Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից հաշտեցման հայտարարությունների ֆոնին։ Այդ մասին հայտարերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հիշեցնենք, ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ է տեսնում՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում։ «Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրականով կպատասխանենք»,- նշել էր Փաշինյանը։
Իր հերթին Էրդողանը հաջողություններ է մաղթել Հայաստանի նոր կառավարությանը։ «Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է կառուցողական մոտեցում։ Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանական հարաբերությունների զարգացումը պետք է իրականացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է Էրդողանը՝ Սարաևո կատարած այցից վերադարձի ճանապարհին։
Նրա խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվել և համագործակցության համար պայմաններ ստեղծել կարելի է միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։
«Հենց այդ տրամաբանությամբ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է սկսել բանակցություններ՝ համապարփակ խաղաղության պայմանագրին հասնելու համար։ Նման մոտեցման շնորհիվ Հարավային Կովկասի զարգացման համար ի հայտ կգան նոր հնարավորություններ։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր երկրների հետ, որոնք ցանկանում են օգտագործել այդ պատմական հնարավորությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Վերջինս նաև հավելել է, որ օրակարգում է «Հինգի հարթակ»-ի կամ «Վեցի հարթակ»-ի ստեղծման առաջարկը, որին կմասնակցեն Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ «Մենք առաջարկել ենք այստեղ ներառել նաև Վրաստանին։ Եթե այդպիսի հարթակ կազմակերպվի, տարածաշրջանում ավելի հանգիստ իրավիճակ կլինի»,- հավելել է Էրդողանը։ Նա նաև նշել է, որ հարցը քննարկել է Պուտինի ու Ալիևի հետ, իսկ առաջիկայում այդ մասին պատրաստվում է խոսել նաև Իրանի նորընտիր նախագահ Էբրայիմ Ռայիսիի հետ։
Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել