Ի՞նչ ծրագրերում է ներդրում կատարում ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻֆ) դուստր ընկերությունը, շարունակում է ներդրումային ծրագրերը։ Ձեռնարկատերերից ստանում ենք բազմաթիվ հարցեր, թե ինչպե՞ս կարելի է դիմել ծրագրին մասնակցելու համար։ Կազմակերպթյունը ստորև ներկայացնում է առավել հաճախ տրվող հարցերի պատասխանները։
Ի՞նչ նպատակով է ստեղծվել ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ներքո գործող հակաճգնաժամային ֆոնդը։
ՔՈՎԻԴ 19-ի տնտեսական հետեւանքների մեղմացման հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ԱՆԻՖ-ը ստեղծեց հարթակ, որի միջոցով հայաստանյան գործարար համայնքը կարող է դիմել բիզնես ծրագրերի ընդլայնման կամ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով ներդրում ստանալու համար։ Մենք վստահ ենք, որ պետական աջակցությունը բիզնեսին առավել արդյունավետ է, երբ միջոցները ներդրվում են մասնագիտացված մասնավոր ներդրողի հետ համատեղ շահութաբեր բիզնես ծրագրերում՝ ստեղծելով հավելյալ տնտեսական արդյունք։
Այս նպատակով ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ֊-ի ներքո գործում է «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը։
Ի՞նչ ֆինանսավորում է տրամադրվում բիզնեսներին։ Ով կարող է լինել ծրագրի շահառու։
Ընկերություններում ներդրումներն իրականացվում են ընկերության սեփական կապիտալում ներդրման միջոցով։
Ծրագրի դիտարկման և առաջ շարժվելու որոշման հիմքում ներկայացվող ծրագրի տնտեսական կենսունակությունն է և նախաձեռնողի, այն է՝ մասնավոր ձեռնարկության, առնվազն 51% բաժնեմասնակցությունը։ Այսպիսով, մենք աջակցում ենք այն ծրագրերին, որտեղ բիզնեսն ինքը պատրաստ է անել ներդրում` նոր ներդրումային ծրագիր իրականացնելու կամ գործող բիզնեսի ընդլայնման նպատակով։
Արդյո՞ք կան հատուկ ոլորտներ, որոնց տրվում է նախապատվություն։
Ներդրումների նպատակը տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող, մրցունակ ոլորտների զարգացումն է: Դրանք ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտները։
Արդյո՞ք ֆինանսավորման համար դիմած ընկերությունը կարող է մասնակցել համաֆինանսավորմանը միայն գումարով։
Ոչ: Ներդրումը, որը ծրագրի նախաձեռնող ընկերությունը պատրաստ է իրականացնել, կատարվում է ընկերության կապիտալում՝ ինչպես դրամական միջոցների տեսքով, այնպես էլ գույքի տեսքով։ Գույքի տեսքով ներդրում իրականացնելու պարագայում, պահանջվում է իրականացնել գույքի անկախ գնահատում, որի պարագայում գույքի գնահատված արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան Ֆոնդի ներդրման չափն է:
Արդյո՞ք ներդրվող գումարը Ֆոնդը տրամադրում է միանվագ։
Ֆոնդի կողմից ներդրումը կարող է իրականացվել ինչպես միանվագ, այնպես էլ տրանշերով՝ ըստ ներդրումային ծրագրի տրամաբանության, ժամանակացույցի և փուլերի:
Որքա՞ն ժամանակ է Ֆոնդը մասնաբաժին ունենալու համատեղ ծրագրում։
Ֆոնդի մասնակցությունը բիզնեսում առավելագույնը կարող է լինել 10 տարի՝ սկսած 2020 թվականից: Ֆոնդի ելքը ներդրումային ծրագրից կարող է իրականացվել տարբեր ժամկետում։ Մասնավոր ներդրողն ինքը կարող է առաջարկել ելքի ժամկետը: Ելքի ռազմավարությունը կախված ծրագրի առանձնահատկություններից, քննարկվում է միասին և ընտրվում է բիզնիսի հնարավորությունների չափով երկու գործընկեր կողմերի համար լավագույն տարբերակը: Այնուհետև, փոխհամաձայնեցված պայմանները ներառվում են կողմերի միջև ստորագրվող պայմանագրում։ Ինչպես ելքի ժամկետները, այնպես էլ ելքի մեխանիզմը քննարկվում և համաձայնեցվում է գործարքի սկզբնական փուլում:
Ինչպե՞ս է որոշվում ծրագրի եկամտաբեր լինելը, եւ արդյո՞ք արժե այդ ծրագրում ներդնել պետական միջոցներ։
Համաֆինանսավորման համար դիմող մասնավոր ներդրողից պահանջվում է ներկայացնել մանրամասն բիզնես ծրագիր, ֆինանսական հաշվարկներ և կանխատեսումներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ծրագրի IRR-ին՝ (եկամտաբերության ներքին շեմը)։ Ծրագրում ներդրում անելու նպատակահարմարությունը կայացվում է հենց այդ՝ տնտեսական հաշվարկների հիմնա վրա։ Բոլոր ներկայացվող ծրագրերը քննարկվում են ԱՆԻՖ-ի մասնագետների, վերլուծաբանների կողմից, իսկ վերջնական որոշումը կայացնում է ներդրումային կոմիտեն։ Անշուշտ, ցանկացած ծրագրում կան բիզնես ռիսկեր, որոնք ֆոնդի կառավարիչը փորձում է հասցնել մինիմալի՝ ռիսկերի գնահատման և կառավարման ճկուն մեխանիզմների շնորհիվ։
Ամփոփելով, ֆոնդի ցանկացած ներդրում իրականացվում է ֆոնդի կանոններին համապատասխան` հստակ սահմանված կանոններին և չափորոշիչների բավարարելու պարագայում:
Ներդրումներ իրականացնելուց հետո արդյո՞ք Ֆոնդը մասնակցում է ծրագրի կառավարմանը։
Ներդրման արդյունքում Ֆոնդը ծրագրի ընկերությունում դառնում է բաժնետեր, ուստի, օգտվում է ՀՀ օրենքով սահմանաված բաժնետիրոջ բոլոր իրավունքներից։ Ելնելով ծրագրի առանձնահատկություններից, իրականացվում է առավել ակտիվ կամ պասիվ մասակցություն ընկերության կառավարման հարցում։
Ո՞րն է բիզնեսի՝ Ֆոնդի մասնակցությանը դիմելու շարժառիթը։
Կարծում ենք, առաջին հերթին ինստիտուցիոնալ ներդրող ունենալու գաղափարը, որի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել բիզնեսի նշաձողն ավելի գրավիչ մակարդակի վրա, ֆինանսական միջոցների ներգրավումը թե՛ բիզնեսի ընդլայնման, թե՛ նոր ծրագիր սկսելու համար։ Այն, որ Ֆոնդը փաստացի կիսում է բիզնեսի ռիսկը` լինելով բաժնետեր: Բիզնեսը կարող է դիմել բանկային վարկավորման, կամ ֆինանսական լրացուցիչ այլ միջոցներ ներգրավել այլ գործիքակազմով։ Պետական նման աջակցությունը, նման գործիքակազմով ընդունված մոտեցում է ամբողջ աշխարհում։ Այն հնարավորություն է ընձեռում եւ' աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որը տարբեր պատճառներով կարող է գերադասել չդիմել բանկային վարկավորման, եւ' հանրային միջոցները ներդնել լրացուցիչ տնտեսական արդյունք ստեղծելու նպատակով։
Ի՞նչ ծրագրերում է մինչ այժմ մասնակցվել Ֆոնդի միջոցով։
Ֆոնդը ստեղծվել է 2020 թվականի մայիսին, իսկ փաստացի ներդրում անելը հնարավոր դարձավ միայն տարվա վերջում։ Արդեն ունենք համատեղ ծրագրեր, որոնք կա'մ ընթացքի մեջ են, կա'մ ստորագրվել են պայմանագրերը եւ ծրագրերը կմեկնարկեն շուտով։ Դրանք իրականացվում են գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտներում։ Ընթացիկ եւ շուտով մեկնարկող ծրագրերից են՝ մասնավոր բուժ. կենտրոնի ընդլայնման, անասնակերի աճեցման, զբոսաշրջության ոլորտում միջազգային բրենդի ներմուծման, բեռնափոխադրող ընկերության ընլայնման եւ այլ պրոեկտներ, որոնցից յուրաքանչյուրին առաջիկայում կանդրադառնանք։
Ո՞վ կարող է դիմել։ Արդյո՞ք միջոցները դեռ հասանելի են։
Այո, միջոցները հասանելի են։ Ֆոնդի ստեղծման նպատակն է՝ շարունակական աջակցություն ցուցաբերել բիզնեսին հատկապես հետճգնաժամային շրջանում եւ նպաստել տնտեսական երկարաժամկետ արդյունքի բարելավմանը։ Դիմել կարող է ցանկացած մասնավոր ընկերություն կամ մասնավոր ներդրող՝ պայմաններին համապատասխանելու դեպքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել