Արմեն Գևորգյանը Շիրակում քննարկել է շինարարական և վերանորոգման աշխատանքները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մարզային այցով եղավ Շիրակում` իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու, առկա խնդիրները քննարկելու նպատակով:
Մարզպետ Ա. Գիզիրյանի, քաղաքապետ Վ. Ղուկասյանի ուղեկցությամբ փոխվարչապետը Գյումրիում եղավ այն հաստատություններում, որոնք նախատեսվում է վերանորոգել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Ընդհանուր առմամբ քաղաքում այս ծրագրով կիրականացվեն մոտ 540 մլն դրամի աշխատանքներ. կվերանորոգվեն ուսումնական, առողջապահական հաստատություններ, փողոցներ, շենքերի տանիքներ:
Քաղաքի թիվ 3 արհեստագործական ուսումնարանում և թիվ 15 դպրոցում Ա. Գևորգյանին ներկայացվեցին շենքային պայմանները, իրականացվելիք աշխատանքների ծավալները: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է առաջիկայում:
Փոխվարչապետը եղավ նաև Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով Գյումրիում կառուցվող նոր բժշկական կենտրոնի շինհրապարակում, առողջապահության, քաղաքաշինության նախարարներ Հ. Քուշկյանի և Վ. Վարդանյանի, Գյումրու քաղաքապետի հետ ծանոթացավ աշխատանքների ընթացքին:
Աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի, և նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցված կենտրոնի շահագործումը նախատեսվում է 2012-ի տարեվերջին: Կենտրոնը որակյալ բուժծառայություններ կմատուցի ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի բնակչությանը:
Գյումրիից Աշոցքի տարածաշրջան մեկնելիս Ա. Գևորգյանը կանգ առավ Մայիսյան համայնքում, ծանոթացավ մշակույթի տան, ամբուլատորիայի պայմաններին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով համայնքի մշակույթի տան վերանորոգման համար հատկացվել է 160 մլն դրամ: Առաջիկայում կսկսվեն շինաշխատանքները, և մինչև տարեվերջ համայնքն արդեն նոր մշակույթի տուն կունենա: Փոխվարչապետը պատասխանատուներին հանձնարարեց մշակույթի տան կաթսայատունը կառուցել այնպես, որ դրանից կարողանա օգտվել նաև ամբուլատորիան:
Փոքր Սարիարի գյուղապետարանում Աշոցքի տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը փոխվարչապետին ներկայացվեցին առկա խնդիրները: Մասնավորապես բարձրացվեց Փոքր Սարիար, Սալուտ, Բաշգյուղ, Կաքավասար, Սարապետ, Ձորաշեն համայնքները միմյանց և Գյումրիին կապող 22 կմ ճանապարհի վերանորոգման հարցը:
Արմեն Գևորգյանի խոսքերով` տրանսպորտի և կապի նախարարությանը կհանձնարարվի մարզպետարանի մասնագետների հետ համատեղ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ գումարի նախահաշիվը:
Հաշվի առնելով, որ համայնքները բարձրլեռնային գոտում են` գյուղատնտեսության նախարարությանը կհանձնարարվի դիտարկել ՀԲ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրում» դրանք ընդգրկելու հնարավորությունը: Իսկ «Հայռուսգազարդ» ընկերությանը և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD) կառաջարկվի ուսումնասիրել նշված գյուղերը գազիֆիկացնելու հարցը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ` քննարկվել են նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր: Ա. Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել գյուղացիական տնտեսություններին մատչելի տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու գործընթացի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել