HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Պատերազմն ավելի ամրապնդեց բժիշկ դառնալու ցանկությունս»

«Ես մինչեւ վերջ համոզված եմ եղել, որ Հաբեթս պոստերում չի եղել: Մանավանդ որ ամեն անգամ զանգելուց ասում էր՝ մամ ջան, մի անհանգստացի, մենք զորանոցում ենք, նկուղներում ենք: Մտածում էի, թե երկու ամսվա զինծառայողին, որ զենք բռնել էլ չգիտի, դժվար առաջնագիծ տանեն, բայց որ հեռուստատեսությամբ էլ զոհվածների ցուցակներում տեսնում էի 2002թ.-ի, 2001թ.-ի ծնվածներ, խառնվում էի իրար, ասում էի, բա որ նորակոչիկներին առաջանագիծ չեն տարել, էս երեխեքը որտե՞ղ են զոհվել: Չգիտեմ, չգիտեմ, անհասկանալի ու դժոխային օրեր էին»,- Աննան չի արտասվում, սակայն մի քանի վայրկյան լռում է՝ հուզմունքը թաքցնելու համար:

Միքայելյանների ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում: Հաբեթը հայկական զինված ուժեր զորակոչվել էր 2020թ.-ի հուլիսին: Տղան նույն տարվա ապրիլին վերադարձել էր Ամերիկայից, որտեղ մեկնել էր 2019թ.-ին դպրոցականների միջազգային փոխանակման «FLEX» ծրագրով: Հաբեթը 12-րդ դասարանն ավարտել է Ինդիանայի նահանգի Պորտլանդ քաղաքում: «Մեր դպրոցի հպարտությունն էր Հաբեթը, Ամերիկայում էլ 12-րդ դասարանը գերազանց էր ավարտել ու մտադիր էր ծառայության գնար-գար՝ ընդունվեր բժշկական համալսարան»,- նկատում է մայրը: 

Զինվորական ծառայության վայրը վիճականահությամբ ընկել է Ասկերանը: Համավարակով պայմանավորված՝ ընտանիքի անդամները չեն կարողացել ներկա գտնվել երդման արարողությանը: Ինչպես շատ ծնողներ, որոնք մարտ ամսից զրկված էին բանակում ծառայող զավակներին տեսնելու հնարավորությունից, Միքայելյաններն էլ էին մտածում, որ աշնանը գուցե սահմանափակումները վերացվեն եւ իրենք հնարավորություն ունենան մեկնելու Ասկերան: Սակայն «աշնան ծրագրերում» Հայաստանի ու Արցախի համար խաղաղություն չէր նախատեսված: Սեպտեմբերի 27-ի պատերազմի լուրն անակնկալ էր, բայց ապրիլյան քառօրյան հիշելով՝ շատերն էի մտածում, որ այս անգամ էլ պատերազմը երկար չի տեւի:

«Սեպտեմբերի 27-ին, որ տագնապ տվեցին, միանգամից գնացինք անվտանգության համար նախատեսված նկուղները, նորակոչիկների մեր խումբն առանձնացրին: Մեզ նախքան պատերազմը շարել էին ու ասել էին, որ նման դեպքերում ով որ գումարտակ պիտի գնա: Մեր խմբի 15 տղաներով երկրորդ գումարտակի 4-րդ վաշտն էինք: Նկուղում 8 ժամից ավելի սպասել ենք մինչեւ մեքենա գա, մեզ տանի պոստեր,- հիշում է Հաբեթը,- մեզ տարան ավտոների կայանման տեղը, մի քիչ հաց տվեցին, առաջինն անգամ պայթյունների ձայնն էդտեղ ենք լսել: Ճիշտն ասած՝ վախեցել էինք, որովհետեւ մեզ շատ մոտ գցեցին արկը: Հետո մեզ տեղափոխել են դիրքեր»:

Հաբեթն ասում է, որ երկու ամսվա ընթացքում 3-4 անգամ են զենքի հետ առնչվել: Եթե չլիներ պատերազմն, ինքը զինվորական ծառայությունը կշարունակեր ու կավարտեր որպես գնդացրորդ: Պատերազմին իր նման անպատրաստ շատ նորակոչիկներ կային: «Ասկերանի զորքը պահում էր Աղդամի պոստերն ու մեզ էնտեղ են տարել: Եթե տեղաշարժվել ենք, դա էլ պայմանավորված է եղել ընդամենը դիրքերի փոփոխությամբ»,- պատմում է Հաբեթը: Իրենց վստահված դիրքում 3 նորակոչիկով են եղել: Հաբեթն ասում է, որ առաջին օրը դիրքի ավագը բացատրել է անելիքը, ասել, որ պետք է սառը դատեն, եւ ցանկացած իրադրությունում հանգիստություն պահպանեն:

«Մի քանի օր անց արդեն տարբերում էինք, թե ինչ զինատեսակից են կրակում՝ մեր ուղղությամբ հիմնականում հրետանի էր աշխատում,- հիշում է զրուցակիցս,- ԱԹՍ-ներն էին շատ, դե մենք հարթավայրային հատվածում էինք, զորքը չէր գալիս, տանկ էլ չէին ուղարկում, վախենում էին, որ կխփենք: Մի անգամ է կոնկրետ տանկ երեւացել ու հետ է գնացել, առաջ չի եկել, մեր երկրորդ գծում հակատանկիստներ կային: ԱԹՍ-ներն էլ ժամ ունեին, արդեն գիտեինք, լինում էր, որ լվացվելու ժամանակ էլ չէինք ունենում, որ դրանք երեւում էին՝ միանգամից մտնում էինք աղվեսափոսի մեջ: Էդ պոստում մի 20-25 օր մնալուց հետո, տեղափոխվել ենք ուրիշ պոստ, էդտեղ էլ մնացել ենք 10 օր, մեզ դիպուկահարներ միացան՝ արդեն շատվոր էինք, տեղ էլ չկար: Ես ու ավելի փորձառու մի զինվոր, որ ձմեռը պիտի զորացրվեր, գնացինք 101-րդ պոստ: Դա շատ մոտ էր Մարտունի 2-ին, ու տղաներն ինձ ասում էին, որ զգույշ լինեմ, քանի որ հակառակորդը շատ մոտ էր, անգամ դեմքերը կարող էինք տեսնել»:

Հաբեթը վիրավորվել է նոյեմբերի 5-ին` գիշերը ժամը 01:30-ի հատվածում: Կես ժամից պիտի ավարտեր հերթափոխը, երբ մթության մեջ ուժեղ լույսի բռնկումից հետո տապալվել է գետնին ոտքի ցավից: «Ինձ թվաց, թե լույսն էկավ, մտավ ոտիս մեջ ու ես միանգամից ընկա,- պատմում է զրուցակիցս,- ձեն տվեցի՝ տղեքն եկան, նախքան էդ, արագ նայեցի ոտքս տեղում է, թե չէ, ու հիշում եմ, որ ցավերի մեջ ժպտացի, որ հա էլի, ոտքս կա: Մի տեսակ երջանկացա, որովհետեւ որ ընկա, միանգամից թուլացա, ինձ թվաց էլ ոտք չունեմ: Տղեքն եկան, միանգամից բրոնեժիլետը հանեցին, շալվարս կտրեցին, ժգուտը կապում էին՝ արյունը չէր կտրվում, ինձ էլ չէին թողնում նայեմ, ասում էին ոչ մի բան էլ չկա, բայց ես իրանց դեմքերից ջոկում էի, որ լուրջ վերք է, որովհետեւ մի տեսակ աղավաղված էր դեմքերը: Դե տղեքն էլ իմ նման ոչ վիրավոր էին տեսել, ոչ էլ էդ ձեւի վերք»:

Սեփական վախերի մասին Հաբեթն արդեն ժպիտով է հիշում: Իր բախտից շտապ բուժօգնության մեքենան շուտ է եկել: Երիտասարդ բուժակը տուփով ինչ-որ փոշի դեղ է լցրել վերքի վրա, սակայն արյունը շարունակել է հոսել: Հետո ինքը հրաժեշտ է տվել զինակից ընկերներին: «Ես հաջող արեցի, բայց տղերքը լուռ էին, ընդհանրապես ոչ մի բան չէին խոսում, ես ասի՝ լավ կլինի: Իրանք ինձ նստեցրին ավտոյի մեջ, ոտքս դրեցին աթոռին ու որ դնում էին, ոնց որ թարս ծալվեր: Բատինկաս հանեցին՝ մեջն ահագին արյուն էր լցվել, հետո մեքենան շարժվեց, շատ արագ էր քշում: Էդ ժամանակ ոտքիս ցավը մի քիչ թեթեւացել էր ու ես մտածում էի՝ արդյո՞ք կենդանի կմնամ, կտեսնեմ մեր տունը, մամային, պապային, քուրիկին: Անընդհատ աղոթում էի, «Հայր-մերն» էի ասում, բայց ցավից կիսատ էի թողնում: Որոշեցի, որ հենց մինչեւ վերջ ասեմ, ուրեմն փրկված եմ ու լրիվ ուժերս հավաքելով՝ մինչեւ վերջ աղոթեցի: Հիմա էլ վստահ եմ, որ Աստված է ինձ պահել,- մի քանի վայրկյան Հաբեթը լռում է, հետո ինչ-որ բան հիշելով՝ շարունակում,- մեքենայի մեջ չէին թողնում քնեմ: Բուժակն աում էր՝ Հաբեթ, Հաբեթ, ասի՝ հա, ինչ եք գոռում վրես, ստեղ եմ»:

Հաբեթի մոտ տպավորվել է, որ իրեն նախ տարել են Խոջալու, հետո Ստեփանակերտ, որտեղ վիրահատել են ու անմիջապես ուղարկել Երեւան: Բոլոր հիվանդանոցներում վիրավոր զինվորներ էին, ազատ տեղ գտնելը դժվար էր, անգամ միջանցքներում էին մահճակալներ դրել: Հաբեթին սկզբում տարել են Մուրացանի հիվանդանոց, հետո տեղավորել Սլավմեդում: Մայրը տղայի վիրավորվելու լուրը ստացել է նոյեմբերի 6-ին:

«Ինքը, որ զանգեց, ասեց, թե ինձ բերում են Երեւան, ես սկզբից չպատկերացրի, որ վիրավոր է: Հաբեթն ասաց՝ թեթեւ քերծվածք է: Ամուսինս ՌԴ-ում էր, ես եղբորս ու մամայիս հետ հասել եմ Երեւան: Իր մոտ մարդ չէին թողնում, ասում էին միայն մայրը թող մտնի, ես էլ վախենում էի մենակ մտնեմ, խնդրեցի, որ տատիկին էլ թողնեն: Առաջինը մամաս մտավ, ես դռան արանքից նայեցի, տեսա դեմքին ոչ մի բան չկար, քնած էր: Որ մտա պալատ, առաջին նայել եմ, թե ոտքերը հավասա՞ր են: Պաչեցի, աչքերը կամաց բացեց, ինձ մի պահ չճանաչեց: Ինքը շատ նիհարած էր, մազերը բիզ-բիզ էին մնացել, անճանաչելի էր դարձել,-Աննան նորից թեքում է հայացքը՝ հավանաբար չարտասվելու համար,- երեւի էդ ժամանակ նոր ողջ խորությամբ զգացի, թե պատերազմն ինչ է, մեր երեխեքի տեսածն ու ապրածն ինչ է»:

Երեք ամիս Հաբեթը բուժվել է հիվանդանոցային պայմաններում: Ամռան ամիսներին վերականգնողական կուրսեր է անցել «Զինվորի տանը»: Առաջիկայում տղային սպասվում է եւս մեկ վիրահատություն: Բժշկական հանձնաժողովի որոշմամբ Հաբեթը ստացել է հաշմանդամության երրորդ կարգ: «Ես միշտ երազել եմ բժիշկ դառնալ,- ասում է Հաբեթը,- պատերազմն ավելի ամրապնդեց որոշումս՝ ուզում եմ նյարդավիրաբույժ դառնալ: Հիմա մտածում եմ առողջությունս վերականգնելու մասին»:

Հաբեթի հայրը վերջին 3 տարին ընտանիքի ապրուստը հոգում է արտերկրում աշխատելով: Աննան վարսավիր է, սակայն վերջին 10 ամիսը չի աշխատել, ասում է՝ չէր կարող արտասվելով մազ հարդարել, հետո էլ Հաբեթին է խնամել: Միքայելյանները հույս ունեն, որ գոնե հաջորդ տարի իրականություն կդառնա Հաբեթի երազանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter