HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի ռուս բաժնետերն ուզում է մեծացնել մասնաբաժինը

Այս տարվա փետրվար ամսին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ռուս բաժնետեր Միխայիլ Զուրաբովը տարբեր հայցերով դիմել է հայաստանյան դատարաններ: Նպատակը մեկն է` Քաջարանի կոմբինատում ունեցած իր 12,5 % բաժնեմասն ավելացնել և դառնալ ձայնի իրավունք ունեցող խոշոր բաժնետեր:

Մ. Զուրաբովն իր բաժնեմասը ԶՊՄԿ-ում ձեռք է բերել 2020թ. փետրվարի 3-ին: Միխայիլ Զուրաբովը, հիշեցնենք, ռուս քաղաքական գործիչ և դիվանագետ է։ 2004-2007թթ․ եղել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարը, այնուհետև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականը՝ 2007-2009թթ։ Այնուհետեւ՝ 2009-2016թթ․, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն էր Ուկրաինայում, ինչպես նաև՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Մ. Զուրաբովն այժմ ներկայացնում է «Մոսկովյան բաժնետիրական ապահովագրական ընկերություն» ԲԸ-ն։

«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն, որի վերջնական բաժնետերը Մ. Զուրաբովն է, պահանջում է ձեռքբերման նախապատվության իրավունքով ԶՊՄԿ-ից վերցնել և հատուցման դիմաց իրեն փոխանցել կոմբինատի սեփական 2,061,253 հատ հասարակ բաժնե­տոմսերը, ընդհանուր՝ ավելի քան 41 մլրդ դրամ անվանական արժեքով:

ԶՊՄԿ-ի բաժնեմասի 25 %-ին դեռևս տիրապետում են անհատները` միջանկյալ ընկերությունների միջոցով, մնացյալ 75 տոկոսն առայժմ ԶՊՄԿ-ի տիրապետության տակ է:

7,5 % մասնակցություն ունեցող Մհեր Պոլոսկովը ԶՊՄԿ-ի նախկին տնօրենն է, այժմ խորհրդի անդամ է:

Գուրգեն Ամբարյանը Նարեկ Ամբարյանի որդին է: Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է: Վերջինս Արդարադատության երկրորդ դասի խորհրդական, Զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի եղբայրն է։ Տիգրան Ամբարյանը դրանից առաջ զբաղեցրել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը։

2,5 % բաժնեմասի սեփականատեր է նաև Կարեն Ալբերտի Հակոբյանը։ Վերջինս «Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի եղբայրը: 

«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն մեկ այլ հայցով պահանջում է կանխել պատասխանողների՝ ԶՊՄԿ-ի բաժնետեր «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ի, դրա 100 %-նոց մասնակից «Սթար դասթ» ՓԲԸ-ի, մյուս բաժնետերեր Մհեր Պոլոսկովի, Կարեն Հակոբյանի և Գուրգեն Նարեկի Ամբարյանի («Սթար դասթ» ՓԲԸ բաժնետերեր) կողմից հայցվորի՝ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի իրավունքների խախտումը՝ պարտավորեցնելով «ՍԹԱՐ դասթ» ՓԲԸ-ին, նախապատվության իրավունքով հայցվորին օտարել «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ կանոնադրական կապիտալում 100 տոկոս մասնակցությունը, իսկ Մհեր Պոլոսկովին (6 բաժնետոմս), Կարեն Հակոբյանին (2 բաժնետոմս) և Գուրգեն Նարեկի Ամբարյանին (2 բաժնետոմս)՝ պարտավորեցնել հայցվորին օտարել «ՍԹԱՐ ԴԱՍԹ» ՓԲԸ-ում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը:

«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն միջնորդել է դատարանին կիրառել հայցի ապահովում, ինչը բավարարվել է: Այդպիսով, Սյունիքի մարզի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները որոշել են մինչև գործերի քննության ավարտը արգելել տնօրինել և արգելանքի տակ դնել ԶՊՄԿ-ի ձեռքբերած սեփական բաժնետոմսերը, որոնք կազմում են 2,061,253 հատ, ինչպես նաև արգելել տնօրինել և արգելանքի տակ դնել «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում «Սթար դասթ» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասը և «Սթար դասթ» ՓԲԸ֊ում Մհեր Պոլոսկովի, Կարեն Հակոբյանի և Գուրգեն Ամբարյանի բաժնետոմսերը:

Բաժնետերերի միջև վեճը ծագել է, երբ ԶՊՄԿ-ն, որի կառավարումը փաստացի իրականացնում են «ԱՄՖ հոլդինգ» ՍՊԸ֊ն և նրա հետ փոխկապակցված անձինք, չի մարել իր սեփական 2,061,253 հատ հասարակ բաժնետոմսերը, որը կազմում է ընկերության կանոնադրական կապիտալի 75 %-ը, որոնք կոմբինատը գնել էր նախկին բաժնետերերից՝ «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ-ից և «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ից: Կոմբինատը, միեւնույն ժամանակ, նույն բաժնետոմսերը չի վաճառել ընկերության բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին:

«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի շահերը ներկայացնում է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունը: «Միաժամանակ, առկա են տեղեկություններ (հիմնավոր կասկած), որ չմարված և բաժնետիրոջը չիրացված բաժնետոմսերը կոմբինատը մտադիր է իրացնել այլ անձանց՝ խախտելով մյուս բաժնետիրոջ՝ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի՝ օրենքով սահմանված գնման նախապատվության իրավունքը, ինչը նաև վկայակոչվել է ներկայացված հայցերի փաստական հիմքերում»,- տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է փաստաբանական ընկերությունը:

Դատական գործընթացներին զուգահեռ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն օրենքի շրջանակներում ձեռնարկում է միջոցներ` պարզելու՝ արդյոք ընկերության ու ընկերության ղեկավարության գործունեությունը համապատասխանել է օրենքի պահանջներին։ «Զանգեզուր մայնինգ»-ը պահանջել է իրականացնել տնտեսական գործունեության համալիր ստուգում բաժնետիրոջ հաշվին, ինչպես նաև՝ անհրաժեշտ տեղեկատվության ստացում ընկերությունից՝ սեփական ստուգումներ կազմակերպելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter