HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը հյուրընկալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 29-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և փոխնախարար Ռուբեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են պետական նախարարի աշխատակզմից։

Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի վերականգնմանն ու սոցիալական ոլորտում լայնածավալ համագործակցությանն առնչվող օրակարգային ու հեռանկարային մի շարք հարցեր:

«Ի հեճուկս տարբեր դժվարությունների և մարտահրավերների՝ մեր համագործակցությունը լայն թափով շարունակվում է: Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու Ձեր գլխավորած գերատեսչությանը հետպատերազմյան շրջանում Արցախին ցուցաբերվող մեծածավալ սոցիալական ու հարակից աջակցության համար: Տեղյակ եմ, որ իրագործել եք շուրջ 15 ծրագիր՝ նյութական և ոչ նյութական աջակցության տեսքով, որոնք օգնել են ԱՀ բնակչությանն ու կառավարությանը խուսափել խոշոր ճգնաժամից և այս ժամանակահատվածը օգտագործել տնտեսության, կառավարման համակարգի վերականգնման համար, որպեսզի  կարողանանք առաջիկայում սոցիալական աջակցության ծրագրերը սահուն փոխարինել զարգացման ծրագրերով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն, անդրադառնալով հետպատերազմյան շրջանում իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ դրանք նպատակ ունեին շրջանցելու և հաղթահարելու սոցիալական հնարավոր ճգնաժամը: 

«ՀՀ Կառավարությունը, սերտ գործակցելով ԱՀ կառավարության հետ և ճիշտ ընտրելով թիրախային ուղղությունները, կարողացավ ծավալուն աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: Եվ մեզ համար շատ կարևոր է այդ նույն տրամաբանության շարունակել համագործակցային աշխատանքը՝ սահմանելով նաև սկզբունքները: Այդ սկզբունքներից է, ինչպես նշեցիք Ձեր խոսքում, սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարելը զարգացման ծրագրերի»,- ասել է Նարեկ Մկրտչյանը: 

Այցի նպատակներից էր նաև Արցախում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը խթանելը: Նույն օրը պետական նախարարն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկա են գտնվել սոցիալական ձեռնարկատիրական շաբաթի շրջանակներում անցկացվող դասընթացներին

Արտակ Բեգլարյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խթանումը, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության մշակույթի ներդնումն Արցախում: Որպես այդ նպատակի առաջին քայլ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Արցախի պետական համալսարանում սոցիալական ձեռնարկատիրության կենտրոն հիմնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter