HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կհիմնվի 1,000 սոցիալական բիզնես

Արցախցիներին սեփական կայուն եկամտով ապահովելու, վերջիններիս շրջանում ձեռներեցությամբ զբաղվելը խթանելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով Արցախում կհիմնվի 1,000 սոցիալական բիզնես։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ 1,000 բիզնեսի հիմնման գործում ներդրում կունենա Հայաստանից և Սփյուռքից 1,000 հայ ընտանիք։ «Նախաձեռնությունն արդեն իսկ գործնական փուլում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսված թվից 100 բիզնեսի հիմնում (ջերմոցային տնտեսություն) կիրականացվի վերջիններիս աջակցությամբ։

Նախաձեռնությունը ողջունվել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի կողմից, ըստ այդմ՝ ՀԲԸՄ-ն ևս իր ներդրումը կունենա նախաձեռնության կայացման գործում։

Արցախցիների շրջանում սոցիալական բիզնես հիմնելու գաղափարին կաջակցեն մի շարք այլ կազմակերպություններ և անհատներ ևս, որոնց հետ համագործակցելու ուղղությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են իրականացվում։

«1,000 սոցիալական բիզնես՝ 1,000 հայ ընտանիքի կողմից» նախաձեռնության շրջանակում օգոստոսի 28-ից Արցախում մեկնարկել է սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»- ի հետ համատեղ։

Արցախ կատարած այցի շրջանակում՝ օգոստոսի 29-ին նախարար Նարեկ Մկրտչյանն, Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել դասընթացի մասնակիցների հետ։ Իր ելույթում նախարարն ընդգծել է ծրագրի անցկացման կարևորությունը՝ նշելով, որ սա  հնարավորություն կտա արցախցիներին ձեռք բերել սոցիալական բիզնես հմտություններ, իսկ լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն։

Վերջինիս խոսքով՝ այս գործընթացում էական է Արցախի պետական համալսարանում սոցիալական բիզնես հանգույցի հիմնումը

«Կենտրոնը կլինի մի հարթակ, որտեղ կրթական տարբեր նախաձեռնությունների ու գործընթացների միջոցով կհիմնվեն սոցիալական բիզնեսներ: Մեր նպատակն է այդ հարթակի միջոցով Արցախում ստեղծել շուրջ 1,000 սոցիալական բիզնես: Նախարարությունը հանձն է առել սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերի և ստեղծել կայուն զարգացման միջավայր, և այս ծրագիրը մեր տեսլականի առաջին քայլերից է»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:

Հանդիպման շրջանակում նախարարը Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է բիզնես կենտրոնի հիմնման մանրամասները, քննարկել համագործակցության տարբերակները»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter