HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սեյրան Օհանյան. «Դուք ուզում եք, ի՞նչ է, ծափահարե՞մ «արայով» խոսելու համար»

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ օրերին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքներին` ներողություն խնդրելով հանրությունից ստեղծված իրավիճակի համար` ընդգծելով, որ պատճառները խորքային են:

«Նախ՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է, պարտվողական քայլերի շարունակականությունը, նախընտրական ժամանակահատվածում ատելության, մուրճ ծեծելու, վախեցնելու քայլերը ու ղեկավարության ոչ վայել արտահայտությունները` դրանց էս եմ անելու և այլն: Խորհրդարանը ռազմական ռեժիմի վերածելը, ոչ ընդունելի «մեղմ լինելու, գլուխ ջարդելու», արայով խոսելով՝ բախում հրահրելը, անվտանգության շատ դանդաղ վարքագիծը»,-ասաց նա:

Օհանյանն ընդգծեց` ավելորդ գովասանքի կարիք չունի, և անկախ ամեն ինչից՝ մարդկային արժանապատվությունն է ամենակարևոր սեփականությունը:

Ըստ նրա` կառավարության գործունեության հնգամյա ծրագիրն այնպես է կազմված, որ փորձում են տպավորություն թողնել, թե նախորդ երեք տարիներին մեր երկրում ոչինչ չի եղել, երկրի սահմանները չեն փոխվել,  չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, չեն առաջացել ահռելի անորոշություններ երկրի համար:

«Դուք պետք է գիտակցեք ու հասկանաք, որ դրա պատասխանատվությունը այսօրվա քաղաքական իշխանությունն է կրում: Չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական, անվտանգության միջավայրի փխրունությունը ու սպառնալիքները չեն ստիպել պաշտպանական-ռազմավարական վերանայում անել: Հույսներս դրել ենք քննիչ հանձնաժողովի վրա, այդ խնդիրները պետական կառույցները պետք է իրականացնեն, իսկ զինծառայության ժամկետի նվազեցումը ոչ ժամանակին ու պոպուլիստական քայլ է»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս պահին տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հայաստանը և Արցախը դնելու է խորը շրջափակման մեջ, իսկ կառավարության ծրագիրը չի արտացոլում Հայաստանի ու Արցախի մարտահրավերները:

Օհանյանի համոզմամբ` իշխանությունն է տարբեր վիճաբանություններով բանակի վարկանիշը փորձում իջեցնել:

«Մեր բանակը բոլոր ղեկավարների օրոք զարգացել է, բայց խոսում են մարդիկ, որոնք բանակից շատ հեռու են, ես չեմ մտնում որևիցե մեկի մասնագիտական կարողությունների մեջ: Հավատացեք, երբ խոսքը գնում է բանակի մասին, ես ավելի շատ կարող եմ և' թերություններ ասել և' դրական կողմերը, որ եղել են: Բոլորի ժամանակ էլ բանակը զարգացել է, և բոլորի ժամանակ ունեցել ենք թերություններ: Խոսում եք դավաճանության մասին, ես առաջին հերթին պաշտպանում եմ այսօրվա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, որովհետև այդ թերությունները եղել են ու այսօր էլ կան»,-ասաց նա:

Օհանյանն իշխանությանը հորդորեց իր հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց առաջ փաստերով խոսել: Նա համոզմունք հայտնեց, որ այսօր էլ երկրում կոռուպցիոն ռիսկեր կան, ուստի պետք չէ դավաճան անվանել այն մարդկանց, ում օրոք կոռուպցիոն ռիսկեր են եղել:

«Դուք ուզում եք, ի՞նչ է, ծափահարե՞մ արայով խոսելու համար։ Ի վերջո, մենք կարող ենք նույն Հայկ Սարգսյանի հետ զրուցել առանձին և հասկանալ, և ամեն ինչը այս տեսարանի վերածելը ոչ թե հատուկ խփելու մտադրություն է եղել, այլ վրդովմունքի: Եւ ոչ թե եթե զենք լիներ, զենք կիրառեի (այս կասկածը Անդրանիկ Քոչարյանն էր հայտնել. հեղ.)։ Ի դեպ, նվիրված զենքեր ունեմ, կարող են գալ ու ստուգել պահպանման իրավիճակը, բայց մի անձնավորություն, որը մարդկային ու մտերիմ հարաբերությունները մեկ վայրկյանում փողոցային, կանացի բամբասանքի է վերածում, նրա հետ խոսելու բան չունեմ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտնեց, որ կառավարության ծրագրի քվեարկությանը չեն մասնակցելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter