր արտադրանքը ներառվել դրոնների մեջ, եւ համապատասխան քայլեր է ձեռնարկելու, որպեսզի այդպիսի բան չկրկնվի:

«Bayraktar TB2»-ն օգտագործում է նաեւ ամերիկյան արբանյակային նավիգացիոն համակարգի՝ «GPS»-ի հնարավորությունները: Այդ համակարգի ազդանշանները ստանալու համար թուրքական դրոնի վրա առկա է ամերիկյան «Trimble Inc.»-ի թողարկած ընդունիչը (GPS receiver): 

«Garmin»-ն իր կայքում նշում է, որ եթե իր «GNC 255»-ը կիրառվի «GPS»-ի հետ, ապա նավիգացիոն ռադիոյի հնարավորությունները կմեծանան. այն ցույց կտա օդանավին ամենամոտ աերոդրոմը, ինչպես նաեւ այնտեղի ծառայությունների կողմից օգտագործվող ռադիոհաճախականությունները: Ու չնայած թուրքական դրոնի վրա նավիգացիոն ռադիոն եւ «GPS» ընդունիչը համակցված են, հասկանալի է, որ խոսքը անօդաչու թռչող սարքի մասին է, հետեւաբար երկու սարքերի համատեղ կիրառման նպատակը մի փոքր այլ է:

Օդաչու Դավիթ Սարգսյանը նկատում է, որ մարտական գործողությունների շրջանում «GPS» արբանյակային համակարգից եկող ազդանշանը կարող է խլացվել հակառակորդի կողմից, եւ այդ պարագայում դրոնի կոորդինատները որոշվում են իներցիալ նավիգացիոն համակարգի (INS) միջոցով, որը կախված չէ ռադիոազդանշաններից: Մյուս կողմից՝ իներցիալ համակարգը ԱԹՍ-ի թռիչքի ժամանակ տվյալների թարմացումներ կարող է ստանալ նավիգացիոն ռադիոյի միջոցով, ապա դրանք համեմատել «GPS»-ից ստացված տվյալների հետ ու միջինացնել կոորդինատները:

Ինչ վերաբերում է «Trimble Inc.»-ին, 2020 թ. նոյեմբերի 4-ին Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, որը նախաձեռնող էր նաեւ «Garmin»-ի հետ տարվող աշխատանքներում, հայտարարեց, որ ամերիկյան ընկերությունն արձագանքել է բողոքների ալիքին եւ ավագ փոխնախագահի մակարդակով գրավոր հաստատել, որ դադարեցրել է հետագա վաճառքը թուրքական «Baykar»-ին, որը «Bayraktar TB2»-ի արտադրողն է:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Դեւին Նունեսը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից մահաբեր դրոնների հարվածներն անմիջապես պետք է դադարեցվեն. «Ադրբեջանի հարձակումը ֆանատիկորեն պաշտպանվում է Թուրքիայի կողմից, հետեւաբար ԱՄՆ-ը պետք է Էրդողանին հասկացնի, որ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաները չեն կարող կիրառվել հայերի դեմ` այս ագրեսիվ պատերազմում ճնշում գործադրելու համար»:

Քիչ ավելի ուշ հանրապետական կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ էր արել արգելափակել ԱՄՆ ռազմական կամ երկակի նշանակության արտադրանքի բոլոր նոր, գալիք ու ընթացիկ փոխանցումները Թուրքիային կամ որեւէ այլ երկրի, որը կարող է այդ արտադրանքը հետո փոխանցել Ադրբեջանին. «Հավանաբար տեղյակ եք, որ կան արժանահավատ ապացույցներ առ այն, որ ամերիկյան արտադրության մասերը օգտագործվում են թուրքական «Bayraktar» ԱԹՍ-ների վրա, որոնք Ադրբեջանի կողմից կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Այս հաղորդագրությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն որպես զենքի արտահանման մասին ԱՄՆ օրենքների եւ այլ իրավական ակտերի հավանական խախտումներ»: Բացի դրանից՝ կոնգրեսականը կոչ էր արել անմիջապես կասեցնել ռազմական եւ անվտանգության նպատակներով Բաքվին ուղղվող օգնությունը:

«Bayraktar TB2»-ի վրա առկա է նաեւ ամերիկյան «Viasat Inc.»-ի արտադրած բորտ-մոդեմը կամ ընդունիչ-հաղորդիչը (airborne modem/transceiver), որը նախատեսված է դիտարկման եւ հետախուզության նպատակներով վերգետնյա մոդեմին (graund modem/transceiver) բարձր կամ ստանդարտ որակի վիդեոներ փոխանցելու համար:

Երբ հայտնի դարձավ, որ Կալիֆոռնիայում գտնվող այս հայտնի ընկերության արտադրանքը գործածվում է «Bayraktar TB2»-ի վրա, ամերիկահայերը «Viasat»-ի դեմ բողոքի ակցիա կազմակերպեցին 2020 թ. հոկտեմբերի վերջին: Նրանք ընկերության ուշադրությունը հրավիրել էին այն հանգամանքի վրա, որ վերջինիս արտադրանքն օգտագործվում է Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում։ Իր հերթին «Viasat»-ն ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ նպատակադրված է դադարեցնել մատակարարումները Թուրքիային եւ մոտակա ժամանակները դիմելու է ԱՄՆ պետական կառույցներին՝ պահանջելով քննել, թե ինչպես է Թուրքիան օգտագործում իր տեխնոլոգիաները։ Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ «Viasat»-ի ներկայացուցիչը ցավակցել էր բոլոր զոհվածների ընտանիքներին եւ դատապարտել զենքի կիրառումը խաղաղ բնակչության դեմ, նաեւ պնդել, թե ընկերությունը տեղյակ չի եղել, որ իր արտադրանքն օգտագործվել է խաղաղ բնակչության դեմ ու հիվանդանոցներ ռմբակոծելու համար։ «Ես շնորհակալ եմ այս խաղաղ ցույցի համար։ Հուսով եմ, որ ձեր ձայները կլսվեն, եւ այս ահաբեկչությունը, այս ցեղասպանությունը կանգ կառնի։ Աստված ձեզ օրհնի, իմ սիրտը եւ իմ աղոթքները ձեզ հետ են»,- ակցիայի կազմակերպիչներին ասել էր ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից Քեն Փիթերմանը։

Թուրքական դրոնի կողմից արձակվող «MAM-L» գերճշգրիտ ռումբերի մեջ (արտադրող՝ թուրքական «Roketsan»), ինչպես պարզվել է հոկտեմբերի 19-ին Արցախի երկնքում խոցված ԱԹՍ-ի դետալների ուսումնասիրությունից, օգտագործվում են ամերիկյան «Xilinx, Inc.»-ի արտադրած FPGA միկրոսխեմաներ (չիպեր)՝ «Zynq» ապրանքանիշի:

FPGA տիպի չիպերը մեծ արագությամբ մեծ ծավալի ինֆորմացիա են մշակում, դրանց միջոցով է կատարվում հեռակառավարվող կամ ինքնակառավարվող հրթիռի կամ ռումբի թռիչքի կառավարումը, ուղղորդումը դեպի թիրախը, թիրախի ուղեկցումը: Մի խոսքով՝ այս միկրոսխեմաները կարեւորագույն մասնիկ են ժամանանակից գերճշգրիտ սպառազինության մեջ: 

Հայկական սփյուռքի գործադրած ջանքերի արդյունքում «Xilinx»-ի խոսնակը նոյեմբերի 10-ին հայտարարեց. «Մենք վերջերս տեղեկացել ենք, որ «Xilinx»-ի չիպերն օգտագործվում են հայ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող մարտական դրոնների մեջ: «Xilinx»-ը խստորեն դատապարտում է այս բռնությունը եւ որպես հետեւանք սկսել է մեր առաքման ցանցի աուդիտ՝ պարզելու համար, թե ինչ գործողություններ կարելի է ձեռնարկել՝ նման բռնության մեջ մեր տեխնոլոգիաների օգտագործումը կանխելու նպատակով: Հետաքննությունից հետո մենք մեր լիազորված մատակարարներին կարգադրել ենք կասեցնել առաքումները մի շարք ընկերությունների համար, որոնք, ինչպես պարզել ենք, ներգրավված են այդ սարքավորման (նկատի ունի «Roketsan»-ի ռումբերը – «Հետք») պատրաստման մեջ»:

Նոյեմբերի 22-ին Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտնեց, որ իր կողմից վարվող հետեւողական լոբբիստական արշավի արդյունքում մի շարք ամերիկյան ընկերություններ հայտարարել են, որ դադարեցնում են, կասեցնում են եւ/կամ հետաքննում են իրենց արտադրանքի, ծառայությունների կամ տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին այն բանից հետո, երբ պարզվել է, որ իրենց բաղադրիչներն առկա են զենքերում, որոնք Ադրբեջանն օգտագործում է հայերին սպանելու նպատակով: Այդ ընկերությունների թվում հանձնախումբը նշել է «Garmin»-ին, «Xilinx»-ին, «Trimble»-ին, «Viasat»-ին եւ «BERINGER»-ին: Վերջինս ամերիկյան մասնաճյուղ ունեցող ֆրանսիական ընկերություն է, որն արտադրում է օդանավերի անիվներ ու արգելակներ:

Սակայն «Bayraktar TB2»-ի ամերիկյան դետալների արտադրողների թիվն այսքանով չի սահմանափակվում:

Այդ դրոնի վրա կիրառվում է «CI 120-1» նավիգացիոն անտենա՝ արտադրված ամերիկյան «Comant Industries Inc»-ի կողմից: Այս անտենան նախատեսված է թռչող սարքերի տեղորոշման եւ վայրէջքի համար:

«Bayraktar TB2»-ի վրա օգտագործվում են նաեւ ամերիկյան «MilesTek» ապրանքանիշի կցորդիչներ (արտադրող՝ «Infinite Electronics International, Inc.»):

Այս տարվա հունվարին ԱՄՆ Սենատում պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը քիչ անց դարձավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հայտարարել էր. «Ես գաղափարական խնդիր չունեմ ամերիկյան արտադրողների՝ այլ երկրներին զենք վաճառելու հետ, երբ այս երկրները պահպանում են մարդու իրավունքները եւ միջազգային իրավունքը, որոնք մենք ձգտում ենք ամուր պահել ամբողջ աշխարհում: Իսկ երբ նրանք դա չեն անում, ես այդտեղ խնդիր ունեմ, եւ ահա այստեղ է, որ պետք է երկխոսություն սկսվի պետդեպարտամենտի հետ»:

Տակավին վերջերս՝ հուլիսին, դեմոկրատ կոնգրեսական Դեւիդ Սիսիլինին եւ հանրապետական Գուս Բիլիրակիսը նախաձեռնությամբ են հանդես եկել՝ նամակ հղելով պետքարտուղար Բլինկենին, որում կոչ են արել թուրքական դրոնների արտադրության վերաբերյալ զեկույց ներկայացնել՝ ընդգրկելով հետեւյալ հարցերը. արդյոք թուրքական ԱԹՍ-ները կիրառում են ամերիկյան տեխնոլոգիաներ, որով խախտում են ներկայում գործող պատժամիջոցները, արդյոք Թուրքիայի գործողությունները ՆԱՏՕ-ի կանոնների եւ ակտերի հերթական խախտումն է:

Այս առումով կոնգրեսականները շեշտել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգեր գնելու հանգամանքը եւ Ռուսաստանի ու Պակիստանի հետ մարտական դրոնների եւ հակադրոնային համակարգերի համատեղ արտադրության շուրջ քննարկումները, ինչպես նաեւ Կիպրոսի օկուպացրած հատվածում դրոնների մշտական բազա տեղադրելու թուրքական մտադրությունը:

«Կովկասում, Հարավային Ասիայում, Արեւելյան Միջերկրականում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում կրակի օջախների հետագա ապակայունացման հարցում այս ԱԹՍ-ների պոտենցիալը չափազանց մեծ է, որ անտեսվի: Ցանկանում ենք նաեւ նշել, որ Արցախի մարտադաշտից գտնված ապացույցը հաստատում է, որ «Bayraktar» դրոնները պարունակում են ամերիկյան ընկերությունների եւ օտարերկրյա ընկերությունների ամերիկյան մասնաճյուղերի արտադրած մասեր: Նման տեխնոլոգիաների շարունակական փոխանցումն, ըստ էության, խախտում է զենքի արտահանման վերահսկման օրենքը եւ հակասում է CAATSA-ի պատժամիջոցներին, որոնք Կոնգրեսը դրել է Թուրքիայի, հատկապես՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահության վրա (վերջինս այդ երկրի նախագահի աշխատակազմին ենթակա գործակալություն է եւ համակարգում է համապատասխան ոլորտը – «Հետք»)»,- Բլինկենին ուղղված նամակում գրել են Դեւիդ Սիսիլինին ու Գուս Բիլիրակիսը եւ կոչ արել անհապաղ կասեցնել Թուրքիայի համար դրոնային տեխնոլոգիաների արտահանման թույլտվություններ տալու գործընթացը, մինչեւ պետքարտուղարությունը դիրքորոշում հայտնի:

Սիսիլինին ու Բիլիրակիսը մյուս կոնգրեսականներին կոչ են արել միանալ իրենց: Օգոստոսի 10-ի դրությամբ նամակը ստորագրել էր 27 կոնգրեսական:             

Ամփոփելով վերը ներկայացվածը՝ կարող ենք փաստել, որ ամերիկյան ընկերությունների արտադրանքը առավել քան շոշափելի դեր է խաղացել թուրքական «Bayraktar TB2» դրոնների կայացման գործում, ինչն էլ հետագայում՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, հանգեցրել է հակամարտող ուժերի հարաբերակցության խախտման եւ օդում թշնամու բանակի զգալի առավելության՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:

Թե ինչ քայլեր կձեռնարկի (եթե ձեռնարկի) ամերիկյան վարչակազմը հարեւան տարածաշրջանների հանդեպ աճող ագրեսիա տարածող եւ սեփական ազդեցության սփռման ձգտող թուրքական ռեժիմի նկատմամբ, որն այդ նպատակներով մեծապես կիրառում է նաեւ ամերիկյան տեխնոլոգիաներ օգտագործող իր ԱԹՍ-ները, ցույց կտա ժամանակը: Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու Վաշինգտոնի դաշնակից է համարվում, ԱՄՆ-ում այդ երկրի վերջին ռազմական գործողություններից ու ռազմաքաղաքական որոշումներից ակնհայտ դժգոհություններ են հնչում նույնիսկ ամենաբարձր մակարդակով:  

Մեկնաբանություններ (2)

HAGOP
WHY AREMENIA CARE WHO MAKE DRONE PARTS???? WHO CARES!!!!!!! INSTEAD OF 30 YEARS CORRUPTION AND STEAL MONEY.....ARMENIA COULD HAVE MAKE 1000000 DRONES!!!! MAKE 10000000 OF GUNS!!!! TRAIN POPULATION TO SELF DEFEND!!!! BUILD 100000 SATELITES!!!!! LOOK AT ISRAEL!!!! ALL AROUND WANT TO KILL BUT ISRAEL AND JEW PEOPLE AND GOVERMINT UNITED WITH 1 GOAL!!!!!!! WHY ARMENIANS SO STUPID???? STEAL LAND AND STEAL MONEY FOR 30 YEERS INSTEAD TO MAKE POWERFUL AND RICH ARMENIA!!!!!!!! EVERY ONE WANT TO MOVE TO GLENDEL AND DRIVE MERCEDES!!!!! EASY LIFE!!!!!! NO BLAME PEEOPLE WHO LEAVE ARMENIA THAT LIVE WITH CORRUPT GREED STUPID GOVEMINT!!!!!! SAD!!! SAD!!! SAD!!!!
Ilias Venetantis
A very enlightening article.Actions have to be taken immediately,in order to stop civilians to become casulties in favor of the profit!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter