
Ն. Փաշինյան. «Մենք պետք է հստակ գնանք մեր առաջադրած խաղաղության օրակարգով»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համոզմունքին է, որ ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, և այն գործիչները, որոնք վիճարկում են՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե՞ ոչ, արտաքին ճգնաժամերի հույս ունեն:
Այս մասին խորհրդարանում իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ելույթին, որտեղ նա մտահոգություն էր հնչեցնում Սյունիքի` Հայաստանից կտրվելու մասին:
«Բա ձեզ ներկայացնում էիք Սյունիքի ներկայացուցիչներ, դժվա՞ր էր նիստի գալուց առաջ զանգել իմանալ, տեսնո՞ւմ եք, որ դուք կապ չունեք Սյունիքի հետ, մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություն տալու և ստանալու աղբյուրը, դուք ի՞նչ կապ ունեք Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանայիիք որպես Սյունիքի դոն կառլեոնեներ։ Հիմա մեկը փախել է Անտարկտիդա, դե էնտեղ Ինտերպոլի գրասենյակ չկա, մյուսն էլ, որ փորձում էր իրեն ներկայացնել նորօրյա Մուհամեդ Ալի»,-ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին, թե գաղտնի նոր փաստաթուղթ է ստորագրել: Փաշինյանը հիշեցրեց դեկտեմբերի 19-ի իր ուղերձը, որտեղ խոսել է Գորիս-Կապան և Գորիս-Որոտան-Շուռնուխ հատվածների մասին: Ըստ իր այդ օրվա ուղերձի` հայկական կողմը ջանքեր է գործադրել եռակողմ փաստաթուղթ ստորագրելու և այդ խնդիրները կարգավորելու համար, սակայն նման փաստաթուղթ չի ստորագրվել: Նա հիշեցրեց հաջորդիվ տարածված ՊՆ հաղորդագրությունը, ըստ որի՝ խոսվում է Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի վիճարկելի տարածքների մասին, որտեղ տեղակայվելու են ռուս սահմանապահներ:
«Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ, մենք նման իրավիճակներ կանխատեսել էինք, որ կարող են լինել, և էնպես ենք պայմանավորվել, որ տրանսպորտային երթևեկությունը կարգավորենք և երաշխավորենք, և այդ աշխատանքները կշարունակվեն»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` շատ պինդ նյարդեր են հարկավոր, քանի որ այս գործընթացը մեկ օրում կամ մի ժամում չի կարգավորվելու, ապա վստահեցրեց` իր իշխանությանը հաջողվելու է ստեղծել լիարժեք կայուն միջավայր: Նա հիշեցրեց կառավարության ծրագիրը, որի առաջնային խնդիրը իրավիճակի կայունացումն է:
«Եւ դա նշանակում է ահազանգ մարտահրավերների մասին, մենք պետք է հստակ գնանք մեր առաջադրած խաղաղության օրակարգով, որովհետև սադրանքներն արվում են նաեւ Հայաստանի ներսում այդ օրակարգի նկատմամբ դիմադրություն ձևավորելու և Հայաստանին այդ սադրանքների մեջ ներքաշելու համար: Մենք մեր ռազմավարական գծից պետք է չշեղվենք»,-ասաց նա:
Վարչապետը հայտնեց այսօրվա դրությամբ մահվան վկայականներով արձանագրված պատերազմի զոհերի թիվը՝ 3702 զինծառայող, 75 քաղաքացիական անձ, անհետ կորած է համարվում 243 քաղաքացի:
Մեկնաբանել