HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թաթուլը մինչև հիմա մեզ է նայում չխամրող վառվռուն աչքերով»

Ապրիլի 21-ին ՀՀ ազգային հերոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանը կդառնար քառասունյոթ տարեկան (Թաթուլը ծնվել է Արեգ գյուղում 1965-ին): ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը հիշում է իր երբեմնի ուսանողի մասին` ասելով, թե հերոս Թաթուլը իր սրտում, իր ամբողջ էության մեջ աստծուց տրված կայծ ուներ, անսահման սեր դեպի սեփական ժողովուրդը:

«Մենք պարտավոր ենք հավերժ պահել այդ մարդկանց հիշատակը, նրանց օրինակը մեզ պետք է լինի դաս,- ասաց Ա. Սիմոնյանը և հավելեց, - ուզում եմ, որ մեր ուսանողները ոչ միայն նկարով ճանաչեն հերոսներին, ոչ միայն նրանց արածով, այլև մտքով կապվեն այդ հերոսների հետ, ստանան այն կենարար ուժը, որ փոխանցվի իրենց: Սա կլինի մեր  ժողովրդի հարատևման գրավականը: Տասնհինգ տարի առաջ այս օրը Թաթուլը գործեց անօրինակ սխրանքը. գիտակցված գնաց դեպի ինքնազոհության և հավերժացավ բոլորի սրտերում»:

Թաթուլ Կրպեյանի դասախոս Արտավազդ Դարբինյանի համար այս օրը հակասական զգացումների օր է. «Եվ սրտի կսկիծ, և հպարտության օր է այսօրը ինձ համար»: Դասախոսի կարծիքով՝ Թաթուլը ունեցել է կյանքի երկու հանգրվան. «Առաջինն իր պապերի հիշողություն կորցրած հայրենիքի հանգրվանն էր` հարազատ Կարսը, Նախիջևանը, իսկ երկրորդը՝ այն գյուղը, որտեղ նա անմահացավ»:

Թաթուլն անմահացավ, որ գալիք սերունդները գիտակցեն ու հասկանան, թե վճռական պահին ինչպես կարող է գործել հայ երիտասարդը, հայ մարդը: Հերոսի դասախոսը ցավով է նշում, որ Թաթուլը չտեսավ Շուշի ազատագրումը. «Բայց Թաթուլը և նրա նմանները գծեցին այդ ճանապարհը հաղթանակի»:

«Փառք և երանի Թաթուլին, որ կարողացավ իր ամենանվիրականը, ամենաարժանին նվիրել իր ազգին»,- ասաց հերոսի եղբայրը` Մանվել Կրպեյանը: Իսկ ահա Թաթուլի մարտական ընկերը` Արա Ավագյանը, գտնում է, որ իրենց սերնդին բաժին ընկավ քաղաքական քարտեզի կտրուկ վերաձևման ժամանակաշրջան, և այդ փոփոխությունները ուղեկցվում են  ժողովրդի համար մեծ զրկանքներով: «Հարավային Կովկասի քարտեզը այնպես էր խեղված թուրքբոլշևիկյան դավադրությամբ, որ իրավական անկախություն ունենալու համար, ներառյալ Արցախի ազատությունը, պայքարը դառնում էր անխուսափելի անհրաժեշտություն,- ասաց Թաթուլի մարտական ընկերը և հավելեց, - ժամանակին հզոր սովետական երկիրը փլուզման եզրին էր և իր ամբողջ ուժով փորձում էր սանձել սանձերը կորցրած Հայաստանին:  Նման պայմաններում ընդվզել էր պետք, շատ արի լինել: Այդ պատճառով էր, որ մեր առաջին ազատամարտիկները ընտրյալներ էին, նրանցից էր նաև Թաթուլը»:

«Ժամանակները անցնում են, մենք փոխվում, սակայն Թաթուլը մինչև հիմա մեզ է նայում չխամրող վառվռուն աչքերով»,- եզրափակեց Ա. Ավագյանը:

Լիլիթ Ստեփանյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter