
Ադրբեջանցի զինծառայողները փակել են Գորիս-Որոտան ճանապարհը, մարդկանց տեղաշարժը դադարեցված է
Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): «Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ»,- հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Այս միջպետական ճանապարհն ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:
Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է:
Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է:
Լուսանկարը՝ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել