
Հայաստանում հազարավոր մարդիկ նորությունների են սպասում իրենց անհետ կորած հարազատների մասին
Այսօր անհետ կորած անձանց միջազգային օրն է, որը հիշատակում է զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհայտ կորած հարյուր հազարավոր անձանց։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Արցախում 2020 թվականի պատերազմի հետեւանքով անհետ կորած անձանց մասին, այն ներկայացնում ենք առանց խմբագրման:
Այս տարածաշրջանում հազարավոր մարդիկ անհետ կորել են Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Հազարավոր ընտանիքներ շարունակում են տառապել՝ անտեղյակ իրենց սիրելիների ճակատագրի մասին։ Այդ մշտական անորոշությունը հուզական առումով հյուծում է ընտանիքներին, թողնում չսպիացող վերքեր։ Ընտանիքներն ապրում են անորոշության խավարում՝ հույսի և հուսալքության սահմանագծին՝ չկարողանալով հաշտվել կամ սգալ։
«Չգիտեմ՝ տղաս որտեղ է, չգիտեմ՝ ո՞ղջ է․․․ ոչինչ չգիտեմ,- ասում է Հայկանուշ Մանուկյանը, որի որդին անհայտ կորել է 2020 թ․-ի աշնանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով:- Խնդրում եմ բոլոր կազմակերպություններին, բոլորին։ Եթե ինչ-որ մի բանով կարող եք օգնել, որևէ տեղեկություն իմանալ, անտարբեր մի՛ եղեք, մի բան արեք»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր փորձագիտությամբ աջակցում է պատկան մարմիններին՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու և ընտանիքներին պատասխաններ տրամադրելու ուղղությամբ։ Մենք համագործակցում ենք շահագրգիռ կառավարական կառույցների հետ ողջ տարածաշրջանում՝ առաջարկելով մեր տեխնիկական փորձագիտական աջակցությունը։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության միջոցով մենք նաև կիսում ենք աշխարհի այլ երկրներում ԿԽՄԿ-ի կուտակած փորձը ՝ ի աջակցություն Հայաստանի իշխանությունների ջանքերին։
«Մենք ցանկանում ենք, որ անհետ կորած անձանց ընտանիքներն իմանան՝ նրանց հարազատները չեն մոռացվել։ Դուք միայնակ չեք, և մենք շարունակելու ենք աջակցել իշխանություններին՝ ձեռնարկելու հնարավոր բոլոր միջոցներն ընտանիքներին պատասխաններ տրամադրելու համար։ Ընտանիքներն իրավունք ունեն իմանալ՝ ինչ է պատահել իրենց հարազատների հետ, և իշխանությունների պարտականությունն է պաշտպանել այդ իրավունքը»,- ասել է ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին։
Լուսանկարում` Անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ցույցը ՀՀ կառավարության առջեւ, 26.11.2020/Հետք
Մեկնաբանել