HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կլեպտոման. սովորական գո՞ղ, թե՞…

Հարցազրույց հոգեբան Վարդիշաղ Համբարձումյանի հետ

Ովքե՞ր են կլեպտոմանները:

Կլեպտոմանիան գողություն կատարելու հոգեբանական ձգտումն է, որն ի հայտ է գալիս իմպուլսիվ ձևով, ինչպես սերն առաջին հայացքից: Իսկ գողությունը սովորաբար նյութական շահ չի հետապնդում. գողացված իրը կլեպտոմանին առհասարակ պետք չէ: Սակայն այն գողանալու ցանկությունն անհաղթահարելի է, ընդ որում` գողության գործողությունը կատարելիս կլեպտոմանը հաճույք է զգում: Հետագայում նա կարող է խորապես ամաչել իր արարքի համար կամ տառապել մեղքի զգացողությունից, սակայն գողության պահին անհատը վայելքի գագաթնակետին է: 

Որտեղի՞ց է սկիզբ առնում կլեպտոմանիան:

Դա կամային խախտում է` կապված սովորության, հակման խախտման հետ: Ինչ-որ մի բան ձգտում, ստիպում է դիմել նման քայլերի: Կան հակման մի շարք խախտումներ` ձգտում դեպի թափառաշրջիկությունը, պիրոմանիա (երբ մարդ հաճույք է ստանում կրակի տեսքից և հրդեհներ է կազմակերպում): Կլեպտոմանիան որոշ չափով նման է խաղամոլությանը: Մարդը առանձնահատուկ հաճույք է ստանում ռիսկից, նյարդախաղից, յուրատեսակ խաղից, որում գրավում է այն, որ դու չես բռնվել: Դա հաճույք ստանալու յուրատեսակ մեխանիզմ է: Կլեպտոմանիան գրեթե նույնն է, պարզապես ռիսկի աստիճանը զգալիորեն ավելի փոքր է: Մոտոցիկլավարի մոտ առկա է կյանքի նկատմամբ ուղղակի սպառնալիք, իսկ կլեպտոմանի մոտ` անուղղակի, այն է` սպառնալիք սոցիալական ազատության նկատմամբ:

Հարկավո՞ր է արդյոք վախենալ կլեպտոմաններից

Նրանք ավելի մեծ վտանգ են ներկայացնում իրենք իրենց համար. գիտեն իրենց հակվածությունը, ամաչում են դրանից և մշտապես վախենում կատարած գողությունների համար պատժվելուց: Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ կլեպտոմանիան ամենից պրոֆեսիոնալ չիրացվող խախտումն է: Օրինակ` պիրոմանը կրակի հանդեպ իր հակվածությամբ կարող է որոշել հրշեջ դառնալ: Վտանգի թույլ զգացում ունեցող մարդիկ կարող են հիանալի փրկարարներ կամ կասկադյորներ դառնալ: Մինչդեռ կլեպտոմանն ընտրության հնարավորություն չունի:

Կլեպտոմանը հիշու՞մ է գողության պահը:

Այո, ընդ որում շատ հստակ: Կլեպտոմանիայի դեպքում հիվանդը ստիպված է իրեր գողանալ նույնիսկ այն դեպքում, եթե դրանք նրան պետք չեն: Ձեռքերն իրենք իրենց են վերցնում այդ ամենը` թղթի ամրակներից սկսած, վերջացրած զուգարանի թղթի փաթեթով, հյուրանոցի հողաթափերով կամ նույնիսկ դռան բռնակներով: Գիտնականները համարում են, որ պատճառը ուղեղի գորշ նյութում առկա միներալների դիսբալանան է: Այս հիվանդությունը բավական հայտնի է, և դրանից ելնելով, շատերը, թաքնվելով դրա տակ, փորձում են արդարացնել իրենց տարրական ժլատությունը:

Հնարավո՞ր է արդյոք բուժվել կլեպտոմանիայից:

Ընդհանուր առմամբ, ինչ վերաբերում է հակման խախտումներին, ապա դրանք շատ ավելի դժվար են ենթարկվում բուժման, առավել ևս, որ մենք գրեթե չգիտենք, թե այն որտեղից է ի հայտ գալիս:

Կլեպտոմանիա նշանակում է կիրք դեպի մանր գողությունները: Այս տերմինը առաջացել է XIX դարի սկզբներում, երբ ֆրանսիական հոգեբուժական դպրոցը զարգացնում էր այսպես կոչված մոնոմոլուցքների մասին տեսակետը, որի կողմնակիցները համարում էին, որ հոգեկան հիվանդությունը կարող է կայանալ սպանության, ինքնասպանության, հրդեհելու և այլ ձևի հիվանդագին հակումներով՝ առանց որևէ ուրիշ խանգարման երևույթների: Այս տեսանկյունից նայելով՝ կլեպտոմանիան քննարկվում էր որպես գողության հակումով բնութագրվող մոնոմանիա:

Լիլիթ Ստեփանյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter