HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ի՞նչ է կատարվել Խծաբերդի և Հին Թաղերի դիրքերում․ փոխգնդապետ Ղազարյանը մանրամասներ է ներկայացնում

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 անձանց գերի ընկնելու առթիվ հարուցված քրեական գործով մեղադրվող փոխգնդապետ Արսեն Ղազարյանը պատերազմից հետո սրտի իշեմիկ հիվանդություն է ստացել, այժմ ստացիոնար բուժման մեջ է, բայց պաշտպանների խնդրանքով այսօր եկել էր ասուլիսի։ Վաղը դատարանը քննելու է Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, պաշտպանն ասում է՝ գուցե այս շրջանում Ղազարյանն այլևս հնարավորություն չունենա հանրությանը ներկայացնել այն իրողությունները, որոնց մասին պետք է խոսել:

Պատերազմից հետո՝ դեկտեմբեր ամսին Արսեն Ղազարյանն իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է Հադրութի շրջանի Հին Թաղերի ու և Խծաբերդի դիրքեր, որտեղ անձնակազմը տեղակայվել է Ղազարյանի վերադասի հրամանի հիման վրա։ Տեղաբաշխումը, Ղազարյանի պնդմամբ, եղել է այնպիսին, որ ենթակա ստորաբաժանումների հետ, որոնց մեջ են եղել գերի ընկած անձինք, կապը կտրվել է:

Երբ փոխգնդապետն ուզում էր խոսել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն ադրբեջանական կողմին հանձնելու և այդ տարածքում գերեվարված անձանց մասին, ձայնը սկսեց դողալ։ Հուզմունքի համար ներողություն խնդրեց լրագրողներից ու բացատրեց, որ իր համար բարդ է պատերազմի մասին խոսելը։

«Այն անձնակազմը, այն զինծառայողները, այն պահեստազորայիններից կազմված ստորաբաժանումը, որը պատերազմի ընթացքում ինձ հետ քայլել է մարտադաշտով և անվերապահորեն կատարել վերադասի կողմից տրված խնդիրները, բոլորն ինձ ճանաչում են, բոլորը գիտեն, որ ես այն սպան չեմ, այն գիտելիքներով կրթված և ճանապարհ անցած սպան չեմ, որ մարտադաշտում զինվորին մենակ թողնեմ»,- ասաց Ղազարյանն ու նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքներն իր համար անգամ ծիծաղելի են։

Ղազարյանին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրված, որոնց թվում՝ զենք գործադրելուց հրաժարվելը, հրաման չկատարելը, մարտական դիրքը թողնելը։

Փոխգնդապետը պատմեց, որ ինքը գտնվել է Խծաբերդի դիրքերում։ Դեկտեմբերի 9-ից սկսած՝տարածքը հակառակորդի կողմից մեծաքանակ ուժերով տեղաբաշխումներ է կատարել, որի մասին ինքը վերադաս հրամանատարությանը հայտնել է բջջային կապով, քանի որ ռադիոկապը չի աշխատել։

Արսեն Ղազարյանը պատմում է, որ դեկտեմբերի 11-ին տեղեկություն են ստացել, որ իրենցից ձախ (խոսքը Հին Թաղերի մասին է) հակառակորդի կողմից տեղի է ունեցել բացահայտ հարձակում, կան վիրավորներ։ Փորձել են տվյալ անձնակազմին տարածքից տարհանել, վիրավորներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

«Քանի որ տվյալ տեղանքը բարձրադիր էր, անանցանելի էր, մեքենաներ չկային, ամեն ինչ կատարվել է ոտքով։ Նույնիսկ փորձել ենք տարածքից ձիեր հայտնաբերել և օգտագործել թե՛ սննդի մատակարարման, թե՛ տեղանքում տեղաշարժվելու համար։ Դեկտեմբերի 11-ի բացահայտ հարձակումից հետո ձախ թևի անձնակազմը տվյալ տարածք ժամանած ռուս խաղաղապահների և մեր ստորաբաժանման վերադաս հրամանատարության կողմից Հին Թաղերի տարածքից տարհանվել է, և Խծաբերդ գյուղի միջով, որտեղ գտնվել եմ նաև ես՝ փոքր անձնակազմով, դուրս բերվել»,- պատմեց Ղազարյանը։

Ըստ փոխգնդապետի՝ հետո իրենք՝ փոքր անձնակազմով, ուժեղացրել են իրենց մյուս մարտական դիրքը, որն իր աշխարհագրական դիրքով մատակարարման կետ է եղել, որպես այդպիսին մարտ վարելու համար՝ անբարենպաստ հատված։

Ղազարյանն ասում է, որ ինքը տիրող իրավիճակի մասին փորձել է տեղյակ պահել վերադաս հրամանատարությանը՝ ակնկալելով, որ խնդիրներ առաջադրվեն, թե ստեղծված իրավիճակում ինչպես վարվել, քանի որ իրենց հրահանգված էր պատերազմի ավարտից հետո հրադադարը պահպանել, կրակոցներ չարձակել ու հակառակորդի հետ մարտի չբռնվել։

Դեկտեմբերի 13-ին՝ օրվա երկրորդ կեսից հետո, արդեն ադրբեջանական կողմից բացահայտ հարձակում է տեղի ունեցել այն դիրքի վրա, որտեղ Ղազարյանն է գտնվել։

Վերջինս պատմում է, որ հարձակումից առաջ հակառակորդի ստորաբաժանման ղեկավարը փորձել է իրենց հետ բանակցություններ վարել, պահանջել հանձնվել, հանձնել զենքերն ու տարածքը լքել։ Ղազարյանը պահանջը չի կատարել, կատարվածի մասին վերադաս հրամանատարությանը տեղեկացրել է, բայց իրենց հրահանգել են հանգիստ մնալ, հայտնել են, թե հակառակորդը չի հարձակվելու իրենց վրա, որ պայմանավորվածություն կա, բանակցություններ են վարվում, տվյալ տեղամասում ռուս խաղապահներ չեն ներգրավվելու։

«Հակառակորդը պահանջել էր 20 րոպեում մարտական դիրքերը լքել, բայց մենք չենք կատարել։ Չանցած 20 րոպե բացահայտ հարձակում է տեղի ունեցել»,- պատմեց Ղազարյանը։

Վերջինս նշեց, որ ինքը մինչ այդ փորձել է հետախուզություն վարել և հակառակորդի տեղի, դիրքի, քանակի, սպառազինության և տեղաբաշխվածության վերաբերյալ ինֆորմացիա հավաքել, քանի որ վերադասից իրենց նման ինֆորմացիա չի տրամադրվել, իրենց զուտ հրահանգվել է մարտական հերթապահություն իրականացնել։

Ըստ փոխգնդապետի՝ դեկտեմբերի 13-ի բացահայտ հարձակման ժամանակ, երբ արդեն երկու վիրավոր ունեին, զինամթերքն ավարտվել էր, այլևս հնարավոր չէր պահել տարածքը, երբ հակառակորդի ուժերը շուրջ 12-15 անգամ ավել էին, իրենք փորձել են կատարել մարտավարական հնարք, զբաղեցնել ավելի բարենպաստ տարածք, վերադաս հրամանատարության հետ կապ հաստատել, օգնություն, մարտ վարելու միջոցներ խնդրել, որ տարածքը չհանձնեն։

«Ոչ մի օգնություն չի եղել, մնացել ենք մենակ»,- ասաց Ղազարյանն ու նշեց, որ հարձակման պահին արդեն բջջային կապ էլ չի եղել։

Անձնակազմի մարտավարական հնարքից հետո արդեն վերադաս հրամանատարության հետ հնարավոր է եղել կապ հաստատել, և իրենց անձնակազմը տեղափոխվել է Գյումրի։

Ղազարյանի պաշտպաններից Վահան Հովհաննիսյանն ասում է՝ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի քննությունից ստացվում է, որ պարտության, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման միակ պատասխանատուն Արսեն Ղազարյանն է։

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Ղազարյանը 14 օր շարունակ մարտական առաջադրանք է կատարել Ջրականում, ու հիմա այս անձին մեղադրում են զենք գործադրելուց հրաժարվելու մեջ։

Ըստ պաշտպանի՝ Ղազարյանի մեղադրանքն անորոշ է, որի պայմաններում իրենք արդյունավետ պաշտպանություն իրականացնել չեն կարող։ Հովհաննիսյանն ասում է, որ թեև Ղազարյանի ստորաբաժանումը Հին Թաղերում մարտական հերթապահություն չի իրականացրել, նրան մեղադրում են նաև Հին Թաղերը հանձնելու մեջ։

«Ինչ ունեցել են ձեռքի տակ, բոլորն Արսեն Ղազարյանի մեղադրանքի որոշման մեջ է դրվել»,- ասաց պաշտպանը, որը մեղադրանքի որոշումն իր հետ բերել էր հանդիպմանը, դրա մի հատվածն ընթերցեց։

«Արսեն Ղազարյանը չի կատարել իր անմիջական պետից՝ զորամասի հրամանատարից օրինական սահմանված կարգով տրված հրամանը՝ չլքել մարտական գործողությունների վայրն ու կազմակերպել շրջանաձև պաշտպանություն»,-գրված է մեղադրանքի որոշման մեջ, որի մեկ այլ հատվածում, ըստ Հովհաննիսյանի, Ղազարյանին վերագրվում է վերը նշվածին տրամաբանորեն հակասող արարք։ Իսկ այս հատվածում արդեն նշվում է, որ Ղազարյանը չի կազմակերպել իր ենթակա անձնակազմի նահանջը, որի հետևանքով նրանք գերեվարվել են։

Պաշտպանը հարց է առաջադրում՝ Ղազարյանը պետք է շրջանաձև պաշտպանություն իրականացներ, թե՞ կազմակերպեր նահանջը։

Անդրադառնալով բջջային կապի բացակայության խնդրին՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչպե՞ս է ստացվել, որ դեկտեմբերի 13-ին ադրբեջանցիների հարձակման ժամանակ բջջային կապի օպերատորները Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի տարածքում չեն գործել։ Ըստ Հովհաննիսյանի՝ ադրբեջանցիները հարձակում են գործել «Յաշմա» էլիտար խմբով՝ շուրջ 300-ից 500 անձով, և Արսեն Ղազարյանն իր ստորաբաժանման հետ մինչև վերջին փամփուշտը պաշտպանություն իրականացնելուց հետո է նահանջել ավելի նպաստավոր դիրք։

Ըստ Հովհաննիսյանի՝ նահանջի դիմելով՝ Ղազարյանը գործել է իրավաչափ, քանի որ դիմել է զինվորական կանոնագրքերով նախատեսված «խելացի նախաձեռնության»։ Դա ենթադրում է, որ եթե անձը ստացել է այնպիսի հրաման, որը կոնկրետ մարտական իրավիճակում այլևս հնարավոր չէ կատարել, պետք է դիմել խելացի նախաձեռնության՝ անձնակազմի կյանքը, անվտանգությունն ու առողջությունը պահպանելու նպատակով։

Ինչպես արդեն նշեցինք, վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվի Արսեն Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Ղազարյանի նկատմամբ գործի քննության սկզբնական փուլում խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը, սակայն հետագայում վարույթն իրականացնող մարմինը որոշել է նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Առաջին ատյանի դատարանը չի բավարարել կալանավորման միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ խափանման միջոցի պայմանը Ղազարյանը չի խախտել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, և վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Այս որոշման դեմ բողոք են տարել Ղազարյանի պաշտպանները, և Վճռաբեկ դատարանը, որը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, սովորաբար եռամսյա ժամկետում է որոշում կայացնում, մի քանի օրվա ընթացքում մերժել է իրենց բողոքը։ Դրա արդյունքում է, որ վաղը նորից պետք է քննության առարկա դառնա Ղազարյանի կալանավորման հարցը։

Գործի քննությունը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Հովհաննիսյանն ասում է, որ եթե դատարանը կամք չդրսևորի, Ղազարյանը կկալանավորվի։

Ղազարյանի մյուս պաշտպան Սյուզաննա Խչեյանը դիրքորոշում հայտնեց, որ քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի, որ ամեն ինչ արվել է, որպեսզի գերիների հարազատների դժգոհությունը Կառավարության շենքի դիմացից տեղափոխվի Ղազարյանի տան բակ՝ փոխաբերական իմաստով։

«Իշխանություններն իրենց ուղղված մեղադրանքի սլաքը որոշեցին ուղղել մեկ անձի՝ Արսեն Ղազարյանի վրա՝ նրան մեղադրանք առաջադրելով։ Վարույթն իրականացնող մարմինն այս գործողությունն իրականացրեց, որ լռեցնի տուժողներին, իբրև գտել են մեղավորին։ Կառավարության շենքի դիմացից ցույցերը տեղափոխվեցին Արսեն Ղազարյանի տան բակ»,- ասաց Սյուզաննա Խչեյանը։ Պաշտպանը նշեց, որ այն ժամանակ, երբ դատարանը քննելիս է եղել Արսեն Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը, տուժողների հարազատները գնացել են դատարանի բակ ու սկսել սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնել պաշտպանական կողմի հասցեին։ Խչեյանի կարծիքով՝ տուժողների հարազատները վարույթն իրականացնող մարմնից են տեղեկացել նիստի մասին ու գնացել դատարանի բակ, որպեսզի դատարանի վրա ճնշում գործադրվի։

Խչեյանը հիշում է, որ դատական նիստի ավարտից հետո, երբ տուժողների հարազատները տեսել են, որ Ղազարյանը չի կալանավորվել, է՛լ ավելի են բարկացել, ու Ղազարյանն ու պաշտպանները միայն ոստիկանների ուղեկցությամբ են կարողացել դատարանի տարածքից հեռանալ։

Պաշտպանը հիշեց, որ Հին Թաղերը և Խծաբերդը հանձնելուց հետո իշխանության ներկայացուցիչները, որոնց թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարությունների տեսքով պնդել են, որ անխուսափելի են եղել թե՛ դիրքերի հանձնումը, թե՛ 62 անձանց գերեվարումը։ Այժմ պաշտպանները միջնորդել են Փաշինյանին ու այլ պաշտոնատար անձանց գործով հարցաքննել՝ հաշվի առնելով, որ, փաստացի, հայտնել են հանգամանքներ, որոնց մասին գործում տեղեկություններ առկա չեն։

Խչեյանը տարակուսելի է համարում այն հանգամանքը, որ իրավապահները, որոնք հաճախ մեղադրական դատավճիռներ հիշեցնող հայտարարություններ են տարածում քրեական գործերի մասին, այս գործի մասին լռում են․ ըստ պաշտպանի՝ պատճառն այն է, որ եթե հասարակությունը տեղեկացվի գործի մասին, պարզ կդառանա, որ մեղադրանքը շինծու է։

Ովքեր են տեղի ունեցածի մեղավորներն՝ ըստ մեղադրյալի ու պաշտպանների

Լրագրողներից մեկը Արսեն Ղազարյանից հետաքրքվեց՝ ի վերջո, ովքե՞ր են մեղավոր Հին Թաղերի ու Խծաբերդի հանձնման, 62 անձանց գերի ընկնելու մեջ։ Արսեն Ղազարյանն անուններ չտվեց, բայց նշեց, որ մեղավորներ կան։

«Կան մեղավորներ, որոնք ստորագրել են հրամաններ՝ տվյալ ստորաբաժանումն այնտեղ բաշխելով․ պետք է կազմակերպեին։ Իսկ ես եղել եմ սպաներից ամենացածր օղակը, ով անձնակազմի հետ անմիջական այդ ճանապարհով անցել է»,- ասաց Ղազարյանը։

Պաշտպան Վահանն Հովհաննիսյանն էլ անուն չտվեց։ Միայն նշեց, որ Ղազարյանին հրաման չի տրվել, թե մարտական ինչ առաջադրանք պետք է կատարվի, նրա ստորաբաժանումը միայն հերթապահություն է իրականացրել՝ իմանալով, որ նրանց պետք է հետո փոխարինեն։ Հովհաննիսյանի խոսքով՝ գործում առկա են զինվորական ամենաբարձր օղաներում ներգրավված անձանց անուններ, որոնք պնդում են, թե Ղազարյանին տրվել է մարտական հերթապահություն իրականացնելու և շրջանաձև պաշտպանություն իրականացնելու հրաման, սակայն ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր հրաման գործում առկա չէ։

Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմում գերի ընկած 62 անձանց մի մասը վերադարձել է Հայաստան, ըստ որում՝ նրանք ադրբեջանական դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ Ղազարյանն իրենց թողել է մի լեռան վրա ու ասել, որ հետ կգա, երբ դրա կարիքը կլինի։ Զինվորականների մի մասն էլ, փաստորեն, եղել է Ղազարյանի հետ։

Վահան Հովհաննիսյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց, որ վերադարձած անձանց ու Ղազարյանի հետ գտնվողների ցուցմունքներում էական հակասություններ կան։

«Նրանք, որոնք եղել են պարոն Ղազարյանի հետ, նրան հերոսացնում են, քանի որ նրանք են տեսել, թե այս անձն ինչեր է արել։ Իրականում զենքի ավարտվելու պայմաններում անգամ Արսեն Ղազարյանը նրանց հրաման է տվել, որ նահանջեն, ինքը միայնակ մնա դիրքում, թշնամուն դիմագրավի, մինչև հասցնեն նահանջել, բայց նրան ուժով տարել են»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ պաշտպանները, գործում առկա հանգամանքները ներկայացնելով, պարբերաբար փորձում էին արտահայտել նաև իրենց կարեկցանքը տուժողների ու նրանց հարազատների նկատմամբ։ Վերջում նաև Ղազարյանը խոսեց։

«Ցավում եմ, իհարկե, ինձ համար մեծ ցավ է, ինձ համար մարտադաշտում ունեցած ընկերոջ կորուստը, վիրավորումը, գերեվարումը մեծ ցավ է։ Ես ամեն ինչ փորձել եմ անել, որ անձնակազմը վատ իրավիճակում չհայտնվի կամ հայտնվելու դեպքում փորձել եմ նախապատրաստել, որ ամեն ինչին պատրաստ լինեն։ Իսկ գերեվարման հանգամանքները, գերեվարման տեղը, հակառակորդին զենք հանձնելու հանգամանքներն ինձ համար էլ են անհայտ, ես էլ կուզենայի իմանալ՝ ինչպես ստացվեց։ Համբերություն բոլորիս»,- ասաց Արսեն Ղազարյանը:

Լուսանկարում՝ (ձախից) Արսեն Ղազարյանը, Վահան Հովհաննիսյանը, Սյուզաննա Խչեյանը

Տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter