HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոմանտիկ ու լիրիկական նախընտրական ծրագրեր` չիրականացրած խոստումների փոխարեն

Եթե նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հնարավորինս շատ թվերով փորձում էին ընտրողներին սիրաշահել, թե իրենց կյանքը գալիք 5 տարիների ընթացքում էականորեն բարելավվելու է, ապա այս անգամ հատկապես կոլաիցիայի մաս կազմող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերն ավելի շատ լիրիկական եւ հուզական են, որն ընտրողի վրա ավելի շատ հոգեբանական ազդեցություն է թողնում, քանի որ զերծ են կոնկրետ խոստումներից:

Սա նշանակում է, որ կուսակցություններն իրենց վրայից «գցում» են կոնկրետ պատասխանատվությունը, իսկ եթե գա պահը, կասեն, որ իրենք չեն ասել, թե օրինակ կենսաթոշակը պիտի բարձրացնեն եւ դարձնեն, ասենք, 100.000 դրամ, այլ ասել են, որ կենսաթոշակը պիտի լինի արժանավայել, իսկ թե որքանն է արժանավայել չափը, դա խիստ սուբյեկտիվ է:

Հայաստանի հանրապետական կուսակցություն. ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում անդրադարձել է գրեթե բոլոր ոլորտներին, դրա հետ մեկտեղ լիրիկական զեղումները հենց այս իշխող կուսակցության ծրագրում է ավելի ցայտուն: «Արդարադատություն յուրաքանչյուրի համար» վերնագրից հետո գրված է, որ «կարճաժամկետ հեռանկարում ոստիկանության, դատախազության եւ դատավորների գործունեությունը մեր երկրում կոչված է լինելու ապահովել ցանկացած անձի իրավունքների եւ շահերի համակողմանի պաշտպանությունը, երաշխավորել հասարակության յուրաքանչյուր անդամի համարարդարադատության մատչելիությունը եւ յուրաքանչյուր վեճի արդարացի լուծումը»:

Սա ավելի շատ ինքնախոստովանություն է, քան նախընտրական խոստում, քանի որ ակամայից փաստել են, որ մեր երկրում առայժմ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները չեն պաշտպանում անձի իրավունքներն ու շահերը, իսկ դատարաններում վեճերն էլ արդարացի լուծում չեն ստանում:

Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, ապա  «Տնտեսական քաղաքականության փոփոխությունը» վերնագրից հետո ՀՀԿ-ի հավանաբար բանասիրական կրթություն ունեցող ծրագրի հեղինակները եւս մի քանի «փայլուն» միտք են նշել, դարձյալ անհասցե եւ առանց կոնկրետ թիրախի: Օրինակ` «Հայաստանի հանրապետական կուսակցության արժեհամակարգում կարեւորվում է սեփական աշխատանքով արժանավայել ապրելու երաշխիքների ստեղծումը յուրաքանչյուր քաղաքացու համար», «Հայաստանը կարիք ունի ներդրումների, արդիական ձեռնարկությունների, նոր տեխնոլոգիաների, որոնց ներգրավումը եւ իրագործումը տեսնում ենք պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա» եւ այլն:

Այս բաժնի նախընտրական խոստումը կարելի է ասել ընտրողների աչքերին «թոզ» փչելու համար է, քանի որ երկրում շարունակում է գերիշխել մենաշնորհային տնտեսությունը, իսկ ՀՀԿ-ի «արժեհամակարգով» խորհրդարան անցած գործարար պատգամավորներն անցած 5 տարում ավելի շատ իրենց բիզնեսն են զարգացրել, քան հոգացել ազատ տնտեսական դաշտ եւ մենաշնորհներից զերծ տնտեսություն ունենալու մասին:

Որպես ասվածի ապացույց` 2007 թ. նախընտրական ծրագրում ՀՀԿ-ն խոստացել էր, որ 2012թ-ին Հայաստանում համախառն ներքին արդյունքը կրկնակի աճ է ունենալու: 2007թ-ին ՀՆԱ-ն մոտավորապես 3.1 տրիլիոն դրամ էր, իսկ 2011-ին` մոտ 3,8 տրիլիոն դրամ, աճը` մոտ 22 տոկոս:

ՀՀԿ-ի չիրականացած խոստումներից մեկն էլ վերաբերում էր  աշխատավարձերի կրկնակի բարձրացմանը: Անցած 5 տարիների ընթացքում միջին աշխատավարձը 74.000 դրամից հասել է 115.000 դրամի, այլ ոչ 148.000-ի:

Չի կատարվել նաեւ կենսաթոշակների ու նպաստների 2,5 անգամ աճի, ինչպես նաեւ աղքատության մակարդակի 1,5 անգամ նվազեցնելու խոստումները, ընդհակառակը աղքատությունը երկրում ավելի է մեծացել: Աշխատանքային միջին կենսաթոշակը այս ընթացքում ավելացել է մոտավորապես 10.000 դրամով` 21.370 դրամից հասնելով 31.225 հազար դրամի, իսկ աղքատության նպաստն ավելացել է 8000 դրամով` 21.100 դրամից հասնելով 29.530 դրամի: Եթե 2007 թ.-ին երկրում աղքատության մակարդակը 27 տոկոս էր, ապա այժմ այն հասել է մոտ 37 տոկոսի: Այս հարցում ՀՀԿ-ն կարող է «հպարտանալ», որ 10 տոկոս աճ է ունեցել:

ՀՀԿ-ի նախընտրակն ծրագրում խոստումների հետ մեկտեղ զուգահեռ նշվել է նաեւ անցած տարիների կատարված աշխատանքները: Եթե թերությունների հարցում ՀՀԿ-ն մեղքը բարդում է կոալիցիոն գործընկերների վրա, ապա այս հարցում հաջողություններն ամբողջությամբ «սեփականաշնորհել» է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն. Գրեթե նույն ռոմանտիկան նաեւ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում է արտացոլված: «Մեր խոսքը գործ է» կարգախոսն ունեցող կուսակցությունն այդպես էլ ընտրողների առջեւ խոստումներով չի փորձում պատասխանատվություն ստանձնել, եթե մեծամասնություն կազմի խորհրդարանում, կամ նորից մաս կազմի կոալիցիային: Այս մոտեցումն արդեն իսկ հակասում է կարգախոսին, քանի որ չկա կոնկրետ խոսք, չկա նաեւ գործ: Օրինակ`նախընտրական ծրագրում «Ուժեղ տնտեսություն-բարգավաճ երկիր» վերնագրի ներքո գրված է, որ «Մեր գլխավոր նպատակը բարգավաճ եւ բարեկեցիկ երկրի կառուցումն է, որի նյութական հիմքն ազատական հարաբերությունների, արտադրողականության ու մրցակցության վրա հիմնված եւ դինամիկ զարգացող տնտեսությունն է»: Սա գիտեն բոլորը, նույնիսկ սարերում ապրող հովիվը, սակայն հարցն այն է, որ կոնկրետ առաջարկ է պետք, թե ինչպես անել, որ ունենանք ազատական եւ մրցակցային տնտեսություն, իսկ առաջարկ այդպես էլ չկա:

Մեկ այլ խնդրով էլ կուսակցությունը նշում է, թե ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ արտագաղթի կանխման առաջնահերթ պայմանը երկրում զբաղվածության մակարդակի բարձրացումն է, որի համար պետությունը պետք է որոշակի պարտավորություններ ստանձնի, կատարի դրանք եւ աստիճանաբար ավելացնի այդ պարտավորությունների ծավալները: Սա նույնպես «անատամ խոստում» է, կամ ավելի շուտ` կարծիք, մանավանդ, որ անցնող 5 տարիների ընթացքում կուսակցությունը մասնակցել է երկրի կառավարմանը եւ ժողովրդի համար «չարիք բերող» շատ օրինագծեր անցել են հենց ԲՀԿ-ի պատգամավորների օգնությամբ, հետեւաբար` նրանց մեղքն էլ կա արտագաղթի մեծացման եւ անհավասար մրցակցության ոլորտներում: Այս անգամ էլ չի բացառվում, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, հետեւաբար, նրա հետ կիսի ողջ պատասխանատվությունը, իսկ հաջորդ ընտրությունների ժամանակ` անպատասխանատվությունը:

«Օրինաց երկրի» կուսակցություն.  2008 թ. նախագահական ընտրություններից հետո, ՕԵԿ-ը դարձել է իշխանությունների աջ թեւը եւ հուսալի ընկերը: Կուսակցությունը գրեթե նույն խոստումներն է տալիս, ինչ 5 տարի առաջ: Այս անգամ շեշտադրումն այլ է եւ ծնելիության խթանման համար կուսակցությունն առաջարկում է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը դարձնել 100.000 դրամ, երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 200.000 դրամ, երրորդ երեխայի համար` 500.000 դրամ, չորրորդ երեխայի համար` 600.000 դրամ, իսկ  հինգերորդ երեխայի համար 1 մլն դրամ:

Անդրադարձ կա նաեւ երիտասարդ ընտանիքներին: Օրինակ` երիտասարդ ընտանիքներին պետական երաշխավորությամբ ցածր տոկոսադրույքներով հիփոթեքային երկարաժամկետ վարկերի տրամադրումը, կուսակցությունն առաջարկում է իրականացնել զեղչեր տրամադրելու սկզբունքը' առաջին երեխայի ծնվելու դեպքում` 10 տոկոս, երկրորդի դեպքում` 25 տոկոս, երրորդ երեխայի ծննդյան դեպքում 50 տոկոս, չորրորդի դեպքում` 75 տոկոս, հինգերորդի դեպքում` վարկի լրիվ մարում:

Հետ չմնալով կոալիցիոն գործընկերներից ՕԵԿ-ը եւս պատասխանատվությունից խուսափող դրույթներ է ներառել նախընտրական ծրագրում, օրինակ` «գյուղատնտեսական արտադրանքի իրացման նոր, ժամանակակից ձևերի ներդրում, արտադրող-սպառող շղթայում առևտրային միջնորդ օղակի ծավալի նվազեցում, հանրապետության խոշոր քաղաքներում գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպում», «հարկային և մաքսային օրենսդրության շարունակական կատարելագործում, տնտեսության համար առաջնահերթություն ունեցող բնագավառների զարգացման աջակցության խթանում», «դրամ-արտարժույթ անսպասելի տատանումների բացառումը և գների կայունացման ապահովումը, բանկային գործառույթների թափանցիկությունը, վարկավորման և գրավադրման մեխանիզմների կատարելագործում» եւ այլն:

Ծաղրանկարը՝ cartoonstock.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter