HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռումինիայի Հայոց Միության նախագահն ու պատգամավորը բաց նամակով դիմել են ԱԺ պատգամավորներին

Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը բաց նամակով դիմել են Ազգային ժողովի պատգամավորներին։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ պատգամավորներ,

Ձեզ գրում ենք ինչպես մեր անձնական անունից, այնպես էլ որպես Ռումինիայի Հայոց Միության նախագահ և պատգամավոր։ ՌՀՄ-ն երեսուն տարի շարունակ ներկա է Ռումինիայի խորհրդարանում: Մենք ներկայացնում ենք ավելի քան հազար տարվա հարուստ ավանդույթ ունեցող մի համայնք, որը հեղինակություն է վայելում այն ​​ազգի կողմից, որի հետ ապրում ենք կողք կողքի: Ռումինիայում հայ լինելը մեծ պատիվ է:

Ռումինիայի Հայոց Միությունը մշտապես աջակցել է Մայր հայրենիքի մեր հայրենակիցներին: Միևնույն ժամանակ, մենք՝ Ռումինիայի հայերս, որոշեցինք երբեք չմիջամտել ներհայաստանյան վեճերին և իշխանության յուրաքանչյուր փոփոխության դեպքում հարգել ՀՀ քաղաքացիների՝ քվեարկությամբ արտահայտված կամքը:

Տարակուսանքով դիտեցինք 2021 թվականի օգոստոսի 25-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում տեղի ունեցածի տեսագրությունները, որոնք, դժբախտաբար, պտտվեցին աշխարհով մեկ: Բացի այդ, մտահոգված ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մենք ականատես ենք լինում հայ ժողովրդի ընտրյալների միջև այդպիսի բռնի տեսարանների: Ոչինչ չի կարող արդարացնել այդպիսի պահվածքը, և մենք դա ասում ենք ոչ սոսկ այն պատճառով, որ երեք տասնամյակի խորհրդարանական փորձ ունենք:

Մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել և ապրում՝ Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, պետք է իմանա, որ այն, ինչ անում է, նպատակաուղղված է լինելու հայ ժողովրդի համար ավելի լուսավոր ապագա ունենալուն և մեր՝ որպես հայի, հեղինակությունը բարձրացնելուն՝ հիմնված մեր ազգային ավանդույթների և առանձնահատկությունների վրա: Այս ոգով չարտահայտված խմբակային, կուսակցական շահերը ոչ մի օգուտ չունեն, եթե չեն ծառայում այս նպատակներին: Այդ կերպ արտահայտված վեճը չունի հաղթողներ և պարտվողներ, այլ՝ միայն պարտվողներ:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հարգելի պատգամավորներ,

Խնդրում ենք այս բաց նամակն ընդունել որպես ձեր հայրենակիցների կոչ, որոնց համար Հայաստանը կա և կմնա Մայր հայրենիք: Ինչպես որ ձեզ է անհրաժեշտ Սփյուռք՝ հեղինակավոր ներկայացուցիչներով, որոնք հայ ժողովրդին հպարտություն կպարգևեն, վստահ եղեք, որ մենք Մայր Հայրենիքում նույնպես կարիք ունենք իրենց պաշտոնի արժանապատվությունը գիտակցող ներկայացուցիչների, որոնցով կհպարտանանք և որոնց կաջակցենք իրենց նախաձեռնություններում: Ավելին, այս դրամատիկ ժամանակահատվածում, երբ մեր նախնյաց հողն արյունալի ագրեսիայի զոհ դարձավ, մեզ անհրաժեշտ են ժողովրդավարական ազգերի համակրանքն ու համերաշխությունը, որոնք հնարավոր է ձեռք բերել միայն համապատասխան վարքագծով:

Ամփոփելով մեր կոչը և հույս ունենալով, որ այն արձագանք կգտնի՝ թույլ տվեք Ռումինիայի հայ համայնքի անունից հաջողություն մաղթել ձեզ ՀՀ քաղաքացիների կողմից վստահված մանդատի շրջանակում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter