HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական նոր աղետի վտանգ Հրազդանում

Կոտայքի մարզին սպառնում է բնապահպանական նոր աղետ` Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործումը, որը գտնվում է Հրազդան երկաթուղային կայարանից 32 կմ հյուսիս-արևմուտք: Հանքավայրը հայտնաբերվել է 1931-32 թթ.-ին իրականացված որոնողա-հետախուզական աշխատանքների ժամանակ, մանրազննին հետախուզումը կատարվել է 1949-1953 և 1957-1959 թթ.-ին: Հանքավայրը բաղկացած է 3  տեղամասերից` Թակյառլու, Ուլյաշիկի և Տեժգետի, որոնք իրենցից ներկայացնում են հարստացված նեֆելինային սիենիտների գոտիներ: Տարածքի հիմնական ջրային զարկերակներն են Մարմարիկ և Աղստև գետերը: Հանքավայրը մոտ է գտնվում Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր, Փյունիկ և Ծաղկաձոր բնակավայրերն:

Հանքի շահագործման նախագիծ է ներկայացրել «Ալումինա Քորփորեյշն» ՍՊԸ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասում նկարագրված է, որ Տարածքի ամենախոշոր ջրագրական միավոր Մարմարիկ գետի հոսքն իր ձևավորման գոտում, գետի վերին հոսանքներում մարդածին տնտեսական գործունեության ազդեցության արդյունքում առ այսօր գործնականում չի խախտվել և հոսքը կարելի է համարել բնական: Օրգանական աղտոտիչների մակարդակը ցածր է: Բայց և շեշտադրել են, որ գետն ունի ինքնամաքրման բարձր պոտենցիալ:

ՇՄԱԳ փաստաթղթում անդրադառնալով տարածքի հողերին նշել են,  որ անմիջապես հանքավայրի տարածքի հողածածկը աղքատ կազմ ունի և չի պարունակում էական քանակով հումուս:

Տարածաշրջանում կան բարձրորակ հանքային  (Հանքավան)  և քաղցրահամ ջրերի աղբյուրներ: Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրը հարակից է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Հանքավանի ջրաբանական,  Արզականի և Մեղրաձորի,  Մարգահովիտի պետական արգելավայրերին, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկին: 

Նախագծի հեղինակները չեն հերքում նաև, որ տարածքի հիասքանչ բնական պատկերները և հանքային ջրերի առկայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման համար: Միևնույն ժամանակ առաջարկում են հանքի շահագործման մի քանի տարբերակներ, որոնք, բնականաբար, նախատեսում են վերոնշյալ բնական միջավայրի էական խաթարում:

Նախագծով նախատեսվում է նաև  հարստատցուցիչ ֆաբրիկայի կառուցում, քանի որ  հանքաքարի տեղափոխմամբ արտադրության կազմակերպումը նախագծի հեղինակները տնտեսապես շահավետ չեն համարում:

Հրազդանի Օրհուս կենտրոնը «Առողջ Հրազդան» նախաձեռնող խմբի հետ համատեղ առաջիկայում նախատեսում է հասարակության շրջանում այս նախագծի վերաբերյալ տեղեկատվության տարածում և լուսաբանում: Խմբի անդամների կարծիքով սա իսկական նոր աղետ է առանց այն էլ արդյունաբերական ձեռնարկություններով ծանրաբեռնված Հրազդանի համար: Հատկապես, որ տարածաշրջանն ընդգրկում է տուրիզմի այնպիսի գոտիներ, ինչպիսիք են Հանքավանն ու Ծաղկաձորը, որոնց տարբեր կողմերից սպառնում են Հրազդանի երկաթի, Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրերի հնարավոր շահագործումը, Կաքավաձոր համայնքին հարող տարածքում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի և նախատեսվող պոչամբարի կառուցումը:

Նախագիծն ուսումնասիրման և առաջարկությունների ներկայացման նպատակով այժմ տեղադրված է բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, ՇՄԱԳ նախագիծը կարող եք գտնել նաև Օրհուս կենտրոնների կայքում, առաջիկայում նախատեսվում են հասարակական լսումներ:

Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցը շահագրգիռ հանրությանը կոչ է անում, օգտվելով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծերի քննարկմանն ու որոշումների կայացմանը մասնակցելու իրենց իրավունքից, հենց այս փուլից ակտիվորեն մասնակցել և ազդել Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ վերջնական որոշման կայացման վրա:

Մարի Չաքրյան

Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցի տեղեկատվության պատասխանատու


Մեկնաբանություններ (1)

Լևոն Գալստյան
Ս/թ մայիսի 3-ին ժամը 12.00-ին «Ալյումինա Փրոդաքշն» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզպետարանի շենքում /ք. Հրազդան/ կազմակերպում է Թեժասարի նեֆելիտային սիենիտների հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Նախագծային փաստաթղթերին ծանոթանալու համար դիմել` «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ/ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-93-44-93/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter