
Դժգոհ են բռնության ենթարկված կանանց գործով նախաքննությունից
ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքի կողմից 10.11.2010 թվականին հարուցվել է թիվ 26117910 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է` առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Քրեական գործի հարուցման առիթ են հանդիսացել Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանի և Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Գևորգյանի` հանցագործության մասին ներկայացված գրավոր հաղորդումներն այն մասին, որ Հայկանուշ Միքայելյանը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը պարբերաբար 2005 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2010 թվականի հոկտեմբեր ամիսը ժամանակ առ ժամանակ նաև իր որդի Դավիթ Զիրոյանի հետ միասին առանձին դաժանությամբ դիտավորությամբ ծեծի է ենթարկել, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառել իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց` Մելինե Բայաթյանին և Մարիամ Գևորգյանին:
Քննիչի 28.12.2010 թվականի որոշմամբ Հայկանուշ Սուրիկի Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
Քննիչի մեկ այլ` 20.08.2011 թվականի որոշմամբ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Դավիթ Զիրոյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ և 118-րդ հոդվածով /ծեծ/, սակայն 18.09.2011 թվականին համաներման հիմքով Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Ներկայումս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:
Համաձայն կազմված մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /առանձին դաժանությամբ խոշտանգում/ և 113 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/
Գտնում ենք, որ քրեական գործով նախաքննությունն իրականացվել է ոչ օբյեկտիվ և բազմակողմանի, վարույթն իրականացնող մարմնի կողմից խախտվել են տուժողի` Մարիամ Գևորգյանի ներպետական և միջազգային մի շարք իրավական ակտերով երաշխավորված իրավունքները: Այսպես.
- Մարիամ Գևորգյանին` որպես տուժողի, չի տրամադրվել բավարար ժամանակ` քրեական գործով նախաքննության ավարտից հետո գործի նյութերին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար,
- նրան չի տրամադրվել մեղադրական եզրակացության պատճեն,
- նշանակված դատաբժշկական փորձաքննությունների ընթացքում ամբողջությամբ, լիարժեք չեն արձանագրվել նրա մարմնի տարբեր մասերին պատճառված և մինչ օրս առկա տարաբնույթ մարմնական վնասվածքները,
- հատկանշական է այն, որ Մ.Գևորգյանի նկատմամբ դեմքի անջնջելի այլանդակման մասով համալիր դատաբժշկական և դատագեղագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը քննիչի կողմից անհասկանալիորեն նշանակվել է միայն 24.01.2012 թվականին` քրեական գործի հարուցումից շուրջ 14 ամիս անց, այն պարագայում, երբ նման փորձաքննության ժամանակին անցկացնելու պայմաններում հնարավոր է, որ մեղադրյալ Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվեր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/:
Պահանջում ենք ցուցաբերել հետևողական մոտեցում այս գործով, ընդհուպ մինչև Մարիամ Գևորգյանի նկատմամբ հանցագործություն կատարած մյուս անձանց Դ. Զիրոյանին և Լյուդվիկ Զիրոյանին քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելը:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել