
«Առավոտն» ու «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը» հաշտվել են
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն» ընդդեմ «Առավոտ» օրաթերթի հանգուցալուծվել է:
Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին քաղաքացիական գործով հայցվորն ու պատասխանողը կնքեցին հաշտության համաձայնություն, որը հաստատվել է դատավոր Է. Ավետիսյանի կողմից:
Ըստ այդմ՝ պատասխանողն ընդունել է, որ 01.12.2010 թ. հրապարակված «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածի մեջ ներկայացվել է չճշտված տեղեկատվություն։ Արդյունքում հոդվածը արատավորել է Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի գործարար համբավը, աշխատակազմի եւ տնօրեն Սմբատ Ջամալյանի պատիվն ու արժանապատվությունը։
Պատասխանողը մինչեւ հաշտության համաձայնությունը հաստատվելը «Առավոտ» օրաթերթում տպագրել է հերքում և Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի պատասխանը։
Իր հերթին հայցվորը, միաժամանակ, պարտավորվել է հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո նույն պահանջով և հիմքով, ինչպես նաև «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածի հիմքով որևէ այլ պահանջով դատարան հայց չներկայացնել ընդդեմ պատասխանողի։
Մեկնաբանել