
Խաչատուր Սուքիասյան. «Երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է»
Իշխող ուժի պատգամավոր, «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը Կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը հայտարարեց` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը եղել է «հողերի տալը հետաձգելու համար»:
«Լավ գիտեք 2004-ի տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք 2016-ի ՊՊԾ գնդի պատմությունը ինչի եղավ, նորից ժամանակ էին ուզում: Իսկ էդ ընթացքում հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ մարդիկ հարստանում էին, պարոն Գևորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք»,- հարցրեց նա` դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանին: Բացասական պատասխան ստանալուց հետո Սուքիասյանն ասաց` Գևորգյանը բիզնես չի արել, սակայն միլիոնատեր է, և հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս, ապա թվարկեց վերջինիս սեփականությունները Երևանի կենտրոնում:
«Մենք չորս եղբայրներով մեր ծնողի հետ տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել, ինձնից խելացի՞ մարդ է, ինձնից ուժեղ տղա է, էդ ո՞նց է էդպես լինում: Բոլորդ լավ գիտեք երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»,- պնդեց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը: Նա շարունակեց` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին:
«Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել, մի մարդ է որոշել` ով ինչ անի, հիմա եկել, ինչն եք պաշտպանում»,- ասաց նա:
Սուքիասյանի վստահեցմամբ` նախկին իշխանությունները ներդրել են օլիգարխ գաղափարը, սակայն որևէ գործարար Հայաստանում նման հնարավորություն չի ունեցել: Ըստ բանախոսի` նման հնարավորություն են ունեցել միայն երկրի առաջին դեմքերը, որոնք ազդեցություն են ունեցել թե՛ քաղաքական համակարգի, թե՛ ուժայինների վրա:
Սուքիասյանը նաև հայտարարեց` եկել և իշխող կուսակցությունում այնպիսի կազմակերպված, գրագետ, հավասարակշռված, տարբեր լեզուների տիրապետող պատգամավորների է հանդիպել, ինչպիսիք չեն եղել նախկին գումարման խորհրդարաններում: Նա, դիմելով ընդդիմությանն, ասաց, որ այնպիսի կարգապահություն է տեսել ՔՊ-ում, որը չկա ընդդիմության մեջ: Պատգամավորը նաև ընդգծեց` իշխող ուժի պատգամավորները հարգալից են խոսում միմյանց հետ և դիմում «Դուք»-ով:
Մեկնաբանել