
ԱՄՆ-ն ավարտեց զորքերի դուրսբերումը Աֆղանստանից
Ամերիկյան բանակն ավարտել է իր անձնակազմի դուրսբերումը Աֆղանստանից։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզիին։
«Այսօրվա հեռանալը նշանակում է ինչպես տարհանման զինվորական բաղադրիչի, այնպես էլ 20-ամյա առաքելության ավարտ, որը Աֆղանստանում սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո»,- նշել է Մաքքենզին։
Նա հայտարարել է, որ ամերիկյան վերջին ռազմատրանսպորտային ինքնաթիռը լքել է Քաբուլի օդանավակայանը։ Ռազմական տարհանումն ավարտվել է, բայց ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող աֆղանների համար, որոնք ցանկանում են մեկնել, դիվանագիտական աջակցությունը շարունակվում է։
Աֆղանստանում ամերիկյան ռազմական առաքելությունը շարունակվում էր 19 տարի և գրեթե 11 ամիս։ Ամերիկյան զորքերն այդ երկիր էին եկել «Ալ Քաիդա»-ի դեմ պայքարի համար, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կազմակերպել էր Նյու Յորքի և Վաշինգտոնի ահաբեկչությունները։
Սա ԱՄՆ պատմության ամենաերկար պատերազմն էր, որի ընթացքում զոհվել է ավելի քան 2400 ամերիկացի զինծառայող։ Մոտ 20 հազարն էլ վիրավորվել է։ ԱՄՆ-ի համար առաքելության ընդհանուր արժեքը գնահատվում է մեկից մինչև ավելի քան երկու տրիլիոն դոլար։
ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին հայտարարել էր 2020 թվականին։ Մինչ գործընթացի ավարտն այդ երկրում իշխանության էր վերադարձել «Թալիբան» արմատական շարժումը, որը 1990-ականներից, մինչև ամերիկացիների գալը, կառավարում էր Աֆղանստանի մեծ մասը։
Համաձայն թալիբների հետ ամերիկյան համաձայնագրի՝ ԱՄՆ-ն պետք է ավարտեր իր զորքերի դուրսբերումը մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը։
Լուսանկարը՝ US Marines via Zuma Press / DPA
Մեկնաբանել