
Հայաստանը 15 000 անձի համար ձեռք է բերել «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է` երկրորդ դեղաչափը ստացողների համար։
Ինչպես նշում է նախարարությունը, հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը:
Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15 000 անձի համար: Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:
«Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու»,- տեղեկացնում են նախարարությունից։
Մեկնաբանել