HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի նախագիծը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը:

Համաձայն հաստատված օրակարգի` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել են 2012 թ. Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության նախապատրաստման վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել է Համակարգող ազգային հանձնաժողովի կողմից «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ փաստաթղթի մշակման գործում ներգրավված են եղել թեմատիկ աշխատանքային խմբեր և փորձագետներ, անցկացվել են հանրային լսումներ և քննարկումներ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Արդյունքում ստեղծվել է համապարփակ ազգային զեկույց, որում ներկայացված են Հայաստանի կայուն զարգացման ուղիներն ու հեռանկարները:

Հաջորդ հարցով խորհրդի քարտուղար Կարինե Դանիելյանը ներկայացրել է «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի նախագիծը: Զեկույցում հանգամանորեն խոսվում է վերջին տասնամյակում կայուն զարգացման ապահովմանը միտված ձեռնարկումների, պետական կառույցներ - քաղաքացիական հասարակության համագործակցության և «Կանաչ տնտեսության» մասին: Անդրադարձ է արվում հիմնական ձեռքբերումներին, ինչպես նաև համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում առկա մարտահրավերներին: Ծավալված մտքերի շահագրգիռ փոխանակության ընթացքում հնչեցվել են մի շարք հարցադրումներ փաստաթղթում արծարծված խնդիրների վերաբերյալ: Խորհուրդը հաստատել է զեկույցի նախագիծը` հանձնարարելով լրամշակել այն արված դիտողություններով:

Նիստում անդրադարձ է եղել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները: Վարչապետ Սարգսյանն առաջարկել է խորհրդակցություն հրավիրել` հարցի առնչությամբ խորհրդի անդամների հարցադրումները քննարկելու նպատակով: 

Արծարծվել են նաև «Ռիո+20» համաշխարհային գագաթնաժողովին հայկական պատվիրակության մասնակցությանը վերաբերող կազմակերպչական հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter